2022 թ. նոյեմբերի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5 տոկոս: Ինչքանո՞վ էր սա ճիշտ, անհրաժե՞շտ էր, արդյոք, գնաճի այս համապատկերում։ Եթե արդարացումը տնտեսական աճն է, ապա չմոռանանք, որ վիճկոմիտեի հրապարակած տվյալներն անվանական են եւ ոչ փաստացի։
«Ընդհանուր առմամբ սա ստիպողական քայլ էր, քանի որ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը մեզ մոտ վերջին տվյալով կազմել է 9.9 տոկոս, իսկ սննդամթերքի շուկայում 13.7 տոկոս է: Սա այն դեպքում, երբ ԿԲ կողմից սահմանված գնաճի նպատակային շեմը 4+/-1.5 տոկոս է: Թեեւ մեզ մոտ, սկսած դեռեւս գարնան սկզբից, դրամի կտրուկ արժեւորման գործընթաց է սկսվել առաջատար արժույթների նկատմամբ, սակայն համաշխարհային շուկայում ձեւավորված գնաճային բարձր միջավայրից ածանցվող գործոնները նոր գնաճային ճնշումներ են առաջացնում ներքին շուկայում, եւ նման պարագայում դա զսպելու ամենաարագ գործիքը մնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ինչը եւ կատարվեց»,- «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը:
Մասնագետը միաժամանակ հավելեց, թե զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են էականորեն խստացնել դրամավարկային պայմանները: Ընթացիկ տարում վերջիններս մի քանի անգամ արդեն իսկ դիմել են եւ այժմ էլ դիմում են տոկոսադրույքի բարձրացման գործիքի կիրառմանը՝ ԱՄՆ, ԵՄ, Մեծ Բրիտանիա: Ըստ այդմ էլ, համաշխարհային տնտեսությունում դիտարկվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: Սա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմամբ, սակայն ընդհանուր գնաճը ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դեռ պահպանվում է բարձր մակարդակում:
Կարեն Սարգսյանը հիշեցրեց, որ գնաճային իրավիճակը սրվել էր դեռ համավարակի տարածման ընթացքում, երբ համաշխարհային ֆինանսական համակարգ ներարկվեց հսկայածավալ փողային զանգված, որը տարբեր հաշվարկներով կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 50 տոկոսը: Համավարակի հետեւանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների հիմնական առանձնահատկությունը, այսպես կոչված, «ուղղաթիռային» փողերն էին, որոնք ուղղակիորեն գնում են սպառողներին կամ տնտեսության իրական հատված` արտոնյալ վարկերի եւ սուբսիդիաների տեսքով: Եթե, օրինակ, նախորդ տասնամյակում տնտեսությանը օժանդակելու համար հատկացված միջոցները հիմնականում ուղղվում էին դեպի ֆինանսական շուկաներ՝ խթանելով ֆինանսական ակտիվների գները, ապա այժմ տրիլիոնավոր դոլարներ շրջանառվում են արդեն տնտեսության լայն հատվածում: Փաստացի ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցություններն էլ ավելի սրեցին համաշխարհային շուկայում ձեւավորված գնաճային բարձր միջավայրը՝ էներգակիրների, սննդամթերքի եւ լոգիստիկ շղթաների սպասարկման գների թռիչքաձեւ աճի հաշվին: «Եվ գնաճային նման բարձր մակարդակի պայմաններում երկրների իշխանությունները կանգնում են բավական բարդ ընտրության առջեւ,- ասաց մասնագետը,- գնաճը կարող է արժեզրկել քաղաքացիների խնայողությունները, ազդել կենսամակարդակի վրա: Սակայն մյուս կողմից էլ ֆինանսական մեղմ քաղաքականությունից հրաժարվելը՝ գնաճը զսպելու նպատակով, կարող է լուրջ վնաս հասցնել տնտեսությանը»:
2022 թ. 3-րդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են: Տնտեսագետը, սակայն, բացատրեց, որ տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի դրական ազդեցությունը՝ արտահայտվելով ծառայությունների ոլորտի էական ավելացմամբ: Պահանջարկի ընդլայնմանը նպաստում է միջազգային այցելուների եւ ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը: Սա միաժամանակ արտահայտվում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության դիրքի բարելավմամբ եւ դրամի փոխարժեքի արժեւորմամբ: Բարձր պահանջարկը նպաստում է աշխատուժի շուկայի աշխուժացմանը, ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը եւ բարձր գնաճային սպասումների պահպանմանը: Նման իրավիճակում կարեւորվում է հարկաբյուջետային եւ դրամավարկային կոորդինացված զսպող քաղաքականության իրականացումը:
«Հարկ է նշել, որ տնտեսական աճի տեմպերը հիմնականում պայմանավորված են արտաքին պահանջարկի ազդեցություններով, եւ այս պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, կարծում եմ, էականորեն չի ազդի այդ գործոնների վրա, այլ կկրճատի ներքին պահանջարկը, որն արդեն իսկ որոշակիորեն կրճատվել էր արձանագրված բարձր գնաճի պայմաններում: Սակայն մյուս կողմից գնաճի բարձր տեմպերի պահպանումը կարող էր որոշակիորեն խոչընդոտել դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացմանը, ուստի ԿԲ-ն որոշեց գնալ այս քայլին: Բացասական ազդեցությունը կլինի այն, որ ԿԲ այս քայլը կարող է զսպել տնտեսական աճի տեմպերը հատկապես այն ոլորտներում, որտեղ արտաքին պահանջարկի ազդեցությունը չնչին է կամ գոյություն չունի»,- եզրափակեց մասնագետը: