Երբ դպրոցական էինք, աշխարհագրությունից սովորեցնում էին, որ կա երկու բեւեռ՝ Հյուսիսային եւ Հարավային: Քիչ ավելի ուշ իմացանք մագնիսական բեւեռների մասին: Որոշ ժամանակ հետո պարզվեց, որ, չէ, երկու բեւեռ էլ կա՝ աշխարհաքաղաքական՝ ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը կամ կապիտալիստականն ու սոցիալիստականը: Ինչ-որ ժամանակ անց աշխարհը քաղաքականապես բեւեռափոխ եղավ՝ դարձավ միաբեւեռ, որովհետեւ բեւեռներից մեկը՝ ԽՍՀՄ-ը, փլուզվեց: Բայց սա էլ վերջը չէր ու չէ…
Աշխարհն սկսեց արագ փոփոխվել ու հիմա արդեն շնչակտուր վազում է ինքն իր հետեւից: Արդյունքում՝ բեւեռները բազմացել են: Մինչ աշխարհաքաղաքական առկա միակ բեւեռը ձգտում է ամրապնդել իր տիրապետությունը, մյուսը՝ նախկինի փլատակների տակ մնացածը, փորձում է իրենը վերստեղծել: Եվ Երկիր մոլորակը բեւեռախաղից վերածվել է խելահեղության կիզակետի: Արդեն իսկ ձեւավորված են սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային, ազգային, ժողովրդավարական ու բազում այլ նմանատիպ բեւեռներ, որոնք միասին խաղում են երկու ավելի խոշոր՝ իրական եւ վիրտուալ բեւեռների տիրույթում, աշխարհաքաղաքական բեւեռի/բեւեռների դիրիժորությամբ: Եվ ստեղծվել է այն վիճակը, երբ մոլորակի անցուդարձի գլխավոր դերակատար մարդն իսկապես ուզում է գոռալ, թե՝ աշխարհ, կանգնիր, ես իջնեմ:
Թերեւս, վիրտուալ բեւեռի խոշոր խաղացողներից մեկը, այդ ամենը շատ լավ հասկանալով, որոշել է մարդկանց տեղափոխել մի այլ, դեռեւս չիրացված բեւեռ՝ Մարս: Ժամանակին խոպանչիները գնում էին իրացնելու այդ ժամանակ դեռ չխոշտանգված տարածքներ՝ ոսկի որոնողները՝ ամերիկյան բեւեռ, ադամանդ որոնողները՝ աֆրիկյան բեւեռ, խորհրդային որոնողներն էլ՝ Ղազախստանի հողերը կենդանացնելու: Ու ամերիկացի Ջեկ Լոնդոնը գրում էր ոսկի որոնողների, ֆրանսիացի Լուի Բուսենարը՝ ադամանդ որոնողների մասին, իսկ խորհրդային խոպանչիների գրական հոգսն էլ իր վրա էր վերցրել ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Բրեժնեւը: Հիմա Իլոն Մասկն էլ որոշել է հերկել Մարսի հողերն ու «կլիենտ» է հավաքում: Ինչ վերաբերում է այդ մասին գրելուն, վերջերս նրա ձեռք բերած սոցիալական ցանցը լավագույն հնարավորությունն է դրա դրսեւորման համար:
Ամենաբարդ գործը մնացել է ուսուցանողներին՝ ուսուցիչներից մինչեւ մենթորներ, որոնց համար այնքան էլ պարզ չի լինելու այն հարցը, թե, ի վերջո, քանի՞ բեւեռ կա: Նույնքան էլ պարզ չի լինելու նաեւ այն հարցի պատասխանը, թե ովքե՞ր են բեւեռախույզները: Ըստ բառարանի՝ նրանք Երկրի բեւեռներն ու բեւեռային գոտիներն ուսումնասիրող՝ հետազոտող գիտնականներ են: Բայց այսօրվա բեւեռների բազմազանության պայմաններում ավելացել են նաեւ բեւեռախույզների կատեգորիաները՝ ի դեմս քաղաքագետների, սոցիոլոգների, տնտեսագետների եւ մյուսների, որոնցից ամեն մեկն իր բեւեռի մասնագետն է կամ այդպիսին պետք է լինի:
Ժամանակին բեւեռների ամենահայտնի բնակիչները բեւեռաղվեսներն էին: Հիմա դրանք ընդամենը մի քանի հարյուր հազար են, որովհետեւ բեւեռաղվեսի գեղեցիկ, արժեքավոր մորթին դառնում է տարբեր բեւեռներ ներկայացնող մարդու օձիք, գլխարկ ու բաճկոն… Բեւեռաղվեսները միշտ հավատարիմ են իրենք իրենց, բեւեռների մարդիկ սիրում են փոխվել…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հ.Գ. Մասնագետները նշում են նաեւ անհասանելության կամ անմատչելիության բեւեռի/բեւեռների մասին, որոնք այսօր դեռ աշխարհագրական հասկացություններ են, իսկ վաղը…