«Հողը մեր ոտքի տակ է ոչ թե տրորելու համար, այլ որպես հենարան, որ պինդ կանգնենք եւ մեր հենարանը զգանք մեր գլխից բարձր: Տրված է ոչ թե տրաքվելու չափ կշտանալու եւ փառք վաստակելու համար, այլ՝ ի պահ չծնվածներին: Հողի այսօրվա տված հացը մերն է, իսկ հողը՝ չծնվածներինը…»:
Մուշեղ ԳԱԼՇՈՅԱՆ
Էրգիր՝ անանց ցավի, անփարատ մորմոքի ու անվախճան հառաչների կորուսյալ հանգրվան… Նրա արմատներն այնտեղ էին՝ Սասնո անառիկ լեռնաշխարհում: Ծնողները՝ ճարահատյալ փախստականներ ֆիդայաբույն այս ոստանից, որ եկել ու նոր արմատ էին գցել քարքարոտ Թալինի հողում: Հայրն առաջին ընտանիքը կորցրել էր եղեռնի տարտարոսում: Եվ հիմա եկել ու սահմանից շատ չէին հեռացել՝ հուսալով տունդարձի վաղ թե ուշ հնչելիք կանչը: Էրգրի կարոտն էին բերել իրենց հետ, որ արյամբ փոխանցեին ծնվելիք որդուն. 1933-ին լույս աշխարհ էր գալու նրանց Մուշեղ զավակը, նա, ում վերապահված էր Խաչիկ Դաշտենցի ֆիդայականչը նորոգ հնչեցնելու ու խաբրիկներ բերելու գնդակի համբույրին կարոտ անմեռ հայդուկներից: Նա կարծես դաջել-ներառել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, եւ հետագայում, երբ սկսելու էր գրել եղեռնը վերապրած սասունցիների մասին՝ տպավորություն էինք ունենալու, թե ինքն էլ է եղել Սասնո ու Տավրոսի լեռներում, ապրել նրանց առօրյա կյանքը, կոտորածների ու տեղահանության մղձավանջը:
Թեեւ սովորել էր գյուղինստիտուտում եւ աշխատել մասնագիտությամբ, բայց ի ծնե տրվածն էր առաջնորդելու ֆիդայաջիղ սասունցուն. լրագրություն «Ավանգարդ» թերթում, «Գարուն» ամսագրում՝ հոդվածներ ու հրապարակումներ, որոնց զուգահեռ գրվելու էր գլուխգործոցային ֆիլմի վերածված «Ձորի Միրո» սքանչելի վիպակը, որի գլխավոր հերոսը ինքնակեղեքման ցասմամբ ահեղագոչ մռնչալու էր.
Ու՞մ թողիր քո էրգիր, Միրո՛,
Ու՞մ թողիր,
Խենթացած Գլակի՞ն թողիր,
Անտեր շների՞ն թողիր,
Ու՞մ թողիր քո էրգիր, Միրո՛,
Շների՜ն թողիր…
Հավերժահունչ մռունչ, որ փոխանցվելու է սերնդեսերունդ, քանի դեռ հողը չի վերագտել իր իսկական տերերին, հողապաշտ իր մշակներին. «Կարոտ զորեղ-զորեղ է, կարոտից զորեղ բան աշխարհք չկա: Կարոտի հետ տխրություն կմեծանա, գառ… Կարոտ տխրություն է, անու՜շ-անու՜շ տխրություն է: Ու էդ տխրություն… էդ տխրություն մեծ բան կպտղե, մարդու հոգին կմեծացնե, մարդու կդարձնե աժդահա հերոս…». նորից ինքն է՝ վրիժառության խորհրդանիշ հզոր Միրոն:
Գրողը դասական գեղանկարչի վարպետությամբ է կերտում իր հերոսներին, որոնց մասին պատմում է առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների՝ կենդանացնելով գունեղ ու տեսանելի կերպարներ, ընթերցողին փոխանցելով նրանց ներաշխարհի հույզերը, ապրումներն ու փոթորկումները: Ավելին՝ ասես նրանք հառնում են ընթերցողի հայացքի առջեւ՝ այդ համառ, «կող ունեցող» լեռնցի մարդիկ, որոնք, ասենք, կարող էին բարկանալ ու քանդել սենյակի՝ տարիներով երազած փայտե հատակը, որովհետեւ սովոր են եղել հողի հետ ու հողի վրա ապրելու, շփվելու նրա հետ: Կամ ծերունական հասակում հանդիպել իր երբեմնի սիրուն եւ առաջարկություն անել բաժանվել ընտանիքից եւ ամուսնանալ արդեն վաղուց թոռնատեր Ալեի հետ…
Մուշեղ Գալշոյանի ստեղծագործական հունձքի պսակներից է «Մարութա սարի ամպերը» պատմվածքների ժողովածուն: Վերոնշյալ սեղմ նշումները հենց այդ գրքի պատումներից մեկ-երկուսի մասին էին: Գրողը գերազանց է ճանաչում իր խենթ ու խելառ հերոսներին, որոնցից մեկն էլ սասունցի փախստական Դավոն է՝ զորավար Անդրանիկի երբեմնի քաջազուն ու անհնազանդ զինվորը, որին ֆիդայապետի խստագույն պատիժն անգամ դարձի չի բերում իր որդեգրած սկզբունքներից: Անհաշտ են եւ մարդկային պայմանականություններին կուլ չգնացող գալշոյանական կերպարները. սասնեցու նրանց խառնվածքը ենթակա չէ ժամանակների ձեւախեղումներին: Հայրենապաշտի նրանց ես-ը զորեղանում է կորսված էրգրի կարոտի քուրայում, ցավն ու դառնությունը անզոր են խեղդելու եղեռն վերապրած հայի արդար պահանջն ու սպանիչ ապտակը էրգիրը գողացած ենիչերուն: Ահա Մամփրե արքան. «Օսմա՛ն, թալանչի օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞: Քու թալանչի ձեռքն որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞: Քու գիշատիչ աչքն որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա: Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբրակը քոնն է, հա՞: Աթաբունար… Մամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա: Չկա ու չկա: Աղբյուրի անունը Մեհրե էր ու Մեհրե կմնա Մեհրեաղբյուր: Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեղ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբուր է բխել: Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր: Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել: Օսման, թալանչի օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբյուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա…»:
Այսպիսին է իր հերոսների հոգու կրակը սեփական արյան մեջ անթեղած Մուշեղ Գալշոյանի ոսկեբուռ ու խաս գրականության բաբախուն, հորդահոս երակը: Նա եկավ բորբոք պահելու էրգրադարձի անկորնչելի կարոտը, հայոց արդար վրեժն ու անսասանելի՝ Սասնո աբեկանելի ոգին: Ֆիդայական եղավ նաեւ նրա անակնկալ վախճանը՝ ճիշտ իր «Պատրանք» պատմվածքի հերոս Առաքելի նման՝ հայրենի հանդերում որսորդական հրացանի հանկարծահաս պայթյունից: Խորհրդանշական եւ հար նման. ֆիդային զենքը գետնին դնելու իրավունք չունի: Սա օրենք է ֆիդայական: Իսկ ինքը դրել էր ու կռացել շփոթմունքն ուղղելու…
Ճակատագրական շփոթմունք…