Երեկ ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Խորհրդարանում նախագծերի փոփոխությունների վերաբերյալ հանդես է եկել արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով պատգամավորների խնդրանքով նաեւ պարզաբանումներ է արել: Բանախոսի խոսքով՝ առաջարկվող նախագծերի ընդունումը պայմանավորված է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Փաթեթով առաջարկվում է ընտրողների ցուցակները կազմել ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների, իսկ Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բռնազավթված տարածքների, Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց ընտրողների ցուցակները՝ ըստ գտնվելու վայրի հասցեների: Ժ. Միրզոյանի համոզմամբ՝ «այդ կերպ քվեարկության կազմակերպման համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ»:
Իրավական տեսանկյունից հիմնավորելով իր կարծիքը՝ արդարադատության նախարարը կարեւորեց նման ակտի ընդունման անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետության տարածքի մոտ 75 տոկոսը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուստի գործող ընտրական օրենսգրքի դրույթների կիրառումը ժամանակավորապես դարձել է անհնարին։ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների ԱՀ քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է հանրաքվեն նշանակել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Ըստ Ժ. Միրզոյանի՝ օրենքի նախագծերի փաթեթի ընդունմամբ կապահովվի բռնազավթված տարածքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով նախատեսված ընտրական եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքը:
Քննարկումների արդյունքում խորհրդարանը հավանության է արժանացրել օրենքների նախագծերի փաթեթը: