ՀՀ ԳԱԱ դահլիճում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրներ» թեմայով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին:
Գիտաժողովը ողջյունի խոսքով բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ա. Սաղյանը: Այնուհետեւ նիստը նախագահող՝ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տ. գ. դ, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը հակիրճ ներկայացրեց Վլադիմիր Հարությունյանի կյանքի որոշ դրվագներ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանգամանալից խոսեց գիտության եւ կրթության զարգացման հետագա ուղենիշների մասին:
Ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ԵՊՀ ամբիոնի վարիչ, տ. գ. դ., պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ՀՊՏՀ ռեկտոր, տ. գ. դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանը, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տ. գ. դ., պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ԳԱԱ ակադեմիկոս, պ. գ. դ, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական ուղղության ղեկավար, տ. գ. դ., պրոֆեսոր Ռոբերտ Սարինյանը, ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը, ինչպես նաեւ տողերիս հեղինակը:
Գիտական զեկուցումներով հանդես եկան ինստիտուտի երիտասարդ շնորհալի գիտաշխատողները, հետեւյալ թեմաներով` «Կլիմայական գործոնի ազդեցությունը ՀՀ պարենային անվտանգության վրա», «Խաղողագինեգործական համալիրի զարգացման հիմնախնդիրների քանակական գնահատումը», «Աշխատաշուկայի զարգացման միտումները թվային տնտեսության պայմաններում», «Տնտեսական անվտանգության հիմնախնդիրներն ազգային անվտանգության համակարգում»:
Վլ. Հարությունյանի երկու որդիները` Դավիթ եւ Տիգրան Հարությունյանները տնտեսագիտության դոկտորներ են, իսկ դուստրը` Աննա Հարությունյանը, տնտեսա-գիտության թեկնածու է, նրանք հաջողությամբ աշխատում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:
Հարկ է նշել, որ Վլադիմիր Հարությունյանը, լինելով ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն, հսկայական աշխատանք կատարեց բնագավառի զարգացման համար: Գիտնականն իր մահկանացուն կնքեց 2022 թ. մարտի 5-ին, երբ դեռ չէր բոլորել նրա 65-ամյակը: Նա հեղինակել է շուրջ 150 գիտական հոդվածներ, որից մոտ 30 գրքեր:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր