Սոչիի եռակողմ հանդիպումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը կարճատեւ աշխատանքային այց կատարեց Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, որ շատ կարեւոր այց է ունեցել Իրան:
Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրվեցին էական պայմանավորվածություններ, որոնցից հիմնականը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրով ու հարակից փաստաթղթերով ամրագրված ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների՝ որպես կարգավորման հիմք ընդունելու դրույթն է: Լիովին օրինաչափ էր, որ ՀՀ վարչապետը Սոչիի հանդիպման արդյունքներով պետք է առաջին հերթին կիսվեր Իրանի իր գործընկերոջ հետ, երբ 44-օրյա պատերազմից հետո գրեթե ամսական հաճախականությամբ Թեհրանը հայտարարում է, որ չի ընդունի տարածաշրջանի երկրների՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը:
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հայկական կողմը կարեւորում է, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունը տեղեկացված լինի, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստերում. «Քննարկել ենք տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, եւ այս ուղղությամբ նույնպես Հայաստանի Հանրապետությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում: Մենք ընդգծում եւ գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռայիսիին պատմել եմ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին եւ կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու օրակարգի, ընթացիկ գործընթացների շուրջ»:
Թեհրան ՀՀ վարչապետի այս այցն առաջին հերթին արտաքին հավասարակշռված եւ դիվերսիֆիկացված քաղաքականության համատեքստում է տեղավորվում, ինչը մեր բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում դրական արդյունքների հասնելու առանցքային գործոններից է: Եթե այստեղ արձանագրենք, որ խոսքը Հայաստանի հետ ընդհանուր բնական շահեր ունեցող պետության մասին է, ապա այդ այցի կարեւորության պատկերը կամբողջանա: Մյուս կողմից՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամության մասին վերջերս ակտիվորեն բարձրաձայնող Թեհրանին կարգավորման գործընթացներից հեռու պահելը կոպտագույն սխալ է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ այնպիսի ընդգրկուն հիմնահարցը, ինչպիսին է Արցախի հակամարտությունը, հնարավոր է լուծել միայն տարածաշրջանի բոլոր երկրների խոսքն ու դիրքորոշումները հաշվի առնելով եւ նրանց մասնակցությամբ:
Այդ մասին խոսեց նաեւ Իրանի նախագահը համատեղ ասուլիսի ժամանակ. «Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային եւ քաղաքակրթության մի մասն է, եւ մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատումը շատ մեծ կարեւորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որեւէ խնդիր չի լուծում, այլեւ խնդիրներն ավելացնում է: Տարածաշրջանի համագործակցությունն է, որ երաշխավորելու է երկրների միջեւ ամբողջական եւ հարատեւ խաղաղություն»:
Իրան ՀՀ վարչապետի կատարած այցի մյուս կարեւոր բաղադրիչը տնտեսական էր, որի շրջանակներում Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եւ Իրանի նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: ՀՀ-ի եւ Իրանի ղեկավարներն իրենց խոսքում էլ հատուկ շեշտադրել են տնտեսական համագործակցության գործոնը, որն այս դեպքում լիովին տեղավորվում է քաղաքական գործընթացների համատեքստում, քանի որ հայ-իրանական տնտեսական համագործակցությունը եւ առեւտրի ծավալները 3 մլրդ դոլարի հասցնելու թիրախի նախանշման հիմքում երկու երկրների միջեւ պատմական, հազարամյակների ցամաքային կապի անխափանության հիմնադրույթն է ընկած, որը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ անմիջական կապ ունի:
Միանշանակ է, որ Ադրբեջանի ղեկավարը Սոչիի հանդիպման մանրամասներն արդեն ներկայացրել է տարածաշրջանի մյուս երկրի՝ Թուրքիայի ղեկավարին: Ավելորդ չէ արձանագրելը, որ Սոչիի հանդիպման հաջորդ իսկ օրը Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Քննարկվել են Ուկրաինայից ցորենի արտահանման խնդիրները, ինչպես նաեւ Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդյունքները: Վերեւում հիշատակված այցերն ու հեռախոսազրույցը լիովին տեղավորվում են տարածաշրջանի երկրների բնականոն փոխգործակցության շրջանակներում եւ կարող են միայն նպաստել արցախյան հիմնահարցի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: