Չդավաճանելով իր նենգ գործելաոճին՝ Ադրբեջանը փորձում է սեփական սադրիչ գործողությունները քողարկել նմանատիպ արարքների մեջ Հայաստանին կեղծ մեղադրանքներ ներկայացնելով: Բաքվի այդ պարզունակ մարտավարությունը վաղուց է հայտնի: Նույն ոճով ադրբեջանաթուրքական զույգն սկսեց ագրեսիան Արցախի Հանրապետության ժողովրդի հանդեպ, երբ բացահայտ հարձակումը ձեւակերպեց հակահարձակում: Սիրիայից ջիհադիստ ծայրահեղականների՝ արցախյան պատերազմում ներգրավելու փաստին Ադրբեջանը փորձեց հակակշռել սփյուռքահայ հայրենասեր հայորդիներին վարձկաններ ներկայացնելով եւ հիմա արդեն նրանց դեմ շինծու դատավարություններ կազմակերպելով:
Այսօր էլ, երբ ողջ աշխարհը խոսում է ՀՀ սահմաններն ապօրինաբար խախտելու ադրբեջանցիների քայլի մասին, այս երկիրն անցել է էժանագին հակաքայլերի՝ հայկական զինված ուժերին մեղադրելով մի բանի մեջ, ինչը հենց իրենք են անում: Պաշտոնական Բաքուն նախ Վարդենիսում հայ պայմանագրային զինծառայողին սպանելու փաստին ի պատասխան ստահոդ լուր տարածեց, թե հայկական կողմից արձակած գնդակից Նախիջեւանում իրենց զինված ուժերի զինծառայող է վիրավորվել, ինչը կամ ամբողջովին հորինված էր, կամ այդ օրերին ինքնավար մարզում ընթացող ադրբեջանաթուրքական զորավարժությունների ժամանակ իր եւ թուրք զինծառայողների միջեւ արձանագրված արտակարգ միջադեպը ներկայացվում է որպես հայ դիրքապահների կողմից արձակված կրակոցի հետեւանք:
Բերձորից մինչեւ Սոթք ՀՀ պետական սահմանի մի քանի հատված խախտելով՝ Ադրբեջանն այսօր փորձում է նմանատիպ սադրանքների մեջ մեղադրել հայկական զինուժին: Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, իր ձեւակերպմամբ, «հայ-ադրբեջանական պետական սահմանին Հայաստանի զինված ուժերի վերջին ռազմական սադրանքների հետ կապված»։ Հասանովը վերջին պատերազմի արդյունքում օկուպացված տարածքներում տեղակայված զորամասերի հրամանատարությանը հանձնարարել է ձեռնարկել վճռական քայլեր եւ օպերատիվ միջոցառումներ: Մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ՀՀ զինված ուժերին շինծու մեղադրանք էր առաջադրել մայիսի 24-26-ը Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները եւ մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական «խղճուկ փորձն է»։ Ադրբեջանը նման ձեւով փորձում է միջազգային հանրության ուշադրությունից շեղել նաեւ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս իրենց կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման եւ գերեվարման փաստը։ Ադրբեջանը սուտ տեղեկություն էր տարածել, թե հայ զինվորները գտնվել են Ադրբեջանի տարածքում, ինչը հերքել էր ՀՀ ՊՆ-ն։
Վերջին զարգացումների հիմնական ենթատեքստն այն է, որ Ադրբեջանը սադրում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին: Բաքուն լավ գիտի, որ ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ցանկացած ոտնձգություն ուղիղ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին, այլեւ այստեղ գտնվող ՌԴ ռազմաբազային: Հրահրելով ռազմական գործողություններ՝ Ադրբեջանը լավ է գիտակցում, որ դրանում ներգրավելու է Ռուսաստանին, Թուրքիային եւ անխուսափելիորեն նաեւ Իրանին: Սցենարի նման զարգացման դեպքում ՀՀ-ին բարեկամ եւ Ադրբեջան-Թուրքիա երկյակին հարող մյուս պետությունների ներգրավումը նույնպես անխուսափելի է լինելու:
Ռուսաստանի հետ հակադրվելը լրջագույն հետեւանքներ է ունենալու Ադրբեջանի համար: Այսօր արդեն դրանց նախանշանները կան ոչ միայն ՀՀ-Ադրբեջան սահմանին, այլեւ այլ ուղղություններով եւս: Ադրբեջանում անցկացված վերջին զորավարժությունները եւ ցուցադրական միջոցառումները փաստում են, որ այս երկիրն իր բանակի սպառազինության ահռելի կորուստները վերականգնում է հիմնականում Թուրքիայից եւ Իսրայելից գնված զենքերով: ՌԴ տնտեսության մեջ ռազմական արդյունաբերության առաջատար ճյուղի հանդեպ նման մոտեցումների հարցում այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ զգայուն է:
Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը, ՀՀ սահմանային միջադեպերով եւ ռուսական զենքն իսրայելաթուրքականով փոխարինելով, ստուգում է Ռուսաստանի համբերության աստիճանը: Վերջինիս պատասխանը նման դեպքերում լինում է շատ կոշտ: Պատահական չէ, որ այս ընթացքում ակտիվացել են ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների շփումներն ու խորհրդակցությունները, եւ դրանց հաջորդող գործողություններն իրենց սպասեցնել չեն տա: