Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է հետեւողականորեն հակամարտություն հրահրել Իրանի հետ։ Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում համաժամանակյա կտրվածքով տեղեկատվական-քարոզչական աշխատանքներ են տարվում համապատասխան հանրային տրամադրություններ ձեւավորելու համար։ Ակտիվորեն շրջանառվում է «հարավային ադրբեջանցիներ» արհեստածին եզրույթը, որով հավակնություններ են ցուցաբերում Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ։ Այս նկրտումները նոր չեն, տարբեր ժամանակահատվածներում դրանք շրջանառության մեջ են դրվել, սակայն ներկայումս տարածաշրջանում առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել դրանք օրակարգ բերելու համար։
Մասնավորապես` թուրքական «TRT Haber» կառավարամետ հեռուստաալիքով Ատրպատականի մասին սադրիչ ռեպորտաժ է հրապարակվել. «Այժմ նրանք Իրանի մի մասն են, ադրբեջանցի թուրքերը։ Նրանք խոսում են թուրքերեն, ինչպես ես եւ դու։ Այսօր նրանք դուրս են գալիս փողոց եւ վանկարկում են թուրքերի համար ազատություն, արդարություն եւ ազգային իշխանություն պահանջող կարգախոսներ։ Մի մոռացիր, սիրելի հանդիսատես, այնտեղ՝ Թավրիզում, ապրում են քո եղբայրները, որոնք մոտ 35 միլիոն են։ Նրանք ինձ եւ քեզ նման են: Եթե նույնիսկ մենք չկարողանանք որեւէ կերպ օգնել նրանց, մենք նրանց սրտանց կասենք. «Ողջույն, Թավրիզ: Մենք քեզ շատ ենք սիրում»: Սոցիալական հարթակներում լուսանկարներ են տարածվում, որոնցում երեւում են Ադրբեջանի դրոշները, որոնք, իբր, կախված են Թավրիզում։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե իսկապես դրոշները Թավրիզում են կախված, թե դրանք կեղծ քարոզչական քայլեր են, սակայն առավել կարեւոր է այն, թե ինչպիսի արձագանք է ստանում նման քարոզչությունն ադրբեջանական հասարակության շրջանում, այն հասարակության, որը դեռ Արցախյան երկրորդ պատերազմի «հաղթանակից» առաջացած էյֆորիայի մեջ է։
Թուրքական լրատվաքարոզչական թեզերը կիրառվում են նաեւ Ադրբեջանում: Օրինակ՝ Բաքվի «Xəzər TV» հեռուստաալիքը լուրերը սկսում է «Սալամ, Հյուսիսային եւ Հարավային Ադրբեջան» բառերով։ Այդպիսով` հասարակության ընկալումներում ներարկվում է «միավորման» անհրաժեշտությունը։ Ի դեպ, վերջերս ադրբեջանական «AzTV» հեռուստաալիքը հարցազրույց է ցուցադրել «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման» ղեկավար ներկայացող Մահմուդալի Չոհրագանլիի հետ։ Նա Իրանից արտաքսվել էր 1998-ին եւ բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։ Այսպես ասած «հանուն Ադրբեջանի անկախության եւ միասնության» հանդես եկող ակտիվիստը վերջին անգամ Բաքվում եղել էր 2006 թ., որից հետո նրա մուտքն արգելվել էր։ 2013 թ. փորձել էր մուտք գործել Ադրբեջան, սակայն արտաքսվել էր Բաքվի միջազգային օդանավակայանից։ Ավելի վաղ՝ 2012-ին, Չոհրագանլիին թույլ չէին տվել մտնել Թուրքիա՝ Ստամբուլի օդանավակայանից վերադարձնելով Վաշինգտոն։ Հասկանալի է, որ թե Թուրքիայում, թե Ադրբեջանում այդ տարիներին խուսափել են սրել հարաբերություններն Իրանի հետ։ Հետեւաբար, այս փուլում «Մահմուդալի Չոհրագանլի» նախագծի շրջանառումն ադրբեջանական լրատվական դաշտում ցույց է տալիս պաշտոնական Բաքվի մոտեցումներում տեղ գտած փոփոխությունը եւ Չոհրագանլիին օգտագործելու նպատակները։
Անկարայի եւ Բաքվի գործողությունները վկայում են Իրանի դեմ ապագա ագրեսիվ ծրագրերի համար իրավական եւ գաղափարական հիմք նախապատրաստելու մասին։ Նույն ձեռագիրը տեսնում ենք նաեւ Հայաստանի դեմ տարվող ապատեղեկատվության տարածմամբ։
Իրանի հյուսիսարեւմտյան հատվածում հակակառավարական ապստամբություններ հրահրելու Ադրբեջանի փորձերից հետո Թեհրանը նույնպես տեղեկատվական հակազդեցություն է դրսեւորում։ Ներկայումս իրանական լրատվամիջոցներն ակտիվորեն աշխատում են Նախիջեւանում եւ Ադրբեջանում Թալիշստանի պատմական տարածքում հանրաքվե անցկացնելու սցենարի վրա` ինչ-որ տեղ հայելային կերպով որդեգրելով Իրանի դեմ ուղղված մարտավարությունը։ Այս պարագայում թալիշների՝ Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից մեկի իրավունքների պաշտպանությունն ու օրակարգ մտցնելն ամենաարդյունավետ տարբերակը կարող է դառնալ նվազագույնը՝ Ադրբեջանին զսպելու, իսկ առավելագույն ծրագրով՝ արհեստածին պետությունը քաղաքականապես ներսից պայթեցնելու համար։
Բնականաբար, Ադրբեջանում ցավագին են արձագանքում նման հնարավոր զարգացումներին։ Նոյեմբերի 7-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ սոցիալական ցանցերում հիշատակվող «Իրանի Նախիջեւանի ժողովրդական շարժումը», որը տեղի բնակչության անունից հանդես էր եկել Իրանի կառավարությանն ուղղված կոչով, մտացածին կազմակերպություն է։ Նշենք, որ այդ շարժման անունից հայտարարվել էր, որ «Ադրբեջանի իշխանությունների կողմից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության բնակչությունը լուրջ դժվարություններ է ապրում անվտանգության, գիտության, սննդի եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը կամավոր միանալու ցանկություններում»։ Միաժամանակ նրանք դիմել էին Իրանի կառավարությանը՝ Նախիջեւանի տարածքում իրանական զինված ուժեր տեղակայելու խնդրանքով։
Իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության մյուս առիթը հոկտեմբերի 26-ին Շիրազ քաղաքի (Ֆարս նահանգ) Շահ Չերախի դամբարանի վրա երեք անձանց կողմից ահաբեկչության իրականացումն էր։ Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ Շիրազում տեղի ունեցած հարձակման կազմակերպման մեջ մեղադրելով Ադրբեջանի քաղաքացուն։ «Երկրում ահաբեկչական խմբավորման գործողությունների հիմնական կազմակերպիչը եւ համակարգողն Ադրբեջանի քաղաքացին էր, ով Թեհրան ժամանելուն պես անմիջապես կապվել է Աֆղանստանում ԻՊ խմբավորման («Իսլամական պետություն».- խմբ.) ներկայացուցիչների հետ»,- փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը։ Հետախուզության նախարարության տվյալներով՝ Շահ Չերախի դամբարանի վրա հարձակման կազմակերպմանն առնչություն ունենալու կասկածանքով ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 26 մարդ, որոնք Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներ են։
Փաստենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այսօր Իրանի դեմ տարվող գործընթացները հնարավոր եղան տարածաշրջանում հայկական գործոնի թուլացման հետեւանքով։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում խախտված ուժերի հավասարակշռությունը դոմինոյի էֆեկտով շարունակում է անկայունություն եւ խնդիրներ ստեղծել տարածաշրջանում։