Էջմիածնի Մայր տաճար՝ Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում է: Ըստ գիտնակնների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) եւ համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:
Ըստ ավանդության` տաճարը կառուցվել է 301-303 թթ. արքայական ապարանքների մոտ՝ Վաղարշապատ քաղաքում՝ հեթանոսական տաճարի տեղում: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որ 301 թ.՝ Տրդատ Գ-ի օրոք, քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» (մոտ 460 թ.)՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու միածին որդին իջավ երկնքից եւ ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, որտեղ պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ Միածինը։ Ավելի վաղ աղբյուրները տաճարը կոչում են Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցի կամ պարզապես Կաթողիկե: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին։ Տոնի օրը մատուցվում է սուրբ պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաեւ նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին։
1955-1956 եւ 1959 թթ. Ալեքսանդր Սահինյանի ղեկավարած հնագիտական պեղումների ընթացքում այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին 5-րդ դարի շինության մնացորդներ։