Մինչ հետխորհրդային տարածքում քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները քննարկում էին, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանը հրաժարվեց իր տարածքում անցկացնել ՀԱՊԿ-ի «Անքակտելի եղբայրություն-2022» զորավարժությունները, եւ ինչպիսին կլինեն այդ քայլի հետեւանքները, հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 11-ին երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մանաս» օդանավակայանում նրան դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովը: Բացի բարձր մակարդակով երկկողմ հարաբերություններից, կայացել է Միջպետական խորհրդի առաջին նիստը, ինչպես նաեւ համաձայնագիր է ստորագրվել զարգացման հիմնադրամի ստեղծման մասին՝ 25 մլն դոլար կապիտալով: Ճիշտ է՝ Բիշքեկում սկզբում հույս ունեին առավել պատկառելի գումարով՝ 1 մլրդ դոլարով հիմնադրամ ունենալ, սակայն 25 մլն դոլարն էլ է գումար: «Ֆինանսական բոլոր միջոցները տրամադրում է ադրբեջանական կողմը: Հիմնադրամի շտաբ-բնակարանը կլինի Բիշքեկում»,- հայտնել է էկոնոմիկայի եւ առեւտրի փոխնախարար Կանատբեկ Աբդռահմանովը:
Ղրղզստանին, որը շատ ուժեղ է կախված Ռուսաստանից, հետաքրքրում են էներգակիրների ու վառելիքաքսուքային նյութերի մատակարարումները:
Սադիր Ժափարովն ու Իլհամ Ալիեւը մասնակցել են Ղրղզստանի եւ Ադրբեջանի միջպետական խորհրդի առաջին նիստին: Ժափարովը նշել է, որ երկու երկրներն ընդհանուր պատմություն, մշակույթ, արմատներ, ավանդույթներ ու ազգային առանձնահատկություններ ունեն: Ինչպես երեւում է, ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանից պոկվելու ցանկությամբ տարված Ժափարովը շատ է ցանկանում դուր գալ Ալիեւին, եթե խոսել է այնպիսի բաների մասին, որոնք Ադրբեջանը երբեք չի ունեցել՝ ոչ պատմություն, ոչ մշակույթ, ոչ արմատներ, ոչ ավանդույթներ, ոչ էլ ազգ, որը կարող է առանձնահատկություններ ունենալ:
«Կուզեի ընդգծել նախագծերի իրականացման կարեւոր նշանակությունը, որոնք կնպաստեն մեր երկու երկրների ու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման, բարեկամության ու համագործակցության խորացմանը»,- հայտարարել է Ժափարովը: Երեկ նրանք մասնակցել են Ղրղզստանի ու Ադրբեջանի բարեկամության այգու եւ երկու՝ Հեյդար Ալիեւի ու պոետ Նիզամի Գյանջեւիի անվան հանրակրթական դպրոցների բացմանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը Բիշքեկ է ժամանել պատասխան այցով: Սադիր Ժափարովն Իլհամ Ալիեւի հետ հանդիպել է 2021 թ. նոյեմբերին, Ստամբուլում, Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում: Ավելի ուշ՝ 2022 թ. ապրիլին Ժափարովն այցելել է Բաքու: Այցի ընթացքում ստորագրվել է երկու երկրների միջեւ ռազմավարական գործակցության մասին հռչակագիր:
Ղրղզստանը երկար ժամանակ փորձում է պայմանավորվել Ադրբեջանի հետ նավթամթերքների մատակարարման եւ երկրում նավթավերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ: Սակայն նյութատեխնիկական խնդիրների պատճառով այդ նախագծերը չեն իրականացվել: Սադիր Ժափարովը, իր հերթին, խոստացել է պաշտպանել ադրբեջանցի ներդրողների հետաքրքրությունները: Նրա խոսքով՝ ղրղզա-ադրբեջանական զարգացման հիմնադրամն արագացման խթան է եւ ակտիվ մեխանիզմ՝ Ղրղզստանում խոշոր ներդրումներ ներգրավելու եւ փոխշահավետ գործարար նախագծեր իրականացնելու համար: «Ուրախալի է, որ երկրների միջեւ առեւտուրն ավելացնելու անհրաժեշտության ըմբռնում կա: Դրա այժմյան մակարդակը դեռ չի համապատասխանում առկա ներուժին: Մենք ողջունում ենք Ադրբեջանի գործարար համայնքին մեր շուկայում եւ պատրաստ ենք հետագա համագործակցության: Երաշխավորում ենք ներդրողների պաշտպանությունը եւ պատրաստ ենք առավել բարենպաստ պայմաններ ապահովել»,- Ժափարովի խոսքերը մեջբերել է 24.kg գործակալությունը:
Ինչպես երեւում է, Բիշքեկում սկսել են լրջորեն մոտենալ քաղաքական ու տնտեսական ապահովագրման հարցին՝ մշակելով ինչ-որ «Պլան Բ», ըստ որի՝ Ղրղզստանը փոխում է իր կուրսը եւ սկսում է մերձենալ Արեւմուտքին եւ Թյուրքական պետությունների կազմակերպությանը: Դա նշանակում է հարաբերությունների սառեցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եւ ելք ՀԱՊԿ-ից, ինչը նկատելի է վերջին ժամանակներում: Պատահական չէ, որ Ղրղզստանի դեսպան Գուլնարա-Կլարա Սամատը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ «բաց զրույցի» այն բանից հետո, երբ Սադիր Ժափարովը հրաժարվեց Ղրղզստանի տարածքում զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի շրջանակներում, միեւնույն ժամանակ չմեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Բացի այդ, Ղրղզստանը հրաժարվել է մասնակցել Տաջիկստանում պլանավորված ՀԱՊԿ-ի «Սահման-2022» զորավարժություններին: Գումարած այս ամենին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները Բիշքեկի հետ երկկողմ նոր պայմանագրի կնքման շուրջ, որը կարող է ներառել ռազմական հարցեր, այդ թվում՝ Ղրղզստանում ամերիկյան բազաների տեղակայման վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահի այցը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ հնարավորություն է տալիս հետեւել Բիշքեկի ու Բաքվի իշխանությունների արտաքին քաղաքական գործունեությանը: Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Ադրբեջանը մի երկիր է, որին Ղրղզստանը դիտում է որպես այլընտրանք մի շարք ուղղություններով՝ վառելիքաքսուքային նյութերի առաքում, ներդրումներ էներգաենթակառուցվածքային եւ ռազմատեխնիկական համագործակցության մեջ: Ղրղզստանն իր ղեկավարության ջանքերով պատրաստ է ավելի շատ ներգրավվել Թուրքիայի հովանու տակ Թյուրքական պետությունների կազմակերպության առաջարկվող ձեւաչափում, իսկ Ադրբեջանը կապող օղակի դեր է կատարում: Բիշքեկը, այսպիսով, ակնհայտորեն փորձում է արտաքին քաղաքականության մեջ դրսեւորվել որպես անկախ խաղացող:
Ռուսաստանյան որոշ աղբյուրներ գրում են, թե տպավորություն կա, որ Ղրղզստանի ղեկավարությունը ռուսաստանյան իշխանություններից դժգոհ է այն պատճառով, որ նրանք ռուսական շքանշանով պարգեւատրել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, բացի այդ, ղրղզա-տաջիկական վերջին հակամարտության ժամանակ անցել են Դուշանբեի կողմը…
Ակնհայտ է, որ Թուրքիան անձամբ կամ սեփական արբանյակների միջոցով ձգտում է իր ազդեցությունը տարածել ողջ Կենտրոնական Ասիայում: Ինչպես երեւում է, այդ ճանապարհին նաեւ հաջողություններ է արձանագրում: Այն ուժերը, որոնք պետք է կանխեին Թուրքիայի ներխուժումը Կենտրոնական Ասիա եւ Հարավային Կովկաս, այս կամ այն պատճառով չեն կարողացել բարիկադի դեր կատարել:
Bbc.com-ը մեջբերել է քաղաքագետ Անատոլի Նեսմիյանի խոսքն այն մասին, որ Ռուսաստանը շուտով կհեռանա Հարավային Կովկասից ու Կենտրոնական Ասիայից, քանի որ այլեւս չի դիմանում արտաքին քաղաքական բեռին. երկու տարածաշրջաններում հարաբերությունների հաշվեկշիռները նկատելիորեն փոխվել են:
«Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն տարբերակներ է փնտրում, թե կոնկրետ ինչպես տեղավորվել նոր հաշվեկշիռներում՝ հնարավորինս ուղղակիորեն չմասնակցելով դրանց: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը կձգտեն «հանձնել» եվրոպացիներին ու ՆԱՏՕ-ին: Քանի որ Թուրքիան էլ է ՆԱՏՕ-ի անդամ, դաշինքի շրջանակներում նրա հետ ավելի հեշտ կլինի խոսել տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ: Այս ամենը հիշեցնում է ԽՍՀՄ փլուզումից առաջ ստեղծված իրավիճակը: Այն ժամանակ էլ բաժանում էին խորհրդային ազդեցության գոտիները, իսկ Կրեմլը ստիպված էր ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունենում, քանզի այլեւս ի վիճակի չէր արձագանքել կատարվածին: Ռուսաստանին այսօր նույնպես դադարել են հաշվի առնել իրենց հաշվարկներում, քանզի նա սպառել է իր ներուժն Ուկրաինայում եւ նույնիսկ կորցրել է հիպոթետիկ հնարավորությունները՝ մասնակցելու իր ազդեցության նախկին գոտիներում գոնե որոշումների մշակմանը»,-կարծում է Անատոլի Նեսմիյանը:
ՀԱՊԿ-ի կենտրոնասիական անդամներն ունեն այլընտրանք՝ իրենց ապագան կառուցելու Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում, եւ Ալիեւի այցը Բիշքեկ այդ իրավիճակի հաստատման նպատակ ուներ: Բելառուսը կատարում է Ռուսաստանի բոլոր ցանկությունները: Այս երկյակը հանդես է գալիս ՀԱՊԿ-ում դաշնակցի՝ Հայաստանի դեմ, բացի այդ, ակտիվորեն համագործակցում է այն պետությունների հետ, որոնց հետ պաշտոնական Երեւանը հակամարտության մեջ է: Ստեղծվել է մի իրավիճակ, որում մեր երկրի իշխանություններից պահանջվում է առավելագույն ճկունություն՝ իրադարձությունների ոչ բարենպաստ ընթացքի դեպքում Հայաստանի անվտանգությունը կարճաժամկետ հեռանկարում ապահովել կարողանալու համար: Իսկ Ռուսաստանը պետք է եզրակացություններ կատարի տեղի ունեցածից եւ չվերածվի նոր Բյուզանդիայի, որը, հարվածելով իր համար պատվարի դեր կատարող երկրներին, սեփական ձեռքերով ճանապարհ հարթեց նվաճողների առջեւ: