Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արցախի երկու շրջանում

Քաշաթաղ-5

Սեպտեմբերի 15, 2022
Մշակույթ
Արցախի երկու շրջանում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
540
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շրջանցելով Եզնագոմեր-Լեռնահովիտ գյուղը՝ իջնում ենք Հոչանց գետի ավազան՝ Սպիտակաջուր գյուղ։ Սպիտակաջուրը ծովի մակերեւույթից բարձր է 1700-1800 մ, Հոչանց գետի ավազանի հյուսիսային եւ ամենաբարձր գյուղն է՝ փռված գետի աջակողմյան որոշակի հարթ տարածք ունեցեղ ձորակում։ Գետի եւ գյուղի մեջտեղում՝ կիրճի ափին, պահպանվել է վաղ միջնադարյան ամրոցատեղի, որը ձգվում է կիրճի ափով մոտ 4-5 կմ։ Պահպանվել են ամրոցի պարիսպների հիմքերը, որոշ հատվածներում՝ 1-2 մ բարձրությամբ պատեր, ամբար-փոսորակներ։ Նույն կիրճում ժայռերին միջնադարում մեր նախնիները խաչեր են քանդակել։ Այս խաչերի տեղն ինձ ցույց էր տվել գյուղի պատանիներից Գեւորգ Խոջոյանը։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրության» հավելվածի՝ Տաթեւի վանքին հարկ է մուծել 2900 պտղաչափ։ Եղել է շեն ու մարդաշատ բնակավայր, ունեցել եկեղեցի։ Հայաթափումից հետո քրդերը թարգմանել են գյուղի անունը՝ կոչելով Աղբուլաղ։ Խորհրդային տարիներին հիմնահատակ քանդել են եկեղեցին, իսկ, ինչպես ընդունված է, հայկական գերեզմանոցի շիրմաքարերը կամ օգտագործել են որպես շինաքար, կամ կոտրատել։ Գտնված մոտ 10 շիրմաքար հետագայում հավաքված էին «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից գյուղում կառուցած պուրակում։ Սակայն տների բակերում, պատերի մեջ դեռ շատ պատմական քարեր կային։ Սպիտակաջուրն առավել ուշագրավ է նաեւ իր աղբյուրներով, որոնք բխում են գյուղի վերին հատվածից՝ ժայռերի մեջից եւ դառնում գետակ ու հոսում դեպի Հոչանց գետ՝ թռչելով ժայռից, ստեղծելով շատ գեղեցիկ ջրվեժ։ Նույն ջրվեժի հարեւանությամբ՝ Հոչանցի կիրճի աջ ափին է պատմական մեկ այլ գյուղ՝ Շրվականը՝ ծովի մակերեւույթից 1700-1750 մ բարձրության վրա։ Վերջին 3 գյուղերը՝ Լեռնահովիտ-Եզնագոմերը, Սպիտակաջուրը, Շրվականը, ինչպես նաեւ Ուղտաձորը, մտնում էին Լեռնահովիտ գյուղական համայնքի մեջ, ունեին 1 դպրոց՝ Լեռնահովիտում։ Այս դպրոցի շենքը հիմնանորոգվեց «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից, բայց…

Շրվականում նույնպես գյուղի տների բակերում պահպանվել են Հայոց մասին հիշատակող խաչքարեր ու տապանաքարեր։ Իսկ գյուղի հյուսիսային կողմում՝ ձորի անտառապատ լանջի բարձր ժայռի վրա խաչեր կան քանդակված։ Գյուղում գտնվող տապանաքարերի ու գետափնյա ժայռերին քանդակված խաչերի մասին նույնպես գյուղի պատանիներից էի իմացել, միասին ուսումնասիրել էինք։ Ցավ է՝ նույն պատանիներից Թունյան Սարոն, ով արցախյան վերջին պատերազմում հերոս նշանառուներից էր, նահատակվեց։  Վերջին տարիներին այս հատվածում փոքր ՀԷԿ-եր են կառուցվում, ինչի համար ճանապարհ է բացվել Սպիտակաջրից դեպի Հոչանց գետի հովիտ։ Նույն ճանապարհով իջնում ենք։ Գետի ձախակողմյան լանջերը հիմնականում ժայռակերտ են, որոնց վրա են այժմ Դրախտաձոր եւ Անի կոչվող գյուղերը։ Միջնադարում այս բնակավայրերի կապը Աղահեճք-Քաշաթաղի հետ եղել է գետի վրա կառուցված 3 կամուրջներով։ Դրանցից մեկը վերջին տարիներին կանգուն էր, ուներ 3.7 մ լայնություն, 12.5 մ երկարություն։ Ցավոք, մի քանի տարի առաջ կամրջի կամարը քանդվեց։ Այս տարածքում, գետափին, պահպանվել են միջնադարյան բնակատեղիներ։ Հոչանցի ձորում ամենահայտնի Հայոց պատմական հուշարձանը Կատոսի վանքն է՝ 9-րդ դար։ Ձորի պռնկին համանուն գյուղն է՝ Շրվականից մոտ 2 կմ հարավ։ Այստեղ 1567 թ. «Ավետարան» է գրվել։ Այս մասին տեղեկացնում է Ս. Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում՝ վկայակոչելով «Ցուցակ ձեռագրաց»-ը (հատոր Ա. 1965 թ. ձեռագիր՝ թիվ 4932)։

Ըստ հուշարձանագետի՝ Կատոսը նույն Գետուզ բնակավայրն է եւ անվանափոխվել է հետագայում՝ քրդերի կողմից։ Գյուղից ցած՝ Հոչանց գետի ափին, կանգուն է միջնադարյան Հայոց սրբատան ավերակը։ Այն եղել է միանավ բազիլիկ եկեղեցի։ Կառուցված է կոփածո քարով ու կրաշաղախով։ Եկեղեցին ունեցել է ավանդատներ, սակայն՝ դրսի կողմից։ Սրբավայրը, հնարավոր է, եղել է վանական համալիր, մենաստան՝ գետի ափին։ Այդ են վկայում եկեղեցու ավերակի հարեւանությամբ գտնվող ավերակները։ Մոտակայքում է եղել նաեւ գերեզմանատունը, որից խաչքարեր ու տապանաքարեր են պահպանվել արդեն խիտ անտառում։ Եկեղեցու պատերի հաստությունը 1 մ-ի չափ է։ Ունեցել է մոտ 17 մ երկարություն եւ 7 մ լայնություն։ Շինությունից պահպանվել են արեւելյան մասը՝ Սուրբ խորանի կեսը, հարավային ու հյուսիսային պատերը, մուտքը՝ հարավից։ Վերջին տարիներին տարածքում հայտնաբերվեցին նոր խաչքարեր։ 2020 թ. օգոստոսի կեսերին Բերձորի երիտասարդների մասնակցությամբ այստեղ ուխտագնացություն կազմակերպեցի։ Միասին տասնյակ խաչքարեր գտանք, մաքրեցինք։ Ցավ է՝ ամբողջը մնաց գերության մեջ, եւ անհայտ է դրանց ճակատագիրը։ Եկեղեցուց մոտ 800 մ հարավ՝ գետի 2 ափերին, պահպանվել են միջնադարյան բացառիկ կամրջի հենասյուն-խելերը։ Աջակողմյան խելից պահպանվել են 2 պատեր, մոտակայքում՝ շինությունների ավերակներ։ Ձախակողմյան խելը սրբատաշ քարից է՝ բացառիկ շինություն։ Ունի 7.5 մ լայնություն։ Կամրջի թռիչքը 12 մետրից ավելի է։ Հնարավոր է՝ կամուրջը կառուցվել է Կատոսավանքի հետ՝ Սյունյաց սրբատունը կապելով նաեւ Արցախ աշխարհի հետ։ Վերջին տարիներին տարածքում ճանապարհ է բացվել եւ խողովակաշար անցկացվել։ Այս պատճառով որոշակի վնասվել է կամրջի խելը։ Բացի այդ, նույն ափին՝ կամրջից մոտ 20-30 մ արեւելք, պահպանվել են միջնադարյան շինությունների, հավանական է՝ իջեւանատան ավերակներ։ Այս կամուրջն իրար է կապել մեր հայրենիքի Սյունիք եւ Արցախ աշխարհները։

Հոչանց գետի վրա մինչեւ վերջերս գործել է մի քանի ջրաղաց, որոնցից 3-ի ավերակները պահպանվել են։ Գետի աջակողմյան ափով ժամանակին անցել է պատմական ճանապարհ՝ Կատոսավանքից դեպի այլ բնակավայրեր։ Գետի նույն ափին գտնվող այժմ Դրախտաձոր կոչվող գյուղի տարածքում տարիներ առաջ՝ ձորի մեջ, նույն գյուղի բնակիչները գտել էին խաչքարերի բեկորներ։ Դրանց մասին ժամանակին անդրադարձել եմ առանձին լրատվությամբ։ Հոչանցի ձորի այս մասում է նաեւ միջնադարյան մի ամրոց՝ Քարաբերդը կամ Նորաբերդը։ Իհարկե, պայմանական անուններ են։ 2019 թ. Գագիկ Սարգսյանի եւ Բակուր Կարապետյանի հետ բարձրացանք ամրոց, կատարեցինք չափագրումներ, նկարահանումներ՝ նաեւ դրոնով։ Ըստ հնագետ Գ. Սարգսյանի՝ ամրոցը 11-14-րդ դարերում է գոյություն ունեցել, եղել է պարսպապատ դղյակ։ Հայտնի է եղել դեռեւս խորհրդային տարիներին եւ մտել  է Ղոչասու, այժմ՝ Դրախտաձոր գյուղի վարչական տարածքի մեջ։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ N. 39 44 04.4  E. 46 23 12.1։ Բարձրությունը ծովի մակերեւույթից՝ 1344 մ։ Դիրքը բնակավայրի նկատմամբ՝ 4.9 կմ հարավ-արեւելք։ Նորաբերդ-Քարաբերդը Քաշաթաղի շրջանի ամենահայտնի ու նշանավոր ամրոցն է: Այն պատմական Քաշաթաղ գավառում է եւ որոշ մասնագետների կողմից նույնացվում է համանուն ամրոցի հետ: Տեղակայված է Հոչանց գետի անդնդախոր կիրճի ձախ՝ արեւմտահայաց ափի զառիթափի միջնամասում վեր խոյացող եռանկյունաձեւ բարձր հրվանդանում եւ զբաղեցնում է 0.16 հա. տարածք:

Ամրոցանիստ հրվանդանը երկու կողմերից եզերվում է ուղղահայաց կտրվող ժայռածերպերով եւ գործնականում անմատչելի է: Միայն հարավային՝ գետահայաց կողմից ունի մոտեցում խիստ զառիթափ լանջով: Ամրոցը հատակագծում եռանկյունի է, որտեղ հյուսիսային ամենաբարձր գագաթին տեղակայված է մոտ 8-10 մ տրամագծով կլորավուն աշտարակ-դիտակետը: Գանձախույզների փորած խրամատում երեւում են նրա հարավային պարսպապատի հիմքերը: Ամրոցն արեւելյան ու արեւմտյան կողմերից  անմատչելի է, ուստի պարիսպներ չունի եւ միայն հարավային կողմից է պաշտպանված երկշարք հզոր պարսպապատերով: Արտաքին՝ հիմնական պարիսպը՝ 68 մ երկարությամբ, գրեթե ուղղաձիգ հետագծով միացնում է արեւելյան եւ արեւմտյան ուղղահայաց իջնող ժայռածերպերը: Այն կառուցված է ճեղքած, խորանարդի բերված մեծ, անմշակ քարերից՝ ամրացված կրաշաղախով: Պարսպից պահպանվել է մինչեւ 6.0 մ բարձրությունը: Արտաքին պարիսպն ուժեղացված է 4 տարբեր չափերի ուղղանկյուն որմնահեծերով, որոնցից կենտրոնականի չափերն են 3.0 X 3.5 մ: Չի բացառվում,  որ այս եւ մյուս որմնահեծերը վերեւում պսակվում էին սնամեջ աշտարակներով: Հիմնական պարսպին զուգահեռ, 16-20 մ վերեւ, գնում է երկրորդ պարսպագիծն: Այն կառուցված է նույն շինտեխնիկայով, ուղղաձիգ է, որմնահեծեր չունի եւ բաժանում է ամրոցի ներսի տարածքը երկու տարբեր մակարդակներին նստած անհավասար դարավանդների: Երկու դարավանդների պարսպամերձ հատվածներում նկատվում են կառուցապատման հետքեր: Երկու պարիսպներից էլ երեւում են միայն արտաքին ճակատները, եւ ակնհայտ է, որ նրանք, բացի պաշտպանականից, ունեցել են նաեւ տարածքը լայնացնող ու հարթեցնող հենապատերի գործառույթ։ Ամրոցի գլխավոր մուտքի տեղն ու կառուցվածքը չեն պահպանվել, բայց դատելով տեղանքից՝ այն պետք է որ լիներ հիմնական պարսպի ծայր հարավ-արեւելյան անկյունում: Արեւելյան անկյունում էր նաեւ երկրորդ պարսպի մուտքը, որտեղ այսօր բացվում է ազատ անցումը:

Ամրոցի եւ պարսպապատերից դուրս որեւէ շինության հետքեր չեն նկատվում: Վերգետնյա նյութը սակավ է, բայց գանձախույզների փորած փոսից եւ խուզահորից հայտնաբերված խեցեղենը հուշարձանը թվագրում են 11-14-րդ դդ.: Չի բացառվում, որ ամրոցն ավելի վաղ շրջանից է, բայց այսօր դրա ապացույցները չկան։ Նույն ամրոցից ներքեւ՝ գետի վրա, եղել է 12-13-րդ դարերում կառուցված տարածքի երրորդ կամուրջը, որի ձախակողմյան խելն է պահպանվել։ Ունի մոտ 3 մ լայնություն։ Այս կամրջի հարեւանությամբ է գործել 4 վիշապաքանդակով զարդարված քարով ջրաղացը՝ 11-13-րդ դարերում։ Նշված ջրաղացի ավերակն էլ քանդվել է ՀԷԿ-ի կառուցման ընթացքում։ Գետափնյա ճանապարհով իջնում ենք ցած եւ ոլորանով բարձրանում դեպի Բերձոր-Հոչանց ճանապարհ։ Արդեն Հակարիի ափով վերադառնում ենք Բերձոր։

Թեգեր: ԱրցախմշակույթՔաշաթաղ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Նոր գիտական հոդվածների ժողովածու հայ-ռուսական ռազմավարական դաշինքի պատմության, ներկայի և տեսանելի հեռանկարների մասին

Նոր գիտական հոդվածների ժողովածու հայ-ռուսական ռազմավարական դաշինքի պատմության, ներկայի և տեսանելի հեռանկարների մասին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist