Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Ջավախքի հնավայրերում

Նոյեմբերի 23, 2022
Սփյուռք
Ջավախքի հնավայրերում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
455
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ջավախք երկրամասը տարածվում է Կուր գետի աջակողմյան ամենաջրառատ Փարվանա գետի ավազանը ներառող եւ հյուսիսային, արեւելյան ու արեւմտյան կողմից ջրբաժան լեռնաշղթաներով սահմանազատված մոտ 2600 ք/կմ մակերեսով բարձրավանդակի վրա՝ ծովի մակարդակից 1700 մ միջին բարձրությամբ։ Ջավախքի ամենաբարձր կետը Մեծ Աբուլն է՝ 3301 մ բարձրությամբ։ Երկրամասը հարուստ է ջրային պաշարներով՝ լճերով ու գետերով։

Ջավախքի վերաբերյալ հայտնի ամենահին գրավոր աղբյուրը Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի` Ք. ա. 8-րդ դարի փորագիր հիշատակությունում է՝ «Զաբախա» անվանաձեւով։ Ջավախքի գրավոր ամենահին հիշատակությունը հանդիպում է 5-րդ դարի քերթողահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» մատյանում՝ կապված Մեծ Հայքի արքա Վաղարշակի (Ք. ա. 247-225թթ.) անվան հետ։ 11-12-րդ դարերում ապրած եւ ստեղծագործած հայ պատմիչ Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրություն» մատյանում (Երեւան, 1973 թ.) հիշատակում է Ջավախքն ու նրա Ախալքալաք քաղաքը։ «Հայոց ՇԺԳ թվականին (5 մարտի 1064-4 մարտի 1065 թթ. ընթացքում) պարսից թագավոր սուլթան Աբասլանը՝ Տուղրիլ սուլթանի եղբայրը, որն իր եղբոր մահից հետո նստեց թագավորական գահին, զորակոչեց պարսիկներին եւ համայն Խուժաստան աշխարհը՝ մինչեւ Սագաստան, եւ հսկայական զորքի գլուխն անցած… եկավ հասավ Հայաստան… Սուլթանը, իր հսկայական զորքով այնտեղից (Լոռեբերդ- Զ. Ը.) հեռանալով, մտավ վրաց երկիրը եւ գազազած սրի քաշեց ու գերեվարեց նրանց։ Առաջանալով՝ նա բանակեց Ջավալիս (խոսքը Գուգարաց աշխարհի Ջավախքի մասին է- Զ. Ը.) կոչվող գավառում եւ, կատաղի մարտ տալով, պաշարեց Ախալքաղաքը, որը եւ գրոհով գրավեց։ Նա անգթորեն սրի քաշեց ողջ քաղաքը…» (էջ 95-96)։ Սա Ախալքալաքի մասին առաջին հիշատակություններից է հայոց պատմագրության մեջ։ Նույն ասպատակության մասին հիշատակել է նաեւ Սամուել Անեցին. «…Էառ եւ զԱխալքաղաք…» (Սամուէլի քահանայի Անեցոյ հաւաքմունք ի զրոյց պատմագրաց, Վաղարշապատ. 1893 թ., էջ 112)։ Ցավոք, մեր բոլոր պատմիչների մոտ ենք նման տխուր պատկերների հանդիպում։ Հետագա ժամանակաշրջանում եւս, ինչպես ողջ տարածաշրջանը, Ջավախքն ու Ախալքալաքը նույնպես մշտապես եղել են ռազմական թատերաբեմ, որոշ ժամանակ ունեցել խաղաղ շրջան ու բարգավաճել։ Քաղաքի անվան ծագման հետ կապված` Վարդան Արեւելցին նշել է. «Նոր քաղաք, զոր վիրք Ախալ քաղաք ասեն…» («Հաւաքումն Պատմութեան Վարդան Վարդապետի», Վենետիկ, 1862 թ., էջ 101)։

Ախալքալաքը հետագայում հիշատակվել է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու առթիվ։ Զաքարյաններն այդ ժամանակ նստում էին Թմոգվի-Թմկաբերդ ամրոցում, եւ նրանց իշխանության օրոք Ախալքալաքն ուներ ինքնավարություն։ Պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգ-աշխարհի Վերին Ջավախք գավառի Ախալքալաք (Ախալքալաքի՝ թարգմանաբար՝ Նոր քաղաք) քաղաքն այսօր կանգուն է, կա, Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասի վարչական կենտրոնն է։ Այստեղ եւս 1828-30-ական թթ. բնակություն են հաստատել Արեւմտյան Հայաստանի տարբեր գավառներից, հիմնականում՝ Էրզրումից գաղթած մեր հայրենակիցները։ Ըստ 2014 թ. պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության թիվը կազմում է 8295, որից 93.8 տոկոսը հայեր են։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում՝ Փարվանա կամ Թափարավան գետի ավազանում։ Ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանն իր «Ջավախք» աշխատության մեջ այսպես է նկարագրում Ախալքալաքը. «Թափարաւան եւ Ղըռխբուլաղ գետերը միախառնուելով մի պայտաձեւ թերակղզի են ձեւացնում, որի վրայ գտնւում են Ախալքալաք քաղաքն ու բերդը։ Բերդը կառուցուած է թերակղզու ծայրին, որի երեք կողմը ձգւում են բաւական ընդարձակ զառիվայրերի։ Այս զառիվայրերում գտնուելիս է եղել հին քաղաքը, որ այժմ բոլորովին աւերակ է։ Կիսաւեր պարսպի հետքերը ցոյց են տալիս, որ քաղաքը պարսպապատ է եղել եւ միայն արեւելեան եւ արեւմտեան ձորերն մէջ բաց արած ճանապարհներով հաղորդակցութիւն է ունեցել գաւառի հետ»։ Տեղեկացնում է նաեւ. «…1882 թուին, երբ արքունական շինութիւնների համար քարեր էին կրում այդ աւերակներից, պատահել են մի քարուկրեայ պատի, փորել են եւ գտել սրբատաշ քարերից շինած մի սալատակ եւ նրա տակ արդէն մի քանի գերեզմանաքարեր, խաչքարեր, մի քարէ աշտանակ, եկեղեցու դրան վերեւի մի քար եւ այլն։ Գտնուած քարերից շատերը ծածկուած են եղել հայերէն արձանագրութիւններով, որոնք վերաբերում են ԺԳ. ԺԴ. եւ ԺԵ դարերին։ Դրանցից ամենահինն ունեցել է այսպիսի արձանագրութիւն. «Այս է հանգիստ Ներսէս (քահանայի՞ն) թվ. ՉԽԳ» (1294)…»։ Նրա տեղեկությամբ՝ «Քաղաքի գրեթէ կենդրոնում գտնւում է Հայոց Սուրբ Խաչ եկեղեցին, որ 1856 թուին կառուցել է Կարապետ Եաղուբեանը՝ գլխաւորապէս իւր եւ մասամբ հասարակութեան դրամով»։

Քաղաքի ծայրամասում այժմ էլ պահպանվում են միջնադարյան հզոր ամրոցի ավերակները։ 1637 թ. բերդաքաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թ. այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ Այդ ժամանակ էլ սկսում են հնադարյան ամրոցից քարեր տեղափոխել քաղաքում շինարարություն իրականացնելու համար։ Այնուամենայնիվ, Ախալքալաքի ամրոցի ավերակները կան ու շատ բան են պատմում։ Վերջին տարիներին այստեղ կանգնեցվել է Սասունցի Դավթի արձանը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին» մակագրությամբ։ Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղի բնակիչներ Գեւորգ Բասենցյանի (այժմ բնակվում է Երեւանում), Յուրի Խորշիկյանի (ժամանակավոր բնակվում է Մոսկվայում) հետ, նրանց համագյուղացի Խաչատուր Թարզյանի մեքենայով եղանք Կուր գետի եւ նրա Փարվանա-Թափարավան վտակի հովիտ-կիրճերում, եղանք Ախալքալաքում, Խերթվիս գյուղում, որտեղ է համանուն միջնադարյան բերդը, անցանք Թմկաբերդի մոտով եւ հասանք Վարձիա-Վարձունիք քարանձավային վանական համալիր։ Ախալքալաքի ամրոցի աշտարակներն ու դռները կառուցել է Վիրա-աբխազաց Բագրատ Գ Բագրատունի (975-1014 թթ.) թագավորը 1008-1012 թթ., իսկ Բագրատ Դ–ի (1027-1074 թթ.) օրոք՝ 1044-1047 թթ., կառուցվեցին քաղաքի պարիսպները։ «Սա շինեաց զպարիսպն Ախալքալաքի եւ զի մայր նորա Մարիամ դուստր էր Սենեքերիմայ Հայոց արքայի…»,- գրել է Ջուանշեր Ջուանշերիանին (11-րդ դար) «Քարթլիս ցխովրեբա» պատմական երկերի ժողովածուում, էջ՝ 112։ Սենեքերիմ Արծրունին՝ Աբուսահլ-Համազասպի որդին, Վասպուրականի վերջին թագավորն էր։ Իշխել է 1003-1021 թթ.։ Ըստ հայ պատմիչ Անանուն Արծրունու՝ 1023 թ. Սենեքերիմն իր տարածքները հանձնել է Բյուզանդիային (կայսր՝ Բարսեղ 2-րդ Բուլղարասպան) եւ 14 հազարանոց բանակով, իր ընտանիքով տեղափոխվել է Սեբաստիա։ Ըստ ծանր պայմանագրի՝ Բյուզանդ ական կայսրությանը զիջել է Վասպուրականը (8 քաղաք, 72 բերդ, 4 հազար գյուղ) եւ 1021 թ. իր արքունիքով, մերձավորներով ու զորքով (մոտ 70-80 հազար մարդ) գաղթել Սեբաստիա, որը ճանաչվել է Արծրունիների ժառանգական տիրույթը։ Սենեքերիմ-Հովհաննեսն այնտեղ իշխել է մագիստրոսի կոչումով՝ հավանաբար, ունենալով կուսակալի իրավունքներ։ Հետագայում հիմնել է Արաբկիր եւ Ակն քաղաքները։ Մահացել է 2026 թ.։ Նրա դուստրը՝ Մարիամը, որը Ափղազաց եւ Վրաց թագավոր Բագրատ 3-րդի կինն էր, Մարմաշենի վանքի արձանագրությունում հիշատակված է «Ափղազաց եւ հայոց թագուհի»։ 

Ախալքալաքն այնուհետեւ որպես վարչական կենտրոն փոխարինել է Ծունդա քաղաքին (հայերը կոչում էին Քաջատուն, այժմ՝ Սուլդա գյուղ)։ Երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր «Ջավախք» գրքում Ախալքալաքի մասին գրում է. «…Դարեր շարունակ եւ այժմ էլ Ախալքալաքը, շնորհիվ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի, եղել է եւ է Ջավախքի կենտրոնը բոլոր առումներով (վարչաքաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն)։ Ճիշտ է՝ ներկայումս սոսկ համանուն շրջանի կենտրոնն է, բայց դարձյալ մնում է իբրեւ երկրամասի գլխավոր եւ ամենամարդաշատ բնակավայրը։ Գտնվում է ծովի մակերեւույթից 1690 մ բարձրության վրա…»։ Ախալքաղաքի ամրոց-բերդաքաղաքը նույն բարձրության վրա է՝ Կուրի աջակողմյան ամենաջրառատ Փարվանա վտակի եւ նրան միացող Քառասնակի (Ղըռխբուլաղ) միջեւ ընկած հրվանդան-սարահարթում է։ Ունի մոտ 700 մ երկարություն եւ 120-130 մ լայնություն։ Ամրոցի միջնաբերդը տեղակայված է եղել ամրոցաբնակավայրի հարավարեւելյան ծայրին։ Այս հատվածում՝ գլխավոր բուրգերից մեկի հարեւանությամբ են 18-րդ դարում կառուցված թուրքական մզկիթը, որը պահպանվել է, եւ իջեւանատան շենքը։ Ամրոցի տարածքում են նաեւ միջնադարյան հայկական խաչաձեւ-գմբեթավոր եկեղեցու հիմքերը (16-14 մ չափերով), որոնք գտնվել են պեղումների ընթացքում։ Ըստ Ս. Կարապետյանի՝ նմանատիպ եկեղեցիներ Ջավախքի տարածքում էլի կան եւ կառուցվել են 10-11-րդ դարերում։ Բնական է, եթե քաղաքը եղել է 10-րդ դարում, հնարավոր է՝ ավելի վաղ շրջաններում, ուրեմն ունեցել է իր սրբատուն-եկեղեցին։

Այցի ընթացքում, երբ Յուրայի հետ ամրոցի արեւելյան կողմից մտանք ներս, մեզ դիմավորեցին 6 գեղեցիկ կատվաձագեր։ Շրջեցինք հնավայրի տարածքում։ Ամրոցի կիսաքանդ պարիսպները ձգվում են Փարվանա գետի կիրճի ձախակողմյան ափով։ Ներքեւում Փարվանայի գեղատեսիլ ժապավենն է՝ ափին ծառուղին։ Ամրոցից գեղեցիկ տեսարան է բացվում նաեւ դեպի Աբուլ սար, որի գլխին այդ օրերին նոր ձյուն էր տեղացել։ Ամրոցի հյուսիսարեւելյան աշտարակը պահպանվել է ողջ բարձրությամբ։ Մտնում ենք ներս. պահպանվել են փոքր պատուհանները, որտեղից բերդապահ զինվորները նետեր էին արձակում թշնամու զինվորների վրա, հետագայում կրակ բացում հրացաններից։ 1000 եւ ավելի տարիներ ունեցող ամրոցն այժմ կարեւորվում է միայն զբոսաշրջության առումով։ Վերջացնելով տարածքի ուսումնասիրությունը՝ շարունակում ենք ճանապարհը դեպի Վարձիա։

Թեգեր: Ջավախք
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist