Եվրոպան պարբերաբար 2023 թ. սպասվելիք էներգետիկ խոր ճգնաժամը հնարավորինս մեղմացնելու քայլեր է մտածում։ Բանն այն է, որ այս տարի գազապահեստարանները դեռ լցված են, բայց, ինչպես Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարն է նշել, մինչեւ հաջորդ տարվա փետրվար պահեստարանների զբաղվածությունը 90 տոկոսից կարող է նվազել մինչեւ 25-20 տոկոս։ Խոր ճգնաժամը մեղմացնելու քայլերից մեկն այն է, որ ազգայնացվում են էներգետիկ ընկերություններ։ Ֆրանսիան, օրինակ, EDF ընկերության ամբողջական ազգայնացման գործընթաց է սկսել, նախ՝ որովհետեւ այս ընկերությունը մեծածավալ պարտքերով ծանրաբեռնված է, եւ հետո՝ ազգայնացման գործընթացով Ֆրանսիան ցանկանում է էներգակիրների մատակարարումների վրա լիարժեք վերահսկողություն ապահովել։
Ինչքանով ազգայնացման գործընթացը կօգնի դիմակայելու ճգնաժամին, ժամանակը ցույց կտա, իսկ առայժմ այդ ճգնաժամը Եվրոպայում խորանում է։ Բացի այդ՝ ԵՄ առանձին երկրներ առանձին քայլեր են ձեռնարկում, ինչը երբեմն ձեռք չի տալիս ԵՄ մեկ այլ երկրի։ Օրինակ, Բեռլինը հայտնվեց քաղաքական աշխույժ քննարկման առանցքում այն բանից հետո, երբ դատապարտեց էներգետիկ ճգնաժամի տնտեսական հետեւանքները հաղթահարելու համար ԵՄ-ում նոր պարտքային պարտավորություններ թողարկելու ֆրանսիացի եւ իտալացի եվրահանձնակատարների առաջարկը (Politico)։ Բանն այն է, որ Գերմանիան ասել էր, թե մինչեւ 200 մլրդ եվրոյի ներարկում կանի իր տնտեսության մեջ, որպեսզի հնարավորինս մեղմի էներգակիրների գնաճի հետեւանքները թե՛ սպառողների եւ թե՛ արդյունաբերության համար։ Սրանից դժգոհել էին Ֆրանսիան եւ Իտալիան՝ ճիշտ չհամարելով «զանգվածային միջամտությունը»։ Որովհետեւ դա եվրոպական միասնական շուկայում անհավասարակշռություն կստեղծի՝ գերմանական ընկերություններին առավելություն տալով ԵՄ մրցակիցների նկատմամբ։ Շվեդիան էլ որոշել է էներգետիկ ընկերություններին միլիարդավոր կրոններ առաջարկել, որպեսզի վերջիններս խուսափեն ֆինանսական ճգնաժամից։
Փորձագետները կանխատեսում են, որ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը կարող է ցնցել եվրոպական ֆինանսական համերաշխությունը, հանգեցնել ներքին անկարգությունների՝ դրանից բխող քաղաքական եւ սոցիալական բոլոր հետեւանքներով հանդերձ։
Օրինակ՝ նույն Գերմանիան զգուշացնում է էներգետիկ ճգնաժամի պատճառով հիվանդանոցների փակման մասին։ Այս մասին դեռ հոկտեմբերի 16-ին հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը RND-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ռուսական էներգառեսուրսների մատակարարման խափանումների պատճառով առաջացած խնդիրները կարող են վտանգել բոլոր սոցիալական հաստատությունները եւ զգուշացրել է կլինիկաների մոտալուտ սնանկության իրական վտանգի մասին։ Ըստ Լաուտերբախի, 2022 եւ 2023 թվականներին սոցիալական ոլորտի ֆինանսավորման բացը կկազմի մոտ 15 միլիարդ եվրո: «Այս պայմաններում պետությունը չի կարողանա աջակցել բոլոր ձեռնարկություններին ու կազմակերպություններին, որոնք դրա կարիքն ունեն։ Մենք սոցիալական ֆոնդ չենք կարող ներդնել ամեն ոլորտի համար»,- հայտնել է նախարարը։
Մինչ այդ՝ հոկտեմբերի 10-ին, Գերմանիան հայտնել էր սնանկացած ընկերությունների թվի կտրուկ աճի մասին։ Հստակեցվել էր, որ այս տարվա սեպտեմբերին սնանկացած ընկերությունների եւ կորպորացիաների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 տոկոսով ավելի է։
Նույն խնդիրն առկա է եվրոպական այլ երկրներում եւս։ Կանխատեսվում է, որ հաջորդ տարի համաշխարհային տնտեսությունը կարող է բախվել աշխարհի պատմության մեջ ամենավտանգավոր էներգետիկ ճգնաժամին։ Եվ ռեցեսիայի այդ ծավալները կգերազանցեն 1970-ականների ճգնաժամի մասշտաբները, քանզի սպասվողը ոչ միայն նավթային, այլեւ գազային ճգնաժամ է։ Ու սպասվելիք ճգնաժամը մեկ այլ տարբերակիչ հատկանիշ էլ ունի՝ տրանսֆորմացիոն էներգետիկ բնույթը։ Խոսքն այն մասին է, որ աշխարհի առաջատար տնտեսությունների մի շարք կենտրոնական բանկերի կողմից հիմնական տոկոսադրույքների զգալի աճը հանգեցրել է այն վարկերի արժեքի բարձրացման, որոնք անհրաժեշտ են էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման համար։ Ըստ «գազետա.ռու»-ի, հոկտեմբերի 23-ին Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը խոստովանել է, որ Եվրոպան չի կարողանա ինքնուրույն հաղթահարել 2023 թ. համաշխարհային էներգետիկ ճգնաժամի բացասական հետեւանքները։ Արդեն տարածաշրջանը ստիպված է դիմակայել տնտեսության ապաարդյունաբերականացմանը։ Դա պայմանավորված է նրանով, որ եվրոպական ընկերությունները գազի համար վճարում են տասն անգամ ավելի շատ, քան ԱՄՆ-ի կամ Չինաստանի իրենց մրցակիցները:
Այս փաստերը բերվեցին ցույց տալու այն պատկերը, որն առկա է Եվրոպայում՝ բացասական սպասումներով։ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները պատժում են պատիժը սահմանող կողմին։ Պատճառն ամենեւին էլ բումերանգի էֆեկտը չէ, այլ՝ տրանսպորտային եւ էներգետիկ հանգույցների կառուցվածքի տրամաբանությունը, որ Եվրոպային էներգետիկ կախվածության մեջ է գցում Ռուսաստանից։ Եվրոպան սա գիտի եւ այս կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունից միշտ է խոսել՝ ռուս-ուկրաինական ծավալումներից առաջ էլ։
Ընդհանրապես եթե ուշադիր հետեւենք աշխարհի էներգետիկ դիվանագիտության ելեւէջումներին, կտեսնենք, որ հաճախ երկրները հենց այս ոլորտի (տրանսպորտային եւ էներգետիկ լոգիստիկա) կառուցվածքային տրամաբանությունից ելնելով են որոշում արտաքին քաղաքական ուղղվածությունները։ Հակառակ պարագան բերում է բազմաթիվ մարտահրավերներ, որոնց դիմակայելը լայնամասշտաբ ռեսուրսներ է խլում։ Հայաստանն այս օրինաչափությունից բացառություն չէ։ Ուստի հարկ է, որ արտաքին քաղաքական ցանկացած երկխոսություն վարելիս հաշվի առնենք մեր՝ նշյալ ոլորտի կառուցվածքային տրամաբանությունը եւ այն խախտելու հետեւանքով ռիսկերը, հեռանկարները, ձեռքբերումներն ու հակառակի հետեւանքները։ Այս ամենը կշեռքի նժարին դնելուց հետո հաստատ կտեսնենք առկա եւ մեզ ձեռնտու ուղղությունները։ Մեր աշխարհագրական դիրքը, ինչու ոչ, մեզ թույլ է տալիս գտնել նաեւ նոր ուղղություններ, այդ նորին ներկայացնել մեզ հետ փոխգործակցության ձեռնտու լինելը։ Բայց այս ամենը պետք է վերլուծել ու հաշվարկել սառը՝ վերջնահաշվարկում ունենալով միայն հայկական ազգային ու պետական շահը։