Իսրայելում տեղի են ունեցել խորհրդարանի՝ Կնեսետի ընտրությունները: 2009-2021 թթ. երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հաղթանակ է տոնել՝ իր դաշնակիցների հետ միասին հավաքելով այնքան ձայներ, որքան չէին «խոստանում» անցկացված հարցումները: Վարչապետի աթոռին Նաթանյահուի վերադարձին կարող է խանգարել միայն նրա վեճը կրոնական կուսակցությունների հետ: Վերջիններս երկրում շատ ավելի հանրաճանաչ են, քան կարելի էր սպասել:
Ընտրությունների արդյունքների մասին առաջին տեղեկությունները, որոնք վկայում էին նրա կողմնակիցների հաղթանակի մասին, Նաթանյահուն շատ զուսպ է մեկնաբանել՝ ասելով, որ դա «լավ մեկնարկ է»: Իսրայելի այժմյան վարչապետ Յաիր Լապիդը երկար ժամանակ հրաժարվում էր մեկնաբանել քվեարկության արդյունքները: Նա իր կողմնակիցներին կոչ էր անում սպասել ամփոփիչ արդյունքներին, այնուհետեւ միայն կատարել եզրակացություններ:
Արդեն ձայների 86 տոկոսի հաշվարկը Լապիդին լավատեսության ոչ մի հիմք չէր տալիս: Նրա կուսակցությունը ստացել էր ձայների մոտ 18 տոկոսը: Նաթանյահուի կուսակցության օգտին քվեարկել էր 23 տոկոսը, եւ նա իր դաշնակիցների հետ միասին կարող է խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել: Իսկ այն ժամանակ, երբ հաշվված էր քվեաթերթիկների 97 տոկոսը, պարզ դարձավ, որ Լապիդն իզուր է հրաշքի սպասում: «Լիկուդն» ու նրա դաշնակիցները Կնեսետում ստացան 65 տեղ՝ 120-ից, իսկ Լապիդի կոալիցիան՝ ընդամենը 50: Դա նշանակում է, որ Նաթանյահուի նշանակումը վարչապետի պաշտոնում ավելի քան հավանական է:
Նաթանյահուի հաղթանակի մեջ մեծ դեր են կատարում նրա դաշնակիցների հաջողությունները։ «Շաս» կուսակցությունը կողմնորոշված է դեպի ծայրահեղ ուղղափառ հրեաները, ներառյալ՝ արաբական երկրներից, ինչպես նաեւ դեպի «Թորայի հրեաները», որոնց ընտրազանգվածը չափավոր կրոնական հրեաներն են՝ Եվրոպայից: Սակայն աննախադեպ հաջողություն արձանագրեց «Կրոնական սիոնիզմը», որը Կնեսետում կստանա առնվազն 14 մանդատ։ Այս քաղաքական ուժի առաջնորդները՝ Բեցալելյա Սմոտրիչն ու Իտամար Բեն-Գվիրը, կընդգրկվեն կառավարության կազմում։ Երկուսն էլ, հատկապես՝ Բեն-Գվիրը, վայելում են ծայրահեղ աջերի, գրեթե ծայրահեղականների համբավ։ Սա կարող է էապես բարդացնել կառավարության ձեւավորումը։ Միեւնույն ժամանակ քաղաքագետների եւ սոցիոլոգների համար առեղծված է առաջանում՝ ինչու իսրայելցիները գերադասեցին քվեարկել ծայրահեղ աջերի օգտին, որոնք շատերի կողմից որպես մարգինալ են ընկալվում:
Իհարկե, իրենց դերը կատարեցին նաեւ օբյեկտիվ գործոնները: Քանդվեց «Յամինա» դաշինքը: Այն միավորում էր աջերին, որոնք հանդես էին գալիս Նաթանյահուի դեմ: «Յամինայի» ընտրազանգվածի մեծ մասը թեքվեց դեպի «Կրոնական սիոնիզմ»: Բացի այդ, վճռորոշ էր ծայրահեղ աջերի գլխավոր կետը. նրանք խոստանում էին կոշտ միջոցներով պայքարել ահաբեկչության դեմ: Իսրայելը, կարելի է ասել, սովորել է ապրել մշտական սպառնալիքների պայմաններում, սակայն պետք է նկատի ունենալ, որ իսրայելական հասարակությունը հոգնել է այս վիճակից: Հենց ընտրությունների օրը Իսրայելում հարձակում է եղել զինվորականների վրա: Նախնական տվյալներով՝ այդ հարձակման պատասխանատվությունն ընկնում է «Իսլամական ջիհադ» կազմակերպության վրա:
Իր դերը, անշուշտ, խաղաց նաեւ հանրության մեջ կրոնական հրեաների թվի աճը: Այս ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 71 տոկոսը, ինչն Իսրայելի պարագայում բարձր ցուցանիշ է: Այն, ըստ էության, ապահովել է երիտասարդությունը, ընդ որում՝ կրոնական ընտանիքներից:
Վերջին շրջանում ռուսական եւ ուկրաինական կողմերը շատ են խոսում այն մասին, թե, ի վերջո, ում կողմը կանցնի պաշտոնական Թել Ավիվը: Ուկրաինական իշխանությունները նույնիսկ խնդրել են Վաշինգտոնին, որպեսզի վերջինս ազդի Իսրայելի վրա՝ կողմնորոշվելու եւ Ուկրաինային զենք մատակարարելու համար: Այդ սպասումները սրվել են, որովհետեւ նոր իշխանությունների հնարավոր դիրքորոշումն առայժմ պարզ չէ: Վարչապետի պաշտոնում Նաթանյահուի հնարավոր նշանակման մասին լուրը որոշակի զուսպ լավատեսություն է առաջացրել ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում, քանի որ Նաթանյահուն ունի այնպիսի մարդու համբավ, ով ի վիճակի է ընդհանուր լեզու գտնել Մոսկվայի հետ:
«Մենք հույս ունենք, որ այդ երկրի նոր կառավարությունը, ինչպիսին էլ որ այն լինի, կպահպանի Ռուսաստանի հետ բազմապլանային համագործակցության զարգացման ու ամրապնդման կուրսը, ինչը շատ տարիներ է դրսեւորվել: Մենք՝ մեր կողմից, դրան պատրաստ ենք»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Իսկ ահա Հայաստանում Բենիամին Նաթանյահուի հնարավոր նշանակումը ստիպում է մտածել, թե ինչպիսին կլինի այդ երկրի քաղաքականությունը մեր տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Բենիամին Նաթանյահուն ակտիվորեն օգնում էր Ադրբեջանին՝ օգնելով նրան զենքով ու նաեւ մասնագետներով: Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացումը վերընթաց աճ է արձանագրել նաեւ Նաթանյահուին հաջորդած իշխանությունների օրոք՝ վկայելով, որ այս երկրներին կապում են ոչ թե արժեքային ընդհանուր համակարգերը, այլ Իրանի դեմ տրամադրվածությունը: Հայտնի է, որ Բաքուն Անկարայի ուղեծրում է եւ, անկախ իրանական շրջանակներում գոյություն ունեցող հույսերից, թե ադրբեջանցիների հետ հարաբերությունները դեռ կարելի է կարգավորել, միշտ կարող է թիկունքից հարվածել Իրանին, առավել եւս, որ ժամանակին ստեղծվել է թուրքերի օգնությամբ եւ իր անվանումն էլ ստացել է ոչ թե ազգային պատկանելության, այլ հեռանկարում Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար: Իսրայելը վերջին շրջանում ձգտում է կարգավորել հարաբերությունները պաշտոնական Անկարայի հետ: Այս երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հոկտեմբերի սկզբին այցելել են Բաքու, իսկ Իսրայելի հետ հարաբերությունների փաստն ամեն գնով թաքցնելու Ադրբեջանի նպատակն այլեւս գաղտնիք չէ: Ադրբեջանական իշխանական կառույցներին մոտ կանգնած լրատվամիջոցներն սկսել են ազատորեն խոսել այն մասին, որ «ձեւավորվել է հզոր դաշինք՝ Իսրայել-Թուրքիա-Բաքու»: Այս պայմաններում, երբ իսրայելական հատուկ ծառայությունները մեղադրվում են Իրանում անկարգություններ սադրելու փորձերի մեջ, նաեւ Հայաստանի համար է անչափ կարեւոր, թե ինչպիսին կլինեն Նաթանյահուի քայլերը տարածաշրջանում, ինչին կհետեւենք ամենայն ուշադրությամբ: