Հատկապես դժվար ժամանակներում մարդիկ ավելի շատ հավատում են ու սպասում հրաշքի, քան իրականությանը, այսինքն՝ հավատում են այն բանին, որը չկա՝ ի հակառակ եղածի: Անշուշտ, հրաշքի հավատալը, հրաշքի սպասելը բնական ցանկություն է, որը բնորոշ է բոլոր ժամանակներին: Ինչպես ասում էր Ալբերտ Այնշտայնը՝ «Ապրելու երկու եղանակ կա՝ կարող ես ապրել այնպես, ասես այս աշխարհում հրաշքներ չկան, եւ կարող ես ապրել այնպես, կարծես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է»: Բայց մարդկանց մեծ մասն ավելի շատ սպասում է հրաշքի, քան հավատում դրան, որովհետեւ կան մարդիկ, ովքեր չեն հավատում հրաշքի, բայց կամա թե ակամա, ուզած թե չուզած, այլ ելք չունենալով՝ սպասում են դրան:
Ցավալիորեն էլ ավելի քիչ են նրանք, ովքեր ցանկանում են կամ ձգտում են հրաշքն ու իրականությունը մոտեցնել միմյանց եւ մի շոշափելի ու տեսանելի ամբողջություն դարձնել: Սա վերաբերում է մարդկանց գերակշիռ մասին, որովհետեւ ինչ-որ մի մաս, այնուամենայնիվ, ձգտում է դա անել: Եվ գնալով ավելի ու ավելի շատ է զգացվում այդպիսի՝ ինչ-որ բան անելու ձգտող ու ինչ-որ բան անող մարդկանց կարիքը:
Ասենք, տնտեսական հրաշքին հավատացողներն ու սպասողներն ավելի շատ են, քան այն կերտողները եւ կերտելուն մասնակցել ցանկացողները: Ուժեղ պետության հրաշքին հավատացողները եւ սպասողներն ավելի շատ են, քան այն ստեղծելուն մասնակցողներն ու դրան մասնակցել ցանկացողները: Արդարության հրաշքին հավատացողներն ավելի շատ են, քան դրան սպասողները, բայց նրանք միասին ավելի շատ են, քան այդ արդարությունը կերտողները, եւ այսպես շարունակ…
Հավասարակշռության նժարը միայն մի դեպքում է թեքվում մյուս կողմը՝ ֆանտաստ գրողներն ավելի քիչ են, քան նրանց ստեղծած եւ ստեղծվող գրականությունն ընթերցողները, ֆանտաստ ռեժիսորներն ավելի քիչ են, քան նրանց հեղինակած ֆիլմերի սիրահարները… Եվ, ընդհանրապես, կարծես թե աշխարհում ստեղծողներն ավելի քիչ են, քան ստեղծելու մասին խոսողները եւ ստեղծվելիքին սպասողները:
Բայց նաեւ կա մի իրավիճակ, որի պարագայում, թերեւս, գրեթե հավասարություն է. խոսքը պատերազմի մասին է: Պատերազմ հրահրողներն ու ստեղծողները թվով գրեթե հավասար են նրանց, ովքեր սպասում են պատերազմին, ովքեր հավատում են պատերազմին: Նրանք երկուսն էլ քիչ են, եւ, ընդհակառակը, բարեբախտաբար, գերակշռում են նրանք, ովքեր ոչ միայն չեն սպասում, չեն ձգտում, որ պատերազմ լինի, այլեւ չեն ուզում, որ լինի:
Այս դեպքում հրաշքի սպասելը, թերեւս, արդարացված է. արդարացված է, որ մարդիկ ուզում են հավատալ այն հրաշքին, որի շնորհիվ պատերազմ չլինի կամ չի լինի: Բայց այստեղ եւս ոչ թե պետք է սպասել այդ հրաշքին, այլեւ ամեն ինչ անել, որ, ինչպես վերն ասվեց, հրաշքն ու իրականությունը մոտեցվեն իրար եւ մի ամբողջություն դառնան՝ խաղաղություն, ստեղծարա՛ր, այլ ոչ թե կործանարար խաղաղություն…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ