Փիլիսոփան ոչ միայն օգնում է մեզ
հասկանալու, որ կարող ենք սխալվել,
այլեւ հնարավորություն է տալիս
ինքնուրույն պարզելու, թե
ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ:
Էլան դե Բաթեն
Ինքնին հասկանալի է, որ ինչքան էլ ձգտենք կառավարչական լավագույն որոշման կայացմանը, միեւնույն է, սխալներն անխուսափելի են՝ առարկայական եւ ենթակայական հանգամանքների պատճառով: Դեռ հները գիտեին՝ «Errare humanum est»՝ մարդս սխալական է: Իսկապես, սխալվում են նաեւ տարբեր մակարդակի կառավարիչներն ու առաջնորդները, որոնց կայացրած որոշումը վճռորոշ է լինում մեծաթիվ մարդկանց համար: Չէ՞ որ որոշումը հատկապես կայացվում է իրավիճակային անորոշությունը հաղթահարելու եւ գործունեության՝ հիմնավորված նպատակ ձեւավորելու համար, որով պիտի ապահովվի կազմակերպության ապագա վիճակի ձեւավորումը: Վերջինս կանխատեսելի է, հիմնականում ուրվագծելի, եթե գիտենք իրերի միջեւ առկա պատճառահետեւանքային կապերը, բայց արդյոք մի՞շտ է հնարավոր գտնել միակ ճիշտ լուծումը, երբ խնդրի լուծման մեկից ավելի հեռանկարներից պիտի վերջնական ընտրություն կատարվի, ընտրություն, որի հիմքում ոչ միշտ է ստույգ գիտելիքը լինում: Սրան գումարենք ժամանակի սղությունը, տեղեկատվության պակասը եւ թերի ապահովվածությունը, հենց իր՝ կառավարչի կամ առաջնորդի մտավոր եւ հոգեւոր վիճակը… Ի վերջո, բուն նպատակի իրականացման մեջ չի բացառվում ոչ միայն հավանական գիտելիքի ազդեցությունը, այլեւ պատահական իրադարձությունների դերը:
Մեջբերված լատիներեն ասացվածքի ավելի ծավալուն տարբերակն է՝ «Errare humanum est, stultum est in errore preseverare»՝ մարդս սխալական է, բայց հիմարություն է սխալի մեջ համառելը: Հիրավի, իմաստուն վարքականոն է, զուր չէ, որ մշտապես կրկնվել ու կրկնվում է՝ տարբեր ձեւակերպումներով: Օրինակ՝ 18րդ դարի գերմանացի փիլիսոփա Գեորգ Լիխտենբերգն է մեզ խորհուրդ տալիս գիտակցելու մեր ընդոծին սխալականության հնարավորությունը եւ շատ բան չակնկալել անվիճելի ճշմարտությունների հարցում. «Ավելի իմաստուն դառնալ՝ նշանակում է առավել լավ ճանաչել այն գործիքի հնարավոր սխալները, որի օգնությամբ մենք զգում ենք եւ դատում: Դատողությունների մեջ շրջահայացություն՝ ահա՛ թե ինչ պետք է հանձնարարել այսօր բոլորին եւ յուրաքանչյուրին: Եթե տասը տարին մեկ անգամ յուրաքանչյուր գրող փիլիսոփայից մենք ստանայինք թեկուզ մեկական անվիճելի ճշմարտություն, ապա մեր բերքը միշտ բավական առատ կլիներ»:
Կառավարչին տրվող «շրջահայացության հանձնարարականը» հետեւյալը պիտի լինի: Նրա հիմնական անելիքը ոչ միայն տվյալ պահին, այսինքն՝ մի կողմից՝ սեփական իմացության եւ հմտությունների մակարդակի, մյուս կողմից՝ իրեն ընձեռված օբյեկտիվ պայմաններում, սխալների հնարավորինս բացառումն է, այլեւ կատարված սխալների անվերապահ ընդունումը, դրանցից դաս քաղելը, իսկ երբեմն նույնիսկ այս կամ այն սխալից ուղղակի օգուտ քաղելը: Այս տեսակետից կարելի է, թերեւս, համաձայնել «սխալների միջոցով դեպի հաջողություն» (to success – through mistakes) բանաձեւի հեղինակների հետ, ընդունել այն ճշմարտությունը, որ նույնիսկ իռացիոնալ որոշ երեւույթներ կարող են պիտանի հուշումներ եւ լուծումներ բովանդակել: Թեպետ, անտարակույս, ավելի ճիշտ եւ արդյունավետ ռազմավարությունը հնարավոր սխալների եւ ձախողումների կանխատեսումն է եւ կանխումը:
Առավել հանգամանալից քննարկման համար, եթե սահմանափակվենք կառավարչի (առաջնորդի) գործելակերպից ածանցվող սխալների դիտարկմամբ, ապա պիտի ասել, որ դրանք հետեւանք են լինում հիմնականում կառավարչի մտածելակերպում առկա կարծրատիպերի շեղող ազդեցության:
Կարծրատիպերը, ինչպես հայտնի է, մեզ մանկուց ուղեկցող քարացած պատկերացումներ են, որոնք երկակի դեր են խաղում՝ օգնում են նոր երեւույթները ճանաչելու, բայց եւ կարող են իմացության խոչընդոտ դառնալ, երբ ակամա կառչում ենք դրանց, ուզում ենք նոր իրողություններն ըմբռնել միայն ու միայն հին կաղապարների միջոցով: Սխալների որոշակի ընկալումը, ըստ էության, նույնպես կարծրատիպի տեսակ է, որ ձեւավորվում է արդեն անհատի առաջնային սոցիալականացման փուլում՝ ծնողների վերաբերմունքի ազդեցությամբ: Սխալվելը, ձախողվելը, անհաջողությունը գրեթե բոլոր մշակույթների մեջ ընկալվում է որպես կորստաբեր եղելություն, անհատին հեղինակազրկող հանգամանք, գրեթե «ձախորդ Փանոսի» համախտանիշ: Նպաստո՞ւմ է արդյոք նման ավանդույթը կառավարչի (առաջնորդի) «դատողությունների շրջահայացությանը» եւ ավելի իմաստուն վարվելակերպ դրսեւորելուն:
Արդ, զուր չէ ամերիկացի կառավարաբան Ռոբերտ Կիյոսակին կրթական հաստատությունների թերություն համարում այն, որ սովորողներին սխալ կատարելու համար պատժում են. մինչդեռ հատկապես սովորելու ընթացքում անխուսափելի են սխալները: «Ես համոզված եմ, որ անհաջողությունները ճանապարհ են հարթում դեպի հաջողություն: Խելացի շատ մարդիկ, որ դպրոցում լավ են սովորել, չեն դառնում հարուստ միայն այն պատճառով, որ կրթական համակարգը նրանց ընտելացրել է համարել, որ սխալներ կատարելը հիմարության նշան է: Իրականում, կատարված սխալները մարդուն ավելի խելացի են դարձնում, եթե նա դրանցից դասեր է քաղում»: Եվ ուրեմն, պիտի արմատապես փոխվի սխալի հանրային ընկալման հարացույցը. ամեն մի սխալ պիտի առնվազն դառնա սխալվողի ինքնուրույն վերլուծության առարկան եւ օգտակար փորձի ձեռքբերման հիմքը:
Ամերիկացի վերլուծաբան Հենրի Պետրոսկին «Հաջողություն ձախողման միջոցով» գրքում որպես վերնագրի դատողության հաստատում բազում օրինակներ է բերում գիտության, տեխնիկայի, արդյունաբերության, շինարարության, գյուտարարության եւ այլ ասպարեզներից: «Ճարտարագիտական եւ նախագծային ամեն մի հիմնախնդրի լուծման համար գոյություն ունի երկու մոտեցում՝ հաջողությանը հիմնված (succesbased) եւ ձախողմանը հիմնված (failurebased): Պարադոքսն այն է, որ երկրորդ մոտեցումը միշտ ավելի մեծ հնարավորություն է ունենում հաջողության»: Որպես լուսաբանում բերվում է կամրջաշինության օրինակը, երբ ճարտարագետն ավելի կատարյալ լուծումներ է գտնում՝ հենվելով ոչ թե նախկին նվաճումների, այլ հատկապես թերությունների, սխալների, ձախողումների վերլուծության վրա: Հրատարակված գրքերը նույնպես ունենում են սխալներ ու թերություններ, եւ ահավասիկ, ըստ հեղինակի պատկերավոր ձեւակերպման, «քննադատները ոչ այլ ինչ են, եթե ոչ ձախողման վերլուծաբաններ»: Նույնը վերաբերում է արտադրողների եւ սպառողների փոխհարաբերություններին. «Դժգոհ սպառողները այդկերպ արտադրության կառավարման կազմակերպման համար հետադարձ կապի կարեւոր աղբյուր են»:
Այս եւ մյուս օրինակները, իրոք, համոզիչ են. սխալների եւ ձախողումների իմացությունը եւ դրա հիման վրա շտկումը, անտարակույս, հետագա առաջընթացի հիմնական ուղին է: Սպառման առարկաները, աշխատանքային գործիքները, հեռահաղորդակցման միջոցները, բժշկական սարքավորումները, կենցաղային իրերը այդկերպ ավելի ու ավելի հարմարավետ ու արդյունավետ են դառնում, կարելի է ասել՝ ձգտում կատարելության: Կառավարչական սխալ որոշման կայացումը փոքրինչ այլ բնույթի իրողություն է. իրավիճակներ կան, երբ պարզապես հնարավորություն չի լինում այլեւս սխալն ուղղելու: Բացի այդ, առարկաների աշխարհի դրական հատկությունները կուտակվում են, այնինչ տվյալ պահին կայացված կառավարչական ամենաճիշտ որոշումն անգամ ինքնին դեռ երաշխիք չէ, որ հաջորդ որոշումը չի հանգեցնի ձախողման: Այնպես որ, ընդհանուր առմամբ այստեղ եւս սխալը դիտարկելով հնարավոր ուղղման եւ կառավարչական ավելի հիմնավոր որոշում կայացնելու տեսանկյունից, հարկավոր է հաշվի առնել անդառնալի, «ճակատագրական» սխալի հնարավորությունը, ուստի եւ գիտակցել որոշում կայացնելու պատասխանատվությունն ամբողջ ծավալով: