Քաղաքականություն իրականացնելիս «խաղադրույքն» արվում է կա՛մ երկարաժամկետ հեռանկարում արդյունք ստանալու, կա՛մ «այսրոպեական» խնդիրները լուծելու համար։ Բնականաբար, շահում են ապագային միտված պատերազմներ մղողները՝ լինեն դրանք ռազմական ուժի, թե այլ ձեւաչափերով։
Հայաստանի, հայերի եւ, ընդհանրապես, հայկական քաղաքակրթության համար կենսական նշանակություն է ստանում զոհի կերպարից դուրս գալը, ինքնախարազանմամբ անցյալի եւ ներկայի սխալները մշտապես շրջանառելու փոխարեն տարածաշրջանի բնիկ քաղաքակրթություն մնալու հայտի ձեւակերպումը։ Անհատական մակարդակում տեսնում ենք, որ հայկական միտքը, հայկական ներուժը բավարար են նման համարձակ քայլի համար, խնդիրը շարունակում է մնալ թերարժեքության բարդույթը չհաղթահարելու եւ գերնպատակը, ապագայի տեսլականը չսահմանելու կամ դրա կարեւորությունը չգիտակցելու մեջ։ Հազարամյակների ընթացքում կայսրություններ հիմնած հայը չի կարող բավարարվել զուտ սպասարկողի կարգավիճակով։ Անգամ պետականազուրկ վիճակում հայ տեսակը կարողացել է դոնոր լինել առաջավոր մարդկության համար արժեհամակարգային, մշակութային, տնտեսական, ինչու չէ նաեւ քաղաքական-իրավական հարթություններում։ Վերջին հանգամանքն ապացուցող ընդամենը մեկ փաստ բերենք. Հակոբ եւ Շահամիր Շահամիրյանների «Որոգայթ փառացը» (1773 թ.) ոչ միայն հայ իրականության մեջ, այլեւ աշխարհում առաջին սահմանադրական նախագիծն էր, ըստ որի կառավարման համակարգը խորհրդարանական էր։ Նման օրինակները բազմաթիվ են, ինչը առօրյա կենցաղային խնդիրների վրա իրեն սպառող հայ հասարակությունը մոռացության է մատնել եւ ապրում է միայն ներկայով, կամ էլ կարոտով հայացքն ուղղում է անցյալին։ Անցյալի փառքն անհրաժեշտ էներգիա է, սակայն կարող է աննպատակ վատնվել, եթե չի ուղղվում ապագայի մեծ ծրագրերի իրականացմանը։
Ինքնության համար պատերազմներն ու հակամարտությունները ժամանակակից աշխարհում ամենահզոր ուժն են: Տարածաշրջանի իրական տիրոջ՝ հայկական քաղաքակրթությունը ջնջելու փորձերը վտանգավոր միտումներ են ստացել։ Թեեւ 1988-1994 թթ. Արցախյան առաջին պատերազմի արդյունքներով արհեստածին քաղաքական միավորների ձեռքով հայկական կենսական տարածքի յուրացումը կասեցվեց, եւ հայը կարողացավ վերադարձնել իր հայրենիքի կարեւորագույն հատվածներից մեկը՝ Արցախի մի մասը, սակայն հետագա տասնամյակներում այդ ձեռքբերումն ամրապնդելու, հայկական տարրով ուժեղացնելու փոխարեն մենք ընթացանք սխալ ուղով։ Գիտնական-մարտիկ միասնության մեջ ամրապնդվելու, Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ Արցախը «ամրոց-պետություն» դարձնելու փոխարեն մենք տուրք տվեցինք մեր իրական տեսակին խորթ՝ վաշխառուական, գեդոնիստական ապրելակերպին։ Ընդհանուր առմամբ՝ բարոյազրկման ճանապարհով ընթացող հասարակություններին, ի վերջո, բաժին են հասնում ծանր փորձություններ, համատարած արժեզրկման պայմաններում վեր են բարձրանում մարգինալ շերտերը՝ ճնշելով ազգերի սերուցքին։ Ներկա պայմաններում հայերը մեր տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների հետ միասին պարտավոր են մշակել ստեղծարար լուծումներ բարոյական, արժեհամակարգային ճգնաժամերը հաղթահարելու համար։ Միայն այդ կերպ է հնարավոր կասեցնել տեսակների քայքայումն ու տարրալուծումն անդեմ ամբողջության մեջ։
Բնավ չփորձելով գերագնահատել կամ, առավել եւս, թեգնահատել թյուրքական գործոնը, պետք է նշենք, որ ժամանակակից Թուրքիան առաջնորդվում է թյուրքական միջավայրի նկատմամբ միանձնյա գերակայություն հաստատելու, իսկ մնացյալ աշխարհին սեփական օրակարգը պարտադրելու ցանկությամբ։ Այս ծրագիրը հայտնի է նաեւ որպես «Kizilelma» (թարգմ՝ «Կարմիր խնձոր»). այն ըստ թյուրքական առասպելաբանության՝ ուտոպիստական թվացող նպատակ է, որոնց պետք է ձգտեն թուրքերը եւ մասնավորապես օղուզ թուրքերը։ «Կարմիր խնձորը» ցանկալի, բայց հեռավոր, եթե ոչ անհասանելի նպատակ է։ Այս հայեցակարգը Թուրքիայի ծավալապաշտական մոտեցման առանցքն է, թյուրքական ազգայնականության եւ թյուրքական քարոզչության կարեւոր խորհրդանիշներից մեկը։ Ի դեպ, «կարմիր խնձորի» մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է Կ. Պոլսի գրավումից հետո օսմանյան ժամանակաշրջանին։ Այդ ժամանակ նրանց ցանկությունն էր՝ գրավել ամբողջ Եվրոպան։ Իրանցի փորձագետ Շոհրե Փուլաբը, անդրադառնալով Էրդողանի «Կարմիր խնձորի» նախագծին, գրում է, որ քաղաքական առումով այն ներկայացնում է Կենտրոնական Ասիայում Չինաստանի եւ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական մրցակցության նոր տարբերակ՝ «ուժերի հավասարակշռության քաղաքականության» տեսքով:
Միաժամանակ Էրդողանի ծրագիրն է փոխել Եվրասիայի գոյություն ունեցող աշխարհաքաղաքականությունը եւ դառնալ համաշխարհային տերություն։ Այստեղ նկատում ենք, որ էրդողանյան Թուրքիան «խաղում» է ապագային միտված շախմատային պարտիա, մինչդեռ Ռուսաստանը եւ Արեւմուտքը միմյանց հետ պայքարում կարճաժամկետ խնդիրներ են լուծում, եւ հաղթող դուրս գալու ցանկությունից «կուրացած»՝ ավելի ու ավելի են ամրանում թուրքական «սարդոստայնի» մեջ։ Պատմության դասերը, ինչպես տեսնում ենք, ոչ միայն մենք լավ չենք սերտել, այլեւ Ռուսաստանը, որը «կարմիր հեղափոխությունը» տարածելու ցանկությամբ տոգորված՝ դաշնակցեց եւ խաբվեց Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին, այնպես էլ՝ Եվրոպան, որը ներքին խնդիրների պատճառով միայն Վիեննայի պատերի մոտ կարողացավ կասեցնել Օսմանյան կայսրության հաղթարշավը։ Թե Ռուսաստանը, թե Արեւմուտքը «խաղադրույքը» դնում են Թուրքիայի վրա, մինչդեռ նրանց համար շահեկանը հայկական քաղաքակրթության ամրացումն ու ընդլայնումն է։ Այս ամենի գիտակցումը դեռ չկա որեւէ մեկի, այդ թվում՝ մեր կողմից։