Ո՞վ կպատկերացներ, որ մեր մեջ այսքան չուզողություն ու չկամություն կամ, որ ավելի սարսափելի է, չարակամություն կլինի միմյանց հանդեպ: Սա այն դեպքերից է, երբ մտածում ես դիմել արհեստական բանականության օգնությանը եւ դրա օգնությամբ մարդկանց մեջ ճանաչողական համակարգեր տեղադրել (ասենք՝ «Свой-чужой՝ յուրային-օտար» համակարգի նման), որը կհուշի՝ եղբայր կամ քույր, այդ մարդը քո թշնամին չէ, ուղղակիորեն կամ անուղղակի մի՛ կրակիր նրա վրա քո չկամությամբ: Հիշեցնենք, որ այդպիսի համակարգեր կան զինված ուժերում…
Չկամություն-չարակամությունը փողոցից հասնում է բակ, անծանոթից հարազատի, բարեկամի, ինչպես ասում են՝ դռնից դուրս ես հանում, պատուհանով է մտնում, բայց առաջին հերթին, ցավոք, հոգու պատուհանով… Իսկ մենք առիթ-անառիթ խոսում ենք միասնությունից, հանդուրժողականությունից, համերաշխությունից, կենացներ ասում այդ մասին՝ անհատական, հավաքույթային, միջպետական մակարդակով…
Ասում են՝ խմելուց հետո մարդն անկեղծ կամ ավելի անկեղծ է դառնում։ Բայց, չգիտես ինչու, կենաց ասելիս մեզանում առաջին տեղում անկեղծությունը չէ, այլ՝ ձեւը։ Մեր կենացներում գերակայողը հենց ձեւն է, եւ պատահական չէ, որ որքան կենացը երկարում է, այնքան դրա ձեւական բովանդակությունն ավելանում է։ Նույնիսկ պաշտոնական կենացներում՝ բաժակաճառերում, որոնք միջպետական այցերի գրեթե անբաժանելի մասն են, ակնհայտ գերակշռողը ձեւն է՝ արարողակարգայինը։
Հին ժամանակների ու ներկայի տարբերությունն այն է, որ եթե հին դարերում կեղծիքը, չարությունը նաեւ թույնի ձեւով էին լցնում գավաթի մեջ, հիմա այն բառերով ու վերաբերմունքով է փոխանցվում, դեռեւս… Սակայն արդյունքը նույնն է՝ թույնը ազդում է արագ եւ մահացու, կենացի բառերի կեղծավորության «էֆեկտը» նախատեսված է երկար ժամանակահատվածի համար։
Եթե չես կարող անկեղծ լինել, բայց ստիպված ես այդպիսին երեւալ, գերադասելի է բոցաշունչ կենացասացությունից գոնե նախապատվությունը տալ հայտնի եւ սիրված կենացին, կարճ ու կոնկրետ ասել՝ «Էհ…» ու միանգամից խմել: Այդպես եւ բազմաբովանդակ է, եւ անշառ՝ շառից փորձանքից հեռու, ինչպես սիրում ենք ասել մեր մյուս ամենատարածված կենացում:
Բայց չէ. մենք պետք է խոսենք հանդուրժողականությունից ու միասնությունից, համապատասխան կենացն ասենք ու… հաջորդ իսկ պահին, առավելապես ոչ բարձրաձայն, մտածենք, թե ինչ անենք, որ այսինչի համար ինչ-որ բան վատ լինի, թեկուզ դրանից մեր կյանքում ոչ մի լավ բան էլ չավելանա… Դա նույնիսկ ուրիշի դժբախտության վրա երջանկություն կառուցել չէ, որովհետեւ, կրկնեմ, մարդն ընդամենը կամ առաջին հերթին ցանկանում է, որ ինչ-որ մեկի համար վատ լինի, ոչ թե իր համար լավ, ցանկանում է, որ կոնկրետ ինչ-որ մեկի կյանքը վատանա, ոչ թե իրենը լավանա: Ավելին, ոչ թե չի ուզում, որ տվյալ անձի կամ անձանց կյանքը լավանա, այլ ուզում է, որ վատանա: Տպավորություն է, թե ինչ-որ տեղ որոշվել է կյանքի կոչել անեծքները եւ մոռանալ բարեմաղթանքները…
Ի՞նչ է պատահել մեզ, որ մեզանում այսչափ մեծացել է չկամության ու չարակամության չափաբաժինը: Ստիպված եմ կրկին դիմել մեծն Թումանյանին, ով դեռ 1913-ին, այսինքն՝ շուրջ 110 տարի առաջ դառնացած ասում էր. «Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի» (հատված «Մի՞թե դժվար է» հոդվածից)… Ինչո՞ւ ենք կամովին քայլում դեպի ինքնակործանման անդունդ, ինչ է թե՝ մեր փոքրիկ աշխարհում ինչ-որ մեկի համար ինչ-որ բան վատ լինի, թեկուզ, եւս մեկ անգամ կրկնեմ, դրանից մեր կյանքում ոչ մի լավ բան էլ չավելանա…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ