«Լուսիկ Քոշյանը բացառիկ արտահայտչականությամբ, մանկական քնքշությամբ եւ անաղարտ մաքրությամբ ձայն ունի: Շարժումների եւ դիմախաղի ցնցող պլաստիկա: Այս բոլորը նրան բնությունից է տրված: Նա ոչ կոնսերվատորիա է ավարտել, ոչ պարարվեստի ուսումնարան: Ոչ մի մեխանիկական սովորույթ չունի: Նրա արվեստի հմայքը իր ոճի, իր խառնվածքի, կատարման բնածին արտահայտչականության մեջ է…»:
Մարտիրոս ՍԱՐՅԱՆ
Նրա երազանքը պարուհի դառնալն էր, թեեւ դեռ մանկուց սիրում էր նաեւ երգել. Բաքվի Արմենիքենդ կոչվող փողոցի իրենց տան պատուհանից հաճախ էր լսվում աղջնակի վճիտ ձայնով հնչող նրա երգը: Թատրոնում հուշարար աշխատող դերասան սիրող, բեմ սիրող հայրը, որ նկատել էր դստեր նախասիրությունը, չէր ուզում, որ նա արտիստ դառնա: Երբ ընտանիքը տեղափոխվում է Երեւան եւ հանգրվանում Կոնդում՝ Դրոյի տան հարեւանությամբ, Աբովյանի անվան դպրոցն ավարտելուց հետո հայր Գեւորգը երգի-պարի սիրահար աղջկան ուսման է տալիս քիմիական տեխնիկումում: Բայց նախախնամության գործոնը կար. կրթօջախն ուներ ինքնագործ խումբ, եւ Լուսիկը հայտնվում է այնտեղ: 1937-ին ֆիլհարմոնիայում բացվում է պարի պետական անսամբլ, ու տասնվեցամյա աղջիկն ընդունվում է որպես պարուհի: Մեկ տարի հետո կազմավորվում է երգի-պարի պետական անսամբլը, եւ բոլորին տեղափոխում են այնտեղ: Կարճ ժամանակ անց աղջկան նկատում է Թաթուլ Ալթունյանը, ում շնորհիվ էլ բարձրանում է բեմ: Իսկ մինչ նրա բեմական նվաճումները՝ լսենք տասնամյակների վաղեմության իր խոսքը. «Հայրս անսահման ազգասեր էր եւ մեր հայեցի դաստիարակության համար շատ բան արեց. թեեւ ոչ Հայաստանում, մենք սովորում էինք հայկական դպրոցում, խոսում եւ մտածում հայերեն, երգում հայոց եկեղեցում: Թերեւս, երգիս հիմքը դրվեց հենց այնտեղ շարականներ, սաղմոսներ երգելով: Բացի դա, մայրս ժողովրդական երգեր էր երգում այնքան մաքուր եւ հուզիչ, որ ես միշտ զարմանում էի: Շատերի կատարմամբ եմ լսել, ասենք, «Որսկան ախպեր» ժողովրդական երգը, բայց ինձ համար ամենակատարյալը մնում է մորս երգածը: Ինչ վերաբերում է երաժշտական կրթությանը, ապա երգի-պարի անսամբլը ինձ համար պակաս դպրոց չէր: Իսկ Թաթուլ Ալթունյանին պարտական եմ բոլոր նվաճումներիս համար…»:
Ինչպես վերհիշել է երգչուհին, 1939-ին անսամբլը մասնակցում է հայ արվեստի եւ գրականության մոսկովյան տասնօրյակին: Վերադառնալուց օրեր անց Ալթունյանը մեկնում է բանահավաքչության. «Բերած երգերի մեջ «Չեմ ու չեմ» պարերգն էր: Մինչ այդ ես միայն պարուհի էի, ու ոչ ոքի մտքով չէր անցնում, թե կարող եմ նաեւ երգել: Ոչ ոքի, բացի Ալթունյանից,- վերհիշել է անսամբլի պարուհի Լուսիկ Քոշյանը:- Այդ մարդը զարմանալի բնազդ ուներ: Նա երբեք չէր լսել իմ ձայնը, բայց կտրականորեն հայտարարեց, որ նշածս երգը ես պիտի երգեմ: Այդպես սկսեցի երգել…»:
Երբ կատարում է երգը, շիկնում է, հուզվում հանդիսատեսին չնկատելու աստիճան: Իսկ Ալթունյանը չի զսպում իր հիացմունքը եւ ասում էր. «Եթե երգի-պարի անսամբլն իմ թագն է, ապա Լուսիկ Քոշյանը՝ այդ թագի ամենափայլուն ադամանդը…»:
Բախտը շարունակում է ժպտալ նորահայտ երգչուհուն՝ մրցանակներ մեկը մյուսի հետեւից, պարգեւատրումներ, ցնծության ծափահարություններ ամենուր: Եվ համերգային շրջագայություններ աշխարհի տասնյակ երկրներով, լեփ-լեցուն դահլիճներ: Ունկնդիրները միայն հայրենակիցներ չէին, այլեւ երգի օտարախոս սիրահարներ: Հանդիսականների պահանջով Քոշյանը ստիպված է լինում նույն երգը հնչեցնել մի քանի անգամ: Իսկ երգացանկում հարյուրից ավելի երգեր էին:
Շատերին է գերել երգն ու պարը գեղեցկորեն համադրած երգի նվիրյալը, այդ թվում՝ նաեւ մեծանուն դեմքերի: «Ճիշտ է, այն ժամանակ ոչ մեկին աստղ չէին ասում՝ Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան, Գոհար Գասպարյան, Շարա Տալյան, Շողիկ Մկրտչյան, Ռուբեն Մաթեւոսյան, ուրիշներ… Մենք այդ մարդկանց «աստղ» չենք անվանել, նման բան չկար: Մենք ասում էինք՝ հրաշալի երգիչ է: Լուսիկն այդ հրաշալիների շարքում էր: Եթե այսօրվա բառով ասենք, նա իսկական լուսատու աստղ էր». այսպիսին է հայ դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի գնահատականը:
Երգչուհու մասին հրապարակումներից մեկում զավեշտանման մի հիշատակում կա, որն այնքա՜ն բան է ասում. «Լուսիկը համերգների գնալուց առաջ 10-ամյա աղջկան՝ Կարինեին, տանում էր Շմիդտի փողոցում ապրող բարեկամի տուն: Մի օր, երբ արդեն վերադառնում էր, երկու ավազակներ են հարձակվում եւ պահանջում վրայի զարդերը: Փողոցը նեղ էր ու մութ: Ավազակներից մեկը հանում է կրակվառիչը, որ տեսնի, թե ինչպես է երգչուհին հանում զարդերը եւ լույսի ներքո ճանաչում է նրան: Ներողություն են խնդրում, վերադարձնում զարդերը եւ ավելացնում. «Հանգիստ եղեք, այսուհետ ոչ մի տեղ եւ ոչ ոք Ձեզ չի անհանգստացնի…»:
Կոմպոզիտորները եւս շատ են սիրել կարկաչաձայն երգչուհուն, երգեր են գրել հատուկ նրա համար: Նույնը եւ աշուղների, գուսանների պարագայում: Սքանչացել են ոչ միայն երգչուհի Լուսիկ Քոշյանով, այլեւ նրա սքանչելի պարով…