Օրերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ՌԴ հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգորի Օրջոնիկիձեն լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, թե այդ կազմակերպությունում հիմարություններով են զբաղվում՝ ոչ նյութական ժառանգության ցանկ մտցնելով բորշչը, որը հրատապ պաշտպանության կարիք ունի, ընդ որում` բորշչը ճանաչվել է ուկրաինական ճաշատեսակ: Նա նշել է, որ, բացի ուկրաինական բորշչից, գոյություն ունեն նաեւ մոսկովյան, բելառուսական եւ լեհական բորշչերը:
Պարզվում է՝ այս պատմությունը սկսվել է դեռ ամռանից: Բորշչն ուկրաինական ճաշատեսակ է ճանաչվել ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի արտահերթ նիստում, որը տեղի է ունեցել հուլիսի 1-ին։ Փաստորեն, ամառվա շոգին բորշչի շնորհիվ եւ պատճառով բացվել էր ռուս-ուկրաինական հակամարտության եւս մեկ՝ ճաշատեսակային ճակատը: Իմիջիայլոց, ռուս-ուկրաինական ռազմական գործողություններ բառի ուղիղ իմաստով ծավալվում են նաեւ Խարկովի մարզի Բորշչեւայա գյուղի մոտ:
Նշենք, որ բացի բորշչից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում կան տարբեր ժողովուրդների խոհարարական, ինչպես նաեւ այլ արժեքներ, այդ թվում՝ հայկական «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները», «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում», «Քոչարի. ավանդական խմբապարը», «Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները», «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը»։
Ըստ ամենայնի, բորշը կամ բորշչը ներկա իրավիճակում եւ աշխարհաքաղաքական գզվռտոցների պարագայում շատ հրատապ թեմա է դիտարկվում, հնարավոր է՝ ոմանց համար շատ ավելի հրատապ թեմա, քան մարդկային կյանքերը, քան այն հայկական պատմամշակութային ժառանգությունը, որ հետեւողականորեն, բորշչի սիրահարների եւ բորշչն ատողների աչքերի առաջ ոչնչացվում է Ադրբեջանի գրաված արցախյան տարածքներում…
Երեւի պիտի մխիթարվել, որ մեր լավաշն էլ կա հիշյալ ոչ նյութական արժեքների ցանկում, դուդուկն էլ, եւ հուսալ, որ մի օր էլ միջազգային համապատասխան բանագնացները կփութան հասնել «դեպքի վայր» եւ գոնե վերջին պահերին սեփական աչքերով տեսնել այն, ինչն Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքներում դեռ հայկական մշակույթի ու պատմության, հայ մարդու մասին է վկայում: Իսկ հետո կարող են բորշչի սեղանի շուրջ քննարկել բորշչի ծագումը, պատկանելությունը եւ, գուցե նաեւ, ճիշտ բաղադրությունն ու պատրաստման եղանակը։ Որպես երկրորդ հարց՝ օրակարգում հնարավոր է՝ ներառվի նաեւ այն, թե ո՞ր խմիչքն է ավելի թունդ՝ ուկրաինական «գորիլկա՞ն», թե՞ ռուսական «վոդկան»…
Ի դեպ, հայկական ժառանգությունն արդեն իսկ ամբողջովին վերացվել է Նախիջեւանում, եւ դա որեւէ հետեւանք չի ունեցել Ադրբեջանի համար։ Կարելի է մտածել, թե ոմանց համար այն մի բորշչի արժեք էլ չունի…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ