«Շեշտակի շարժվելով քաղաքով՝ Յազիջանի ականահատ տանկը ճանապարհ էր հարթում այլ մեքենաների համար. ճանապարհին պայթեցրեց տասնյակից ավելի ականներ, ոչնչացրեց թշնամու կողմից փողոցներից մեկում կառուցված բարիկադներն ու ցցապատնեշները, 2 զենիթային թնդանոթ, գնդացրային անձնակազմ եւ ավելի քան 20 հիտլերականների։ Հաջորդ օրը՝ 1945 թ. մարտի 8-ին, ներխուժելով քաղաքի խորքերը, գործարանների տարածք եւ Շտոլպնագել զորանոց, Յազիջանի ականահատը հայտնվեց մենակության մեջ, մնացած բոլոր մեքենաները կալանավորվել էին փողոցային մարտերում: Հակառակորդի ողջ կրակն անմիջապես ընկավ Յազիջանի մեքենայի վրա։ Նախ վնասվել է ականահատը, եւ անձնակազմը տեղից շարունակել է պայքարը։ Այնուհետեւ խոցվել է եւ տանկը, դրա հետ մեկտեղ՝ հրամանատար Յազիջանը ծանր վիրավորվել է։ Չնայած դրան, նա կարողացել է կազմակերպել անձնակազմի ելքը, եւ տանկիստները, մարտեր մղելով, ոտքով հասել են յուրայիններին։ Այնտեղ տանկի հրամանատարին տարհանել են նախ բժշկական գումարտակ, իսկ հետո՝ հոսպիտալ։ Կուստրին քաղաքի համար մղվող մարտում ցուցաբերած հերոսության համար կրտսեր լեյտենանտ Յազիջանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում»։
Վալերի Վորոբյով
Խորհրդային Միության հերոս Դավիթ Յազիջյանի ազգանունը նրա կենսագիր Վորոբյովն օգտագործել է Յազիջան ձեւով. թարգմանելիս հավատարիմ ենք մնացել բնագրին. հավանաբար, «յ» տառի հնչողությունը բանավոր խոսքում այնքան պարզ չի հնչել, եւ Դավիթին այդպես են անվանել։ Այստեղ ազգանվան հետ «խաղի» միտում չկա, քանի որ Վորոբյովը հատուկ շեշտում է Դավիթի հայ լինելը։ Կուստրինում վիրավորվելուց հետո Դավիթն այլեւս չի կարողացել վերադառնալ մարտի, քանզի վերքը բավական լուրջ է եղել, եւ ապաքինվել է միայն հաղթանակից հետո, իսկ զորացրվել է 1946-ին՝ միակը հինգ եղբայրներից, որը պատերազմից տուն է վերադարձել։ Առաջինը զոհվել է Կարապետը, որ Բելոռուսիայում ծառայում էր որպես սահմանապահ, 1942-ին՝ Միրոնը՝ Հարավային ռազմաճակատի հրաձգային դիվիզիայի հրամանատար, հետո Գրիգորը՝ Խարկովի մատույցներում. երկու տարի անց ստացել են կրտսերի՝ Սեդրակի «սեւ թուղթը»՝ խիզախաբար զոհված Սիմֆերոպոլի մատույցներում։ Դեռ 1941-ի աշնանը, երբ Յազիջյանը Արեւմտյան ճակատում յուրացնում էր տանկի հրամանատարի մասնագիտությունը, որ այնքան անհրաժեշտ էր ժամանակի համար, տեղեկացավ հոր՝ Միսակ Կարապետի Յազիջյանի մահվան եւ չորս եղբայրների՝ ռազմաճակատ մեկնելու մասին։ Ծանր սրտով, բայց եւ վճռականորեն տրամադրված՝ 1942 թ. սեպտեմբերին նա մեկնեց գործող բանակ։
Դավիթ Յազիջյանի մարտական ոդիսականը, սակայն, առավել շուտ էր մեկնարկել, քան կսկսվեր Հայրենականը։ Դավիթը ծնվել է 1915 թ. մայիսի 15-ին՝ Սոչիի Լազարեւսկի շրջանի Լոո ավանում (Կրասնոդարի մարզ), գյուղացու ընտանիքում։ Յոթնամյակն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կրասնոդարի մարզի Հյուսիսային մեքենա-տրակտորային կայանում՝ որպես կոմբայնավար։ 1937-40 թթ. զորակոչվում է Կարմիր բանակ, ծառայում Լենինգրադի զինվորական օկրուգում՝ որպես 11-րդ հրաձգային դիվիզիայի 357-րդ առանձին գումարտակի Տ-38 տանկի մեքենավար-վարորդ։ 1939-40 թթ. մասնակցում է սովետա-ֆիննական պատերազմին, մարտնչում Լադոգա լճի կղզիների համար՝ Սորտավալի ուղղությամբ։ 1939-1940 թթ. ձմռանը մասնակցում է Արեւմտյան Ուկրաինայի եւ Արեւմտյան Բելոռուսիայի ազատագրմանը, իսկ Հայրենականի սկսվելուց՝ 1941 թ. հուլիսին, կրկին զորակոչվում բանակ, 1942-ին էլ ավարտում կրտսեր լեյտենանտի կուրսերը, սեպտեմբերին մեկնում գործող ճակատ՝ որպես տանկի, դասակի, ապա վաշտի հրամանատար, եղել է Տ-70, Տ-34 տանկերի հրամանատար եւ ականահատ՝ Բրյանսկի, Վորոնեժի, կենտրոնական, 1-ին ուկրաինական, 1-ին բելոռուսական ճակատներում, երկու անգամ վիրավորվել մարտերում։ Աչքի է ընկել առանձնակի խիզախությամբ ու հնարամտությամբ, հատկապես 1944 թ. գարնանը՝ Նարեւի գետանցման, թշնամու թիկունքում տանկային դեսանտ հանելու եւ նույն թվականի ձմռանն ականադաշտեր վնասազերծելու ժամանակ։ Դավիթ Յազիջյանը մարտական առաջադրանքների գերազանց իրագործման համար պարգեւատրվել է Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալով, Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով։ Վիրավորվելուց ու զորացրվելուց հետո վերադարձել է ծննդավայր, երկար տարիներ աշխատել որպես բանկի ինկասատոր եւ, ինչպես վկայում է նրա կենսագիր Վորոբյովը, ոչ մի հարձակման չի ենթարկվել իր՝ չափազանց պատասխանատու ու վտանգավոր աշխատանքի ժամանակ, քանի որ բավական հարգված էր եւ համեստությամբ ու պարզությամբ չէր տարբերվում միջավայրից, չէր օգտվում որեւէ արտոնությունից՝ միեւնույն ժամանակ երբեք չմոռանալով պատերազմի դաժան օրերը, որոնց մասին հուշերով հաճախ կիսվում էր Կատկովո Շչելի դպրոցում։
Յազիջյանը վախճանվել է 1988 թ. հուլիսի 23-ին, 73 տարեկանում։ 2008 թ. հերոսի անունով է կոչվել Սոչի քաղաքի մերձակա՝ Կատկովա Շչել ավանի թիվ 83 դպրոցը, բացվել նրա անվան մարտական փառքի թանգարան, բակում կանգնեցվել կիսանդրին։