Բաքվին կարգի հրավիրելը՝ միջնորդ պետությունների հեղինակության, պատվի հարց
Նոյեմբերի հրապարակումներում հիմնականում զարգացվում է այն միտքը, որ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը խանգարում է բանակցային գործընթացին, եւ այդ երկիրը չի կատարում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ միջնորդներին տված գրավոր խոստումները:
* * *
Նոյեմբերի 3-ին Սոչիի հայտարարությամբ ամրագրվեց կարեւորագույն դրույթ՝ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալը եւ բոլոր հարցերը բացառապես փոխադարձ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի 1991 թ. դեկլարացիայի հիման վրա լուծելը: Վերոնշյալ դրույթն ուղղակիորեն արձանագրում է, որ Ադրբեջանը ներխուժել է միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքներ: Այն նաեւ նշանակում է, որ երկրների միջեւ սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվելու են Ալմա-Աթայի 1991 թ. դեկլարացիայով, որի հիմքերը պետք է ներկայացնի ՌԴ-ն՝ իր արխիվներում պահպանվող, իրավական ուժ ունեցող քարտեզների տեսքով:
Լիովին օրինաչափ էր, որ ՀՀ վարչապետը Սոչիի հանդիպման արդյունքներով պետք է առաջին հերթին կիսվեր Իրանի իր գործընկերոջ հետ եւ այնտեղից անմիջապես մեկնեց Թեհրան՝ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման:
* * *
Նոյեմբերի 3-ից ֆրանսիական օրենսդիր մարմնում շրջանառության մեջ է դրվել բանաձեւ, որով երկրի կառավարությանն առաջարկվում է ի թիվս զսպման այլ միջոցների օգտագործել նաեւ պատժամիջոցների գործիքակազմը:
* * *
Նոյեմբերի 9-ի նախօրեին օկուպացված Շուշիից Ալիեւը կրկին հանդես եկավ ռազմատենչ հայտարարություններով: Նրա ելույթը միջազգային չափանիշներով լիովին տեղավորվում էր ուժի կիրառման սպառնալիքի ձեւակերպման ներքո, հետեւաբար՝ այն ամբողջովին միջազգային իրավունքը պաշտպանող եւ մարդկության դեմ հանցագործությունների խնդիրներով զբաղվող կառույցների դիտարկման նյութ է: Ալիեւի հետին միտքն այն է, որ ցանկանում է Արցախի պաշտպանության բանակի լուծարումը: Այստեղ պետք է զարգացվի այն գաղափարը, որ պաշտպանության բանակի առկայությունն առաջին հերթին Ադրբեջանն է իմաստավորում՝ իր ցեղասպան քաղաքականությամբ եւ ագրեսիաներով:
* * *
Շուշիում Ալիեւի ելույթից հետո ադրբեջանական կողմն արդեն ամենօրյա ռեժիմով հրադադար է խախտում եւ ապատեղեկատվություն տարածում, թե դա արել է հայկական կողմը: Ադրբեջանի զինուժն սկսել է սադրանքներ կազմակերպել ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլեւ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այստեղ առաջ է քաշվում այն գաղափարը, որ Բաքվին կարգի հրավիրելն արդեն միջնորդ պետությունների հեղինակության եւ պատվի հարցն է, քանի որ նա հանդես է գալիս վերջիններիս անմիջական մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների դեմ:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովում ունեցած իր ելույթում ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող գործողությունների իրական պատկերը: Այդ ելույթն սպասված էր, հատկապես ընդամենն օրեր առաջ Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւից հետո եւ դրա ֆոնին առավել մեծ հնչեղություն ստացավ:
* * *
Նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին նախորդող օրերին ադրբեջանական զինուժն աննախադեպ ծավալների է հասցրել Արցախ-Ադրբեջան շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը: Խնդրին անդրադառնալով առաջ քաշվեց այն միտքը, որ Ադրբեջանը գնդակոծում է ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցի հիմքերը:
ՀԱՊԿ-ն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չէ, եւ աներկբա է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է գործուն քայլեր սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիային գնահատական տալու, դրա հետեւանքները վերացնելու եւ հետագա սադրանքները կանխելու ուղղությամբ: Հայաստանը չստորագրեց սեպտեմբերի 13-14-ի սահմանային ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը, քանի որ այն չի ենթադրել «հողի վրա» գործողություններ եւ հակազդման միջոցներ:
* * *
Հնդկական «The Print»-ը գրում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Նյու Դելին պետք է պաշտպանի առաջինին, որովհետեւ այն ուժերը, որոնք ձգտում են ոչնչացնել Հայաստանը, ուզում են նվաճել նաեւ Հնդկաստանը: Հոդվածագիր Կապիլ Կոմիրեդին շեշտում է, որ պատմական նախապաշարմունքներն աշխարհին ստիպում են անտեսել հայ-ադրբեջանական պատերազմը, իսկ Հնդկաստանը պետք է պատրաստի Երեւանի զինված ուժերը:
Առավել հստակ ձեւակերպված քաղաքական գնահատական
Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետը հրաժարվեց ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ այն «հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլեւ ոգուն ու իմաստին»։ «Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս. թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը եւ վերը նշված որոշումը չկայացնելը կարող են նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաեւ Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից «կանաչ լույս» Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»,- ասել է Փաշինյանը։ Հայկական կողմն ակնկալում էր առավել հստակ ձեւակերպված քաղաքական գնահատական Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ։
* * *
Նոյեմբերի 23-ին Երեւանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական հակամարտության հետագա սրման ֆոնին: Հայկական կողմի՝ ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցրած քննադատությունը, իհարկե, լուրջ հիմքեր ունի. այդ կառույցն անընդհատ պատճառներ է գտնում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունից հեռանալու համար, նույնիսկ քաղաքական գնահատական չի տալիս տեղի ունեցածին: Այսպիսի դեպքերում Մոսկվան սովորաբար հարձակման է նետում իր քարոզչական մեքենան, բայց այս անգամ այն ոչ միայն չարդարացրեց սպասելիքները, այլեւ լիովին խայտառակեց Ռուսաստանին:
* * *
Անդրադարձ է կատարվել ռուսական քարոզչամեքենայի ազգությամբ հայ ներկայացուցիչների գործունեությանը. նրանք ռուսական թոք-շոուների մշտական հյուրերն են եւ ունեն հատուկ առաքելություն՝ օգնել ռուսական տեղեկատվական կեղծ սցենարների տարածմանը, այդ թվում՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ:
* * *
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին», հայտարարել է, որ կազմակերպությունը համալիր միջոցառումներ է առաջարկել Հայաստանի օգնության համար, այդ թվում՝ առաքելության գործուղում Հայաստանի եւ Ադրբեջանի սահման՝ իրավիճակը գնահատելու համար:
Ակնհայտ է, որ այդ առաքելության գործուղման գաղափարն ընդամենը պատրվակ է՝ ստեղծելու իմիտացիա, թե ինչ-որ բան է արվում Հայաստանի համար, մինչդեռ ստեղծված իրավիճակում Երեւանը ժամանակ կորցնելու իրավունք պարզապես չունի: ՀԱՊԿ-ն վաղուց արդեն հասցրել է տեղում ծանոթանալ իրավիճակին ու հայտարարել, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ-ի տարածք: Դատելով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների՝ Ալիեւի հետ ունեցած հարաբերություններից, որոնց մասին երեւանյան գագաթնաժողովից առաջ հայտարարեց Ադրբեջանի ղեկավարը, դժվար է վստահել նման առաքելությանը:
Տնտեսական առաջնայնությունը չպետք է ստորադասվի քաղաքականին
Ամսվա ընթացքում անդրադարձ եղավ Արցախի կառավարման համակարգը գոյաբանական խնդիրների լուծմանը համապատասխանեցնելու հարցին, քանի որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում ձեւավորվել են նախկինից էականորեն տարբերվող իրողություններ: Կորցնելով ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների մոտ 70 տոկոսը եւ կանգնելով անվտանգային նոր, լուրջ մարտահրավերների առաջ, Արցախն այսօր պետական համակարգի ու կառավարման գործելաոճի վերանայման անհրաժեշտություն ունի:
* * *
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումից Ալիեւի հրաժարվելը նոր մակարդակի վրա է բարձրացնում պաշտոնական Բաքվի ապակառուցողական կեցվածքը: Վերջինս արդեն պատրվակներ է փնտրում ՀՀ վարչապետի հետ հանդիպումներից խուսափելու համար: Սա այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն է պարբերաբար հայտարարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի արագ կնքման անհրաժեշտության մասին:
Հայաստանը միայն նոյեմբերի 26-ին է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվին ներկայացրած իր առաջարկների պատասխանը: Դրանք ադրբեջանական կողմին տրամադրվել էին նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ Պատասխանը ստացվեց այն ներկայացնելուց 20 օր անց, այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Ալիեւի հետ քննարկել էր Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը։
* * *
Նոյեմբերի վերջին հրապարակված հոդվածներից մեկով զարգացվեց այն միտքը, որ Մեղրիի ճանապարհի տնտեսական առաջնայնությունը չպետք է ստորադասվի քաղաքականին: Հոդվածում շեշտադրվեց, որ երբ Ադրբեջանը եւ Թուրքիան խոսում են Մեղրիով գործարկվելիք ճանապարհի հնարավորինս անկախ կարգավիճակի մասին՝ առաջնային է դրա քաղաքական պանթյուրքիստական եւ հակաիրանական համատեքստը, ոչ թե տնտեսականը, ինչպես պնդում են թյուրքական զույգ պետությունները:
* * *
Ադրբեջանի իշխանությունների կողմից նոյեմբերի սկզբին լուծարվել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը, որի հիման վրա ստեղծվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության Նախիջեւանի գլխավոր վարչությունը։ Գերատեսչության ղեկավար է նշանակվել Մոհսուն Աշուրովը, ով նախկինում զբաղեցրել է Բաքվի օդանավակայանի պետական անվտանգության ծառայության պետի պաշտոնը։ Այս քայլը հուշում է, որ առաջիկայում լուծարվելու են նաեւ Նախիջեւանի մյուս ինքնավար կառույցները՝ հանգեցնելով Նախիջեւանի ինքնավարության վերացմանը։ Ալիեւյան վարչակարգի կողմից իրականացվող համակարգային՝ վարչատարածքային վերոնշյալ վերաձեւումներն անմիջականորեն առնչվում են Հայաստանի անվտանգային իրավիճակին, այդ թվում՝ Արցախի հիմնախնդրին։ Տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանը, լուծված համարելով Արցախի բռնակցման հարցը, նախապատրաստվում է Սյունիքի բռնազավթմանը։ Համակարգային վերաձեւումներով նաեւ համապատասխան պատկերացումներ են ձեւավորվում այդ երկրի հանրային տրամադրություններում եւ ընկալումներում։
* * *
Միջազգային օրակարգի կարեւոր թեմաներն այսօր հացահատիկի եւ էներգետիկայի մատակարարումներն են։ Երկու դեպքում էլ առանցքային հանգույց դառնալու հայտ է ներկայացրել Թուրքիան եւ մինչ այժմ կարողանում է օգտվել միջազգային զարգացումների ընձեռած հնարավորություններից։ Հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, այն է՝ դրա իրականացմանը Ռուսաստանի մասնակցության կասեցումը, էապես մեծացնում է Թուրքիայի՝ հացահատիկի եւ էներգետիկայի միջազգային հանգույց դառնալու հնարավորությունները։
Հացահատիկի եւ էներգետիկ հանգույց լինելը լավագույն նվերն է Էրդողանի համար սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս ազդեցության լծակներ ստանալ եւ քաղաքական առեւտուր կատարել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Չնայած այդ ամենին, մարտահրավերները բազմաթիվ են, որոնց լուծմանը կողմերը դեռեւս պատրաստ չեն։ Հինը ապամոնտաժելու եւ նորը կառուցելու ճանապարհին փորձ է արվում կարճաժամկետ կտրվածքով լուծումներ գտնել երկարաժամկետ հեռանկարում առավել նպաստավոր դիրքերում հայտնվելու համար
* * *
Երբ մեկ տարի առաջ Ստամբուլում Թյուրքական խորհուրդն անվանափոխվեց կազմակերպության, նախագահ Էրդողանն ակնկալում էր, որ այն հարթակ կդառնա մեծ Թուրքիայի վերածննդի ճանապարհին։ Սակայն Սամարղանդում նոյեմբերի 11-ին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը չվերածվեց Թուրքիայի հաղթանակի խորհրդանիշի։ Քննարկվեցին եւ ընդունվեցին ոչ միայն համագործակցության ընդլայնմանն ուղղված նախագծեր, այլեւ երեւացին կազմակերպության անդամ պետությունների միջեւ առկա տարաձայնությունները, այդ թվում՝ Թուրքիայի առաջնորդության ոչ միանշանակ լինելը։
Հաջորդ տարի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Էրդողանի համար կարեւոր նշանակություն ուներ սեփական օրակարգի առաջմղումը։ Երկու հիմնական խնդիր էր դրել Թուրքիան՝ ամրապնդել թյուրքական աշխարհի առաջատարի դիրքերը եւ դրա շրջանակներում լուծել Կիպրոսի հյուսիսային հատվածի անեքսիան, որը ձգվում է արդեն շուրջ չորս տասնամյակ։ Սակայն այս երկու կետով էլ, առնվազն այս փուլում, ձախողում արձանագրեց։ Գագաթնաժողովը, որը տեսականորեն միջազգային հանրությանը պետք է ապացուցեր թյուրքական պետությունների համախմբվածությունը, ի վերջո, ցույց տվեց տարակարծությունը նախագահների ու արտգործնախարարների հակասական հայտարարությունների տեսքով։
Թուրք-ադրբեջանական տանդեմը՝ ընդդեմ Իրանի
Բաքվում Իրանի դեսպանատունը տեղեկություն տարածեց, թե Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բաղիր Գոլաբիաֆի այցն Ադրբեջան հետաձգվել է անորոշ ժամկետով, որի պատճառների մասին չհաղորդվեց: Միանշանակ է, որ նման բարձրաստիճան պաշտոնյայի տեւական ժամանակ նախապատրաստվող այցի հետաձգումն արեւելյան չափանիշներով քաղաքավարության առումով շատ կոշտ ժեստ է, որն այս դեպքում ուղղված է Ադրբեջանին: Բանն այն է, որ Ադրբեջանը երկրի հարավում եւ Արցախի օկուպացված տարածքներում մի քանի օր առաջ զորավարժություններ է սկսել: Ինչպես հետո պարզվեց, այդ օրերին բացահայտվել էր, որ Իրանի Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչն Ադրբեջանից էր:
* * *
Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է հետեւողականորեն հակամարտություն հրահրել Իրանի հետ։ Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում համաժամանակյա կտրվածքով տեղեկատվական-քարոզչական աշխատանքներ են տարվում համապատասխան հանրային տրամադրություններ ձեւավորելու համար։ Ակտիվորեն շրջանառվում է «հարավային ադրբեջանցիներ» արհեստածին եզրույթը, որով հավակնություններ են ցուցաբերում Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ։ Այս նկրտումները նոր չեն, տարբեր ժամանակահատվածներում դրանք շրջանառության մեջ են դրվել, սակայն ներկայումս տարածաշրջանում առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել դրանք օրակարգ բերելու համար։ Անկարայի եւ Բաքվի գործողությունները վկայում են Իրանի դեմ ապագա ագրեսիվ ծրագրերի համար իրավական եւ գաղափարական հիմք նախապատրաստելու մասին։ Նույն ձեռագիրը տեսնում ենք նաեւ Հայաստանի դեմ տարվող ապատեղեկատվության տարածմամբ։ Փաստենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այսօր Իրանի դեմ տարվող գործընթացները հնարավոր եղան տարածաշրջանում հայկական գործոնի թուլացման հետեւանքով։ Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով խախտված ուժերի հավասարակշռությունը դոմինոյի էֆեկտով շարունակում է անկայունություն եւ խնդիրներ ստեղծել տարածաշրջանում։
* * *
Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վատթարացումը շարունակվում է ահագնացող տեմպերով: Բաքուն հույս ունի, որ Թեհրանի դեմ իրեն տրված պատվերները կատարելիս կնվաճի իրանական Ատրպատականն ու հայկական Սյունիքը, սակայն Իրանի կոշտ հայտարարություններն ու սառնասիրտ կեցվածքը, ըստ էության, զգուշացում են այն մասին, որ հայ-իրանական սահմանի փակման հնարավոր փորձերն արկածախնդրություն են եւ կարող են բացասական լուրջ հետեւանքներ ունենալ այն նախաձեռնողների համար:
* * *
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն արդեն հայտարարել է, որ Իսրայելը եւ Արեւմուտքի երկրների որոշ քաղաքական գործիչներ պլանավորել են քաղաքացիական պատերազմ կազմակերպել Իրանում, որը կհանգեցնի երկրի փլուզմանը:
Թյուրքական ձեռագիր
Թուրքական «մշակույթի» անբաժան բաղադրիչն է նվաճած տարածքների, տեղանունների թրքացումը։ Այդ քաղաքականության օգնությամբ փորձ է արվել յուրացնել եւ դրա միջոցով ջնջել, աղճատել, ապա եւ մոռացության տալ տեղանվան էթնիկ պատկանելությունը։ Նույն քաղաքականությունն իրականացնում է նաեւ Ադրբեջանը։ Ադրբեջանը ցավագին էր ընդունել ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ Արցախի բնակավայրի հայկական տեղանվան օգտագործումը։ Այդ առիթով խորհրդարանը մտադիր է դիմել ՌԴ Պետական դումա, որպեսզի ՌԴ պաշտպանության նախարարության կայքի տեղեկագրերում հայկական տեղանունների փոխարեն օգտագործվեն Ադրբեջանի հորինած անվանումները։
* * *
Եթե թուրքերն ու ադրբեջանցիները հետեւողական են իրենց նենգափոխման մեջ, ապա մենք՝ հայերս, չափազանց անփույթ ենք այդ առումով։ «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ անդրադարձել է հայկական տեղանունների պահպանման կարեւորությանը, սակայն հանրային ընկալումներում հաճախ գերակշռում են թուրքական եւ ադրբեջանական անվանումները։ Այդպիսի վերաբերմունքը սեփական տեղանունների նկատմամբ բնավ մեր օգտին չէ, հետեւաբար, այդ արգելապատնեշի հաղթահարումն առաջնային է դառնում թերարժեքության, պարտվողի բարդույթը հաղթահարելու ճանապարհին։ Մասնագետները կբացատրեն, որ յուրաքանչյուր տեղանուն անգնահատելի պատմագիտական տեղեկություններ է հաղորդում որպես հայերիս՝ հազարամյակներ ձգվող ներկայության ապացույցներից մեկը։ Հետեւաբար, դրանց նենգափոխումը խախտում է Հայկական լեռնաշխարհում մեր բնիկ լինելու տեղեկատվական շղթան։
* * *
Բաքուն մառազմի հերթական գլուխգործոցն է արարել. Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբեյլին հայտարարել է, թե Իրանը, «ըստ էության, թյուրքական պետություն է»: Ոգեւորված իր «թանկարժեք ստով»՝ Հաբիբեյլին այնուհետեւ դատողություններ է անում, որ պարսկերենը «սահմանափակ պաշտոնական շրջանակների» համար է շփման միջոց», իսկ ադրբեջաներենը «Իրանում ապրող բոլոր ժողովուրդների լեզուն է»:
Միջազգային անցուդարձ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեն, որը պատասխանատու է զինաթափման ու միջազգային անվտանգության համար, որոշում է կայացրել, որ Իսրայելը պետք է ազատվի իր միջուկային զենքից եւ միջուկային ենթակառուցվածքները տրամադրի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ՄԱԳԱՏԷ-ին: 152 երկրներ կողմ են քվեարկել որոշմանը, 5-ը՝ դեմ: Դեմ են հանդես եկել Կանադան, Իսրայելը, Միկրոնեզիան, Պալաուն եւ ԱՄՆ-ն: Եվս 24 երկրներ, այդ թվում՝ Եվրամիության անդամներ, ձեռնպահ են մնացել:
* * *
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է վերսկսել Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու վերաբերյալ բանակցությունները: Թուրքիան 1964-ից ԵՄ-ի ասոցացված անդամ է, իսկ կազմակերպությանն անդամակցության հայտ է ներկայացրել դեռեւս 1987 թ.:
* * *
ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը հաշվարկել է Իսրայելում նոր՝ ընտրություններում հաղթած «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նաթանյահուի ձեռնարկած կառավարության ձեւավորման հնարավոր հետեւանքները: Սպիտակ տանն անհանգստացնում է այն փաստը, որ քաղաքական նոր դասավորության պայմաններում պոտենցիալ վարչապետը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի նախարարական խոշոր պորտֆելները զիջել ծայրահեղ աջ ճամբարի ներկայացուցիչներին, որոնք լավ արդյունքներ են գրանցել ընտրություններում:
* * *
Քանի որ ՆԱՏՕ-ի այժմյան գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը կլրանա հաջորդ աշնանը, դաշնակիցների միջեւ, ըստ ամերիկյան պաշտոնատար անձանց, քննարկումներ են ծավալվում, թե ով կհաջորդի նրան: Շատերն են ընդգծում, որ Վաշինգտոնը մեկ գլխավոր թեկնածու ունի՝ 54-ամյա Քրիստիա Ֆրիլանդը՝ Կանադայի ուկրաինական ծագմամբ փոխվարչապետը եւ Կանադայի ֆինանսների նախարարը:
* * *
Ռուսաստանն ընդամենը չորս տարի ժամանակ ունի, որպեսզի լուծի Թուրքիայում ձեւավորվող միջազգային գազային հանգույցին իր մասնակցության հարցը: Հենց այդքան ժամանակ է պահանջվում, որ ողջ աշխարհում հեղուկացված գազի արտադրողներն ավարտեն ներդրումային նոր ցիկլը՝ ռուսական գազը փոխարինելու համար: Մոսկվան վառելիքը, ամենայն հավանականությամբ, իջեցված գնով կվաճառի Սեւ ծովի ռուսական ափին: Խառնվելով ադրբեջանականին կամ իրանականին՝ այն պետք է «թուրքական» դառնա, որպեսզի քաղաքական հակակրանք չառաջացնի պոտենցիալ գնորդների շրջանում:
* * *
Թուրքական հատուկ նշանակության զորքերի ուսումնական կենտրոնում, որը գտնվում է Իսպարտայում, զորավարժություններ են կայացել Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամների մասնակցությամբ: Անկարան փորձում է ստեղծել մի այնպիսի կառույց, որն ունակ կլինի «օպերատիվորեն արձագանքել ԹՊԿ-ի երկրներում հնարավոր ճգնաժամերին»:
Իրատեսություն, սառը հաշվարկ
Քաղաքականությունը զգացմունքների տեղ չէ, անձնական կողմնորոշումներն ու նախասիրություններն այստեղ տեղ չունեն։ Կշռաքարի մի նժարին մշտապես երկիրն է, ուստի մյուս նժարին պետք է լինեն բացառապես իրատեսությունը, սառը հաշվարկը։ Ընդհանրապես եթե ուշադիր հետեւենք աշխարհի էներգետիկ դիվանագիտության ելեւէջումներին, կտեսնենք, որ հաճախ երկրները հենց տրանսպորտային եւ էներգետիկ լոգիստիկայի կառուցվածքային տրամաբանությունից ելնելով են որոշում արտաքին քաղաքական ուղղվածությունները։ Հակառակ պարագան բերում է բազմաթիվ մարտահրավերներ, որոնց դիմակայելը լայնամասշտաբ ռեսուրսներ է խլում։ Հայաստանն այս օրինաչափությունից բացառություն չէ։ Ուստի հարկ է, որ արտաքին քաղաքական ցանկացած երկխոսություն վարելիս հաշվի առնենք մեր՝ նշյալ ոլորտի կառուցվածքային տրամաբանությունը եւ այն խախտելու հետեւանքով ռիսկերը, հեռանկարները, ձեռքբերումներն ու հակառակի հետեւանքները։ Այս ամենը կշեռքի նժարին դնելուց հետո հաստատ կտեսնենք առկա եւ մեզ ձեռնտու ուղղությունները։ Մեր աշխարհագրական դիրքը, ինչու ոչ, մեզ թույլ է տալիս գտնել նաեւ նոր ուղղություններ, այդ նորին ներկայացնել մեզ հետ փոխգործակցության ձեռնտու լինելը։ Բայց այս ամենը պետք է վերլուծել ու հաշվարկել սառը՝ վերջնահաշվարկում ունենալով միայն հայկական ազգային ու պետական շահը։
* * *
Ազգային ու պետական շահը նկատի ունենալով՝ առաջին բանը, որի մասին պետք է մտածենք, տնտեսական անվտանգությունն է։ Տնտեսական անվտանգության համար հարկ է, որ այդ տնտեսությունը վերակառուցվի ե՛ւ արագ, ե՛ւ որակյալ։ Դա թույլ կտա, որ տնտեսական աճի հիմքը պինդ լինի։ Այս պարագայում կկերակրենք ե՛ւ ժողովրդին, ե՛ւ բանակին։ Այդ պինդ հիմքը մեզ նաեւ աշխարհաքաղաքական առումով հարափոփոխ տարածաշրջանում մարտահրավերներին դիմակայելու հնարավորություն կընձեռի։ Ասել կուզի՝ այս տեսակետից իրական պինդ տնտեսությունը մեր երկրի ու պետության անվտանգության գլխավոր երաշխիքն է։ Պինդ տնտեսության համար պետք է լինի սահմանային անվտանգություն։ Առանց դրա այդ քաղաքականությունն անհնար է։ Անշուշտ կարելի է խոսել հայկական կապիտալն աշխատեցնելու մասին, բայց՝ խոսել, որովհետեւ նույնիսկ հայկական կապիտալը չի իրացվելու եւ արդյունք չի տալու, եթե սահմանային անվտանգություն չկա։ Առանց անվտանգության խնդրի լուծման՝ անընդհատ խտացնելու ենք անապահովների շարքը։ Չմոռանանք, որ սեպտեմբերի 13-14-ի՝ մեզ վրա թշնամու ռազմական ագրեսիայի հետեւանքով հազարավոր տեղահանվածներ ունեցանք։ Հետեւաբար՝ սոցիալական խնդիրը ինչքան սրանա, այնքան տնտեսությունն ի վիճակի չի լինելու փակել «ճեղքերը»։ Դրա համար անվտանգություն-տնտեսություն շղթան նույն գծի վրա պետք է տեղավորել։ Հակառակ պարագան արդյունքի պարագայում նույնիսկ կարճաժակետ բնույթ է ունենալու՝ առանց պինդ հիմքի։ Իսկ այս պնդությունը մեզ պետք է երկու ոլորտներում էլ՝ անվտանգության եւ տնտեսության։ Պետք է միաժամանակ ու երկարաժամկետ ծրագրերով։ Ի շահ մեր երկրի ու մեր պետության ապագայի։
Առաջ տանենք մեր շահը
Ի՞նչ պետք է անենք մենք։ Պատասխանն ակնհայտ է՝ այն, ինչ աշխարհը՝ առաջ տանենք մեր շահը։ Կարո՞ղ ենք՝ միանշանակ այո։ Չժխտենք. 44-օրյայի հետեւանքով տարածաշրջանում հայկական գործոնը շատ է թուլացել, բայց չի վերացել, չէ՞։ Որովհետեւ դեռ չի կորել հայկական ուժը (Հայաստան-Արցախ-սփյուռք)։ Ալիեւը սպառնում է՝ եթե Հայաստանը չտա «Զանգեզուրի միջանցքը», ապա թող հիշի, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարողանում են տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սեւանա լիճը։ Հայհոյելու փոխարեն ընդունենք ճշմարտությունը՝ այո, կարողանում է տեսնել, չի խաբում, մեզ հետ, իբր, խաղաղություն ուզողը պատերազմով է սպառնում, եթե չտանք իրենց համար այդքան բաղձալի իրենց ասած «Զանգեզուրի միջանցքը»։ Եթե թշնամին ճանապարհների ապաշրջափակում է ուզում, ինչու իսկապես չի հանգստանում հայկական կողմի այն հավաստիացումներից հետո, որ պատրաստ է երեք ուղղությամբ ճանապարհ տրամադրել, այլ ձգտում է «միջանցքին»։ Պատասխանը հասկանալի է՝ քաղաքատնտեսական գլոբալ շահի պատճառով, որից գլոբալ շահողը թյուրքական կողմն է լինելու։
* * *
Հակառակ ուղղությունը մեր՝ կրկին նորից դերակատար դառնալն է։ Մենք պետք է արագացնենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը՝ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) մաս կազմելու համար։ Մեր մասով գլոբալ աշխարհաքաղաքականությունում այսօր երկու միջազգային տրանսպորտային միջանցքներ կան՝ «Հյուսիս-Հարավ» եւ «Պարսից ծոց-Սեւ ծով»։ Երկուսում էլ Հայաստանը կա։ Ինչքանո՞վ է հավանական իրացվելիությունը։ Սա հասկանալու համար աշխարհաքաղաքականությունը պետք է տեղավորենք կիրառական հատվածում։ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի ձեւավորման պայմանագրի կողմեր են Հնդկաստանն ու Իրանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Սիրիան, Հայաստանն ու Ադրբեջանը: Եվ միջանցքի աշխարհագրությունը որոշվում է կոլեգիալ կերպով: «Հյուսիս-Հարավի» գլոբալ նպատակն այն է, որ Հյուսիսային Եվրոպան կապվի Հնդկական օվկիանոսի հետ: Այսինքն՝ թե որ երկրներով կանցնի ուղին, կորոշեն պայմանագրային կողմերը։ Եթե հաշվի առնենք այս կողմերից Ադրբեջանին ու Ղազախստանին, Հայաստանի գործը բարդանալու է, եթե, իհարկե, հստակ դրված չլինի Ռուսաստանի դիրքորոշումը (այս միջանցքի առանցքային դերակատարը Մոսկվան է)։ Կիրառական հատվածում մի հարց էլ կա, որ պետք է որոշակի առանձնացնենք։ Խոսքը տեխնիկական կողմի մասին է։ Եթե առանցքային դերակատարը հստակ ասի իր դիրքորոշումը եւ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի աշխարհագրությունից դուրս չմնանք, արդյոք մենք տրանսպորտային ենթակառուցվածքով պատրա՞ստ ենք դրան։ Կրկին հանգում ենք մե՛ր Հյուսիս-Հարավ ճանապարհի հարցին։
* * *
Հասկանանք կարեւոր մի բան՝ Հայաստանի՝ աշխարհագրորեն խաչմերուկային դիրքը մեզ պետք է ոչ թե նեղի, այլ ճիշտ հակառակը՝ թեւեր տա, ազգային անվտանգության ամուր հիմքերից մեկի՝ տրանսպորտային անվտանգության ուղիները ցույց տա, սեփական շահը հետապնդելու կամք հաղորդի։ Եվ այդ ուղիները կան։ Պետք է նոր թափ հաղորդել մեր Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությանը՝ մեր երկիրը Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ կապի ապահովման կարեւոր դերակատար դարձնելու համար: Եվ այս պարագայում, երբ խոսքը լոգիստիկ կապերի մասին է, միայն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին չէ, որ ներառված է։ Մենք մեր տարանցման ներուժը կարող ենք օգտագործել նաեւ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ կառուցքի ձեւավորմամբ (Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի միջեւ փոխադարձ հոսքեր)։ Միով բանիվ` եթե Հայաստանը ուզում է հաստատել իր գեոտնտեսական սուբյեկտայնությունը, ապա պետք է չվարանի առաջնորդվել ազգային շահով։
* * *
Ազգային շահն առաջ տանելու համար մեզ հիմք է պետք՝ տնտեսությունը։ Բայց աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մեր մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունն էլ է դեռ պահպանվում, ինքնըստինքյան՝ գնաճային ռիսկերը նմանապես պահպանվում են։ Այսինքն՝ ի՞նչ անել՝ սպասել, մինչեւ արտաքին ծավալումները հօգուտ մե՞զ կլինեն։ Բնականաբար՝ ոչ։ Չգործելն ու սպասելը այս դեպքում մեր վիճակը գոնե փոքր-ինչ չեն թեթեւացնի։ Մեր խնդիրը մեր տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելն է, այնպես, ինչպես մարդն է բարձրացնում իր օրգանիզմի դիմադրողականությունը՝ հիվանդությունների դեմ ավելի դյուրին պայքարելու համար։ Տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելու քայլերը հայտնի են՝ տնտեսության որակի փոփոխություն, մոդելի փոփոխություն, արդյունաբերության արագ զարգացում, արտահանման զարգացում, ներկրման կորի իջեցում, եկամտային արդյունավետ քաղաքականություն, ոլորտային զարգացումների՝ շղթայական հաշվարկված իրատեսական ռազմավարություններ, էներգետիկ անվտանգության եւ պարենային ապահովվածության մակարդակների բարձրացումներ եւ այլն։ Այս քայլերի համախու՛մբը միայն թույլ կտա, որ մենք հնարավորինս քիչ ազդվենք արտաքին շոկերից եւ ունակ լինենք արտաքին ազդակների դեմ հակազդող քայլեր ձեռնարկել։