Որեւէ ոլորտի զարգացման ուղին տեսնելու համար նախ դիտարկվում է տվյալ ոլորտի զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների ռազմավարությունը։ Գյուղատնտեսությունը մեր երկրի համար կարեւորագույն ոլորտ է եւ ոչ միայն որովհետեւ պարենային ապահովության խնդիր է լուծում, այլեւ այն պարզ պատճառով, որ լուծում է գյուղերում բնակեցվածության խնդիրը։ Իսկ մեր գյուղերը նաեւ սահմանապահ տարածքներ են։
Այս գործոնը հաշվի առնելով՝ գյուղոլորտի ռազմավարությունը պետք է խոշորացույցով ու ավելի խիստ դիտարկվի։ Այլ կերպ՝ պետք է հասկանանք, թե խնդիրների լուծման ինչ ուղիներ են տրված, ինչ միջոցառումներ են առաջարկված, եւ ինչքանով է այդ ամենն իրատեսական։ Իրատեսակա՛ն. սա չափազանց կարեւոր է, որովհետեւ միայն այս կամ այն խնդիրը տեսնելն ու արձանագրելը բավարար չէ, ճիշտ լուծում տալու համար պետք է ճանաչել մեր գյուղերը, ինչու ոչ՝ ամեն գյուղի առանձնահատկությունը, ուժեղ ու թույլ կողմերը, հողերի կազմն ու որակը, ջրային ցանցը, հնարավորությունները եւն։
Մեր գյուղոլորտի 2020-30 թթ. ռազմավարությունում առաջադրված խնդիրների լուծման ուղիներից մեկը հետեւյալն է՝ նվազեցնել չօգտագործվող հողատարածքները։ Սա լավ է եւ ճիշտ է, բայց հարցն այն է, թե ինչպես պետք է նվազեցնել։ Առաջարկվում է մշակել չօգտագործվող հողատարածքների յուրացման կառուցակարգեր (տնտեսական եւ իրավական)։ Թե չմշակվող հողատարածքները սեփականատերերից ինչ կառուցակարգերով կվերցնեն, դեռ պարզ չէ։ Սակայն չափազանց կարեւոր է, որ այն անարդարության զգացողություն չառաջացնի հենց տվյալ սեփականատիրոջ մոտ։ Այն է՝ պետք է հասկանալ, թե ինչու սեփականատերը չի մշակում իր հողատարածքը։ Պատճառը հասկանալով՝ գուցե օգնեն հողի տիրոջը հողը մշակելու գործում։ Պետք է տեղեկանալ՝ հողի տերը իր մյուս հողե՞րն էլ չի մշակում, թե ուժերը կամ ֆինանսական միջոցները չեն բավականացրել ունեցածի կեսը մշակելու։
Օրինակ բերեմ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից։ Բազմանդամ ընտանիքի տեր բարեկամս ունի ամենատարբեր չափերի 7 հողակտորներ։ 7-ի վրա էլ գարնանը վար ու ցանք են արել։ Ոռոգման շրջանում կանգնել են խնդրի առաջ. գումարը չի բավականացրել բոլոր հողակտորները ոռոգելու, մշակելու։ Պատմում է, որ 1000 քմ-ն ջրելու համար 1500 դրամ են տալիս։ Կարտոֆիլին սեզոնին 5-7 ջուր է անհրաժեշտ՝ եղանակային պայմաններից կախված։ Իսկ լոբին, տաքդեղն անընդհատ ջրի կարիք ունեն։ Եթե տարին սաստիկ չորային է, երբեմն՝ 2-3 օրը մեկ։ Յոթից 5 հողակտորը պտուղ-բանջարեղեն է, 2-ն էլ՝ ցորեն է ցանված։ Գյուղի հողակտորներին տիրություն են արել, սարերի ցորենը մնացել է անձրեւի հույսին։ «Էն էրկու կոպեկն էլ պահել ենք, որ գոնե հավաքի ու դիզելի փող տանք, եթե, իհարկե, անտեր մնացած ցորենն աճած լինի, սարերում մի լավ անձրեւ էլ չեկավ էս տարի»,- ասում է բարեկամս։ Հիմա եթե նա սարերի այս 2 հողակտորը մյուս տարի չմշակի, պետք է ասեն՝ չօգտագործվող է, ու վերցնե՞ն ձեռքից։
Կամ՝ սահմանամերձ համայնքներում շատ հողատարածքներ չեն մշակվում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած թշնամու գործողությունների պատճառով։ Սրա՞ն ինչ լուծում է տրվելու, վերցնելու են տան մշակողի՞ն, ո՞վ է կրակի տակ հող մշակելու։
Մեկ այլ խնդրի մասին. անընդհատ խոսում ենք ոռոգման համակարգը բարելավելու մասին, ոռոգման համակարգերն արդիականացնելու մասին։ Բայց… ասեմ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանի խոսքով, որ «ՀՀ»-ի հետ զրույցում առիթով նշել է. «Տարիներ շարունակ ջրամբարների մասին ենք խոսում, ո՞ւր են, 5 տարի առաջ 4 ջրամբարների մասին խոսվեց, որ պետք է արդեն շահագործված լինեին…»։
Իսկ ինչ վերաբերում է ոռոգման համակարգերն արդիականացնելուն. Հայաստանի ոռոգման համակարգում ջրի կորուստները 40-45 տոկոս են։ Չմոռանանք նաեւ, որ հողային հունով հոսող ներտնտեսային համակարգ ունենք դեռ։ Մի փաստ էլ ասենք, որ պատկերն ավելի ամբողջական դառնա։ Երբեմն մի տարածքում մշակվում է բույս, որ տվյալ տարածքին հարմար չէ, ասենք՝ լոլիկը իրեն հարմար տարածքում եթե պետք է ջրվի 15 անգամ, ապա «սխալ» տարածքում մինչեւ 40 անգամ ջրվել կարող է։ Խորհրդային Հայաստանում մասնագետներն ուղղորդել են, պատվեր իջեցրել գյուղացիներին՝ որ տարածքում ինչ ու ինչպես մշակել, որ ձեռնտու լինի ու քիչ ջրածախսատար։
Խնդիր է նաեւ գյուղվարկային շուկան։ Այո, չենք հերքում, վերջին տարիներին փոխվել են գյուղվարկավորման մեխանիզմները, պայմանները, ժամկետներն ու չափերը։ Որոշ տարածքներում ու որոշակի պայմաններից ելնելով նաեւ զրո տոկոսով վարկեր կան։ Բայց կա նաեւ գյուղվարկավորման շուկայի զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկը՝ գյուղատնտեսության ապահովագրման համակարգի բացակայությունը (փորձնական ծրագիր հիմա արվում է): Մյուս խոչընդոտը հակակարկտային համակարգն է, որից շատ ենք խոսել, ուստի հիմա չենք անդրադառնա խնդիրներին, բայց եթե հակիրճ՝ ունենք եւ չունենք։
Գյուղոլորտի ռազմավարությունում խոսվում է հիմնական արժեշղթայում գյուղատնտեսական ոլորտի արտադրողների եւ վերամշակողների տնտեսական կենսունակության բարձրացման մասին եւ, իբրեւ դրան հասնելու քայլ, առաջարկվում նաեւ հետեւյալը՝ «զարգացնել բուն գյուղատնտեսությունից դուրս կանխատեսելի արտադրություն (խոտաբույսերի եւ համեմունքների, գույների եւ բույրերի, օծանելիքի, բժշկական ու կոսմետիկ միջոցների արտադրություն եւ այլն)»։ Սրանից որոշ ուղղությունների մասին ժամանակին խոսել ենք։ Տեղական շուկայում կան այս՝ խոտաբույսերի, բժշկական ու կոսմետիկ միջոցների արտադրությունները, եւ, ի դեպ, բավական որակյալ են։ Բայցեւ նշել ենք, որ զարգացման համար հարկ է արտաքին շուկա դուրս գալ։ Սրա օրինակն էլ, ընդ որում, արդեն ունենք՝ կոսմետիկ միջոցների առումով։ Բայց խոսքը ծավալայինի ու միջազգային շուկայում մշտական տեղի մասին է, ինչը բարդանում է՝ գնային գործոնով պայմանավորված։ Իսկ որպեսզի երկիրն իսկապես օգուտ ունենա տնտեսական կենսունակության բարձրացման հետեւանքով, արդեն բոլորովին այլ քայլերի անհրաժեշտություն կա՝ ընդհանուր ապրանքանիշի ձեւավորման, պետական աջակցության, տարբեր խողովակներով միջազգային հարթակներում աշխատանքի։ Բայց այս ամենը պետք է սկսենք միջազգային շուկայի ոլորտային լրջագույն ուսումնասիրությամբ, ինչն այս պահին չունենք։
Մի խոսքով՝ գյուղոլորտի մեր խնդիրները շատ են՝ տնկանյութերից ու սերմացուներից սկսած մինչեւ գյուղտեխնիկայի հավաքակազմ։ Առանձին հաջողված օրինակները, իսկ դրանք, այո, կան, ընդհանուր իրավիճակը չեն փոխում։ Առանձին հաջողված օրինակները խոշոր տնտեսավարողներ են, եւ նրանք իրենք են իրենց խնդիրները լուծում, պետության աջակցության կարիքը չունեն էլ։ Պետության գործը պետք է լինի փոքր տնտեսավարողներին օգնելը։ Նրանք ընտանիք են պահում, եւ նրանց ընտանիքի բարեկեցությունից, ամրությունից է կախված գյուղի, սահմանի ու երկրի ամրությունը։ Ի՞նչ անել հանուն այս ամրության. ա՛յս պատասխանը պիտի տան ընդհանրապես ոլորտային ռազմավարությունները։ Ի վերջո, ռազմավարությունը շարադրային տեքստ չէ, կոնկրետ լուծումների ու դրանց ֆինանսավորման աղբյուրների, հաշվարկների մեկտեղում է։