Պատերազմներն սկսում են մոլագար ուժերն ու իշխանությունները, ողբերգությունը բաժին է ընկնում ժողովուրդներին, հատկապես նրանց, ովքեր զբաղված են արարչական, խաղաղ աշխատանքով… Հենց նրանց գլխին է ջարդվում պատերազմի ողջ ահավորությունը, անգամ՝ դաժան պատիժները երկուստեք՝ թե՛ թշնամու, թե՛ յուրայինների ճամբարից…
Երբ սկսվում է պատերազմը, բոլորն են զենք վերցնում, դառնում հայրենիքի զինվոր՝ անկախ զբաղմունքից, համոզմունքներից, պատերազմի հանդեպ վերաբերմունքից՝ գիտակցելով, որ գնում են կյանքի ու մահվան հետ ճակատագրական պայքարի… Այդպես էլ Մեծ հայրենականի տարիներին իրենց մասնագիտությունից բաժանվեցին ու զենք վերցրին շատ-շատերը, որոնց թվում՝ ճարտարապետներ Արծրունի Գալիկյանը, նրա ուսուցիչներ Գեւորգ Քոչարը, Միքայել Մազմանյանը… Իհարկե, նրանք եզակիները չէին, սակայն նրանց հետագայում միավորեց նաեւ ԽՍՀՄ ճարտարապետների հետ բռնադատվածի ճակատագիրը…
«Պատերազմական ժամանակների օրենքներով» թշնամու ճամբար գերի ընկածներին առանց դատուդատաստանի կա՛մ տեղում գնդակահարում էին, կա՛մ երկարաժամկետ աքսորում։ «Թշնամուն» հայտնաբերում էին «Смерш» (հապավում՝ «Смерть шпионам!»-«Մա՛հ լրտեսներին» արտահայտությունից) կոչված հակահետախուզական՝ միմյանցից անկախ կազմակերպությունները։ Հետաքննության ժամանակ չկար, բացի այդ, Սմերշն օժտված չէր դատական գործառույթներով. կասկածելիներին միանգամից աքսորում կամ մահվան էին դատապարտում տեղնուտեղը, առանց ձեւականությունների ու գրանցման, այնպես որ «հայրենիքի դավաճանների» ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Սմերշի շարքերում պակաս չէին բախտախնդիրները, ում վստահված էր մարդկային ճակատագրերը տնօրինելու արտոնությունը, որից նրանք օգտվում էին վայրենի հաճույքով, եւ որքան շատ լիներ «հայրենիքի դավաճանների» որսը, այնքան բարձրանում էին նրանց պաշտոններն ու դիրքը, եւ կարեւոր չէ, որ հենց նրանցից շատերն էին իրենց գործողություններով կասկածի ենթարկում պետության բարոյական նորմերը, մարդկային արժեքների հանդեպ պետական անտարբերությունը՝ հանիրավի ատելություն սերմանելով պետության, անգամ՝ հայրենիքի նկատմամբ։ Եվ որքան էլ զարմանալի թվա, ոչ այնքան անարդարության զոհերն էին համակվում վրիժառու ատելությամբ, այլ նման վերաբերմունքից ենթադրվող ատելությունը գործիք էր դառնում զանազան թափթփուկների համար, ովքեր գազանաբարո կռիվ էին տալիս ամեն մարդկայինի դեմ՝ թալանելով ու կողոպտելով ձեռքն ընկած յուրաքանչյուրին, այդ թվում եւ պետական արժեքները, ծախվում ու մատնություն անում, իրապես ծառայում թշնամու շահերին՝ բարդացնելով թշնամու դեմ կռվող զինվորի ու պետության խնդիրը։ Ավազակախմբերը դժվար էին բռնվում. կենսագրություն չունեին, փոխարենը բռնվում էին իրապես հայրենասեր, հանուն պետության ու հայրենիքի ծառայած նվիրյալները, ում կենսագրության մեջ հաջողվել էր «բիծ» գտնել։ Այդ է ապացուցում սիբիրյան աքսորի՝ ԽՍՀՄ բոլոր ճարտարապետների կենսագրությունը, ովքեր ոչ միայն աքսորում, այլեւ՝ իրենց հարազատ բնակավայրեր վերադառնալով, շարունակել են արարել, արժանացել պետական բարձր պարգեւների՝ ետեւում թողած գերության ու աքսորի երկարուձիգ տաժանակիր տարիները։
Հայի բախտն ի սկզբանե էր հետապնդում Արծրունի Գալիկյանին. բավական է հիշատակել, որ նա ծնվել է Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքում՝ 1912 թ.. սեպտեմբերի 8-ին լրանում է նրա ծննդյան 110 տարին։ Պարզ է, որ Հայոց մեծ եղեռնից հետո նրա ընտանիքը հազիվ թե կարողանար գոյատեւել Օսմանյան կայսրության հայատյաց ռեժիմում. շատ բախտակիցների նման Գալիկյանի ընտանիքն էլ արեւմուտքից գաղթում է արեւելք՝ Հայաստան։ Երեւանում Արծրունին ստանում է միջնակարգ կրթություն, ավարտում Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, 1937 թ. գերազանցությամբ ավարտում Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, 1940-ին ավարտում Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը, աշխատանքի անցնում Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, Հայարդնախագիծ ինստիտուտում, սակայն ոսոխի ձեռքից փրկությունն ու խաղաղ կյանքը երես չտվեցին նրան։ Սկսվեց Մեծ հայրենականը, շատերի նման նա էլ զորակոչվեց բանակ, 409-րդ հայկական դիվիզիայի կազմում մասնակցեց Արեւելյան ռազմաճակատի բարդ գործողություններին, բայց Գալիկյանին չհաջողվեց ավարտել պատերազմը եւ զգալ հաղթանակի բերկրանքը. 1942 թ. գերեվարվեց գերմանական բանակի կողմից։ Գալիկյանին ուղարկեցին Բրեսլավլ՝ աշխատելու բարաքների շինարարությունում։ Գերությունից ազատվելով՝ վերադարձավ հայրենիք, սակայն այստեղ էլ ձերբակալվեց Սմերշ հակահետախուզության 9-րդ գվարդիական բանակի կողմից՝ 1945 թ. հունիսի 15-ին, իսկ արդեն օգոստոսի 7-ին ռազմական տրիբունալը նրան դատապարտեց տասը տարվա ճամբարային կյանքի եւ 3 տարվա իրավունքների սահմանափակման։ Մինչեւ 1948 թ. կալանքն անցկացրեց Լվովի մարզի Դրոգոբիչ քաղաքում, 1948-54 թթ.՝ Նորիլսկի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, աշխատեց Նորիլսկի կոմբինատի նախագծային բաժնում, եղավ շինարարության պետ, այնուհետեւ՝ հեղինակ-ճարտարապետ։ Գալիկյանի նախագծերով են կառուցվել Նորիլսկի վարչակենցաղային կոմբինատը, կենտրոնական էլեկտրակայանը, բացի այդ, Արծրունին օգնել է այնտեղ աքսորված ուսուցիչներին՝ Միքայել Մազմանյանին ու Գեւորգ Քոչարին, աշխատել նրանց ճարտարապետական արվեստանոցներում, մասնակցել նրանց նախագծերի իրականացմանը։ Կալանքից ազատվել է 1954 թ. նոյեմբերի 11-ին, Նորիլսկի ներքին գործերի բաժնում գրանցվել որպես հատուկ վերաբնակիչ։ Աքսորից վերջնականապես ազատվել է 1955 թ. նոյեմբերի 5-ին։
Վերադառնալով հայրենիք՝ 1956 թ. կրկին աշխատանքի է անցնում Հայարդնախագիծ ինստիտուտում։ Շատ չանցած՝ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի հրավերով ստանձնում է Ս. Էջմիածնի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, դառնում Մայր Աթոռի ճարտարապետական հանձնաժողովի անդամ։ Նրա գծագրերով ու ղեկավարությամբ նորոգվել ու կառուցվել են մի շարք եկեղեցական կառույցներ, այդ թվում՝ Երեւանի Ս. Սարգիս եկեղեցին, 1975 թ. նա է նախագծել Քանաքեռի ուռուցքաբանության հիվանդանոցի համալիրը, նրա հեղինակությանն են պատկանում բազմաթիվ շենքեր ու շինություններ, ինչպես նաեւ՝ բնակելի։ Այդքան դաժան ճանապարհ անցած ու պետության կողմից հանիրավի պատժված անվանի ճարտարապետը երբեւէ չի խռովել հայրենիքից. անդամագրվել է ԽՍՀՄ ճարտարապետների միությանը, եւ, վերջապես, 2002 թ. հայրենիքը գնահատել է նրան ու արժանացրել Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալի։ Արծրունի Գալիկյանը վախճանվել է Երեւանում, 2004 թ. օգոստոսի 20-ին, 92 տարեկանում։