Ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտությունն արդեն լայնորեն ընկալվում է որպես եվրոպական ժամանակակից պատմության ջրբաժան: Ակնհայտ է, որ նախապատերազմյան եվրոպական անվտանգության հայեցակարգն այլեւս կենսունակ չէ, եւ նոր մոտեցումներ են պահանջվում: Մինչ ուկրաինական զորքերը շարունակում են հաջողություններ արձանագրել ռազմի դաշտում, Արեւմուտքում կոնսենսուս է ձեւավորվել, թե մայրցամաքի կայունությունը կախված կլինի Ուկրաինայի հետագա ինտեգրումից: ԵՄ-ի հետ Ուկրաինայի խորացող համագործակցությունը մի շարք ակնհայտ առավելություններ կարող է ունենալ հենց Եվրոպայի համար եւ կարող է նաեւ շահավետ լինել Միացյալ Նահանգներին։
Մինչեւ փետրվարի 24-ը՝ պատերազմի սկիզբը, Ուկրաինան կարծես թե քիչ հեռանկարներ ուներ բեկումնային տեղաշարժի հասնելու համար, այն է՝ ԵՄ-ին վերջնական անդամակցելը: Այնուամենայնիվ, պատերազմը փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ստեղծեց նոր իրականություն։ Ուստի Ուկրաինայի եւ եվրոպական հանրության հարաբերությունները ներկայումս մայրցամաքի անվտանգության ռազմավարության հիմքն են համարվում: Պատերազմի առաջին օրերից սկսած Կիեւը պաշտոնապես դիմել է ԵՄ-ին անդամակցության համար: Այս ժեստի արդյունքում Արեւմուտքում պատերազմը որակեցին որպես անկախության համար մղվող պայքար՝ հեռանալու Կրեմլի ուղեծրից: Քաղաքական կենտրոնացման արդյունքում հունիսին Ուկրաինային շնորհվեց ԵՄ-ի թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ:
Հարց է առաջանում՝ մի տերության ազդեցությունից դուրս գալը եւ մեկ ուրիշի ներքո գտնվելը, արդյոք, անկախության մասի՞ն է խոսում։ ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների ակտիվացումը մի շարք առումներով վերափոխել է աշխարհաքաղաքական լանդշաֆտը: Օրինակ, երբ Ուկրաինան եւ Մոլդովան ճանաչված են որպես ԵՄ թեկնածու երկրներ, «Արեւելյան գործընկերության» գոյություն ունեցող ձեւաչափը, որը ներառում է Ուկրաինան եւ Մոլդովան, Վրաստանը, Բելառուսը, Հայաստանը եւ Ադրբեջանը, այլեւս կորցնում է իր կարեւորությունը: Արդյունքում` Բրյուսելը գտնվում է տարածաշրջանի համար ԵՄ հարեւանության քաղաքականության վերաիմաստավորման գործընթացում:
Ներկայումս տեղի ունեցող փոփոխությունները հետպատերազմյան շրջանում ստեղծում են ավելի կայուն եվրոպական հարեւանության ներուժ։ Սա, անշուշտ, ողջունելի կլինի ինչպես Բրյուսելում, այնպես էլ Վաշինգտոնում: Միգուցե Ուկրաինայի եւ ԵՄ-ի սերտացող հարաբերությունները եւս իրենց «ներդրումն» ունեցան Ռուսաստանի ագրեսիայի իրագործման հարցում։ Արեւմուտքում վստահ են, որ Ուկրաինայի լիակատար ինտեգրումը ԵՄ-ին կզսպի Ռուսաստանի քայլերը եւ նշանակալից ներդրում կունենա ԵՄ-ի սեփական անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության մեջ: Սակայն, նախադեպ կա մտածելու, որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, այսինքն՝ ավելի սրել Ռուսաստանի «ատամները»։ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ընդհանուր նպատակներ ունեն, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայում բարեփոխումների օրակարգին: Երկուսն էլ ձգտում են իրենց ազդեցությունը տարածել ուկրաինական պետական ինստիտուտների վրա: ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինայի ինտեգրմանը ԵՄ-ին կարող է շարժիչ ուժ ծառայել Արեւմուտքի նպատակների իրագործման համար:
ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից ակնկալվող բարեփոխումները շատ համահունչ են ուկրաինացիների ճնշող մեծամասնության տեսլականին: Միացյալ Նահանգները կարող է աջակցել Ուկրաինայի եվրաինտեգրմանը` սերտորեն համագործակցելով ԵՄ-ի հետ՝ համատեղ քաղաքականություն մշակելու ուկրաինական բարեփոխումների ուղղությամբ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հակասություններ ունեն այս հարցերի շուրջ։ Դա է պատճառը, որ նույնիսկ ԵՄ-ում զգալի թերահավատություն ու անվճռականություն կա Ուկրաինայի ինտեգրման հարցում: Միացյալ Նահանգները կարող է օգնել ձեւավորել այս զարգացող բանավեճը՝ ընդգծելով ինտեգրված Ուկրաինայի առավելություններն անդրատլանտյան հաղորդակցությունների եւ եվրոպական անվտանգության համար: Սակայն, իրավիճակը մնում է անփոփոխ անորոշ։
Այսպիսով` ռուս-ուկրաինական հակամարտությունը սառը պատերազմից հետո մեծագույն սպառնալիք է Եվրոպայի համար։ Եթե Ուկրաինան կարողանա ապահովել ռազմական հաղթանակ, ապա դա, ըստ փորձագիտական եզրահանգումների, կարող է ճանապարհ հարթել եվրոպական անվտանգության կայունության համար: Սա ակնհայտորեն բխում է ԵՄ անդամ բոլոր երկրների շահերից եւ գրավիչ հեռանկար է նաեւ Միացյալ Նահանգների համար։
Իսկ ի՞նչ ճակատագիր կունենա հետպատերազմյան Ուկրաինան… Դրանով ո՛չ ԵՄ-ն է հետաքրքրվում, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը։