Էպոս (հին հունարեն՝ έπος «խոսք», «ասք», «պատմություն»)՝ գործածվում է երկու իմաստով 1. Լայն առումով` գրական երեք սեռերից մեկը (էպիկական, քնարական, դրամատիկական), 2. նեղ ժանրային առումով` ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ, վիպական բանահյուսության ծավալուն եւ բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից։
Ազգային էպոսը էպիկական բովանդակությամբ էպիկական ժանրի բանաստեղծության կամ գրականության գործ է, որը ավանդաբար ներկայացնում կամ արտացոլում է որեւէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին, դա կարող են վերաբերել նաեւ ինքնուրույնության կամ անկախության ձգտող որեւէ էթնիկական կամ լեզվաբանական խմբի։ Ազգային էպոսների մեջ հաճախ նկարագրվում է տվյալ ազգային էթնոսի ծագման եւ զարգացման պատմությունը կամ պատմության մի մասը, կամ տվյալ ազգության ինքնորոշման կամ ինքնագիտակցման պատմության կարեւորագույն դրվագները եւ այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը։
Էպիկական ժանրի զարգացումը գրականության մեջ ունի փուլային բնույթ եւ պայմանավորված է պատմական իրադարձությունների ընթացքով։ Ազգային էպոսների ծնունդը սովորաբար ուղղորդվում է պանեգիրիկների կամ «հերոսապատումային մահախոսականների» եւ հերոսական աշխարհայացքին մոտ ողբերի զարգացումով։ Այդ գրական ստեղծագործություններում անմահացված մեծ մարդկային գործերը կամ ազգային ինքնագիտակցման խթան դարձած պատմական իրադարձությունները հաճախ դառնում են այն բովանդակությունը, որի շուրջ բանաստեղծները կառուցում են իրենց ստեղծագործությունները։ Պանեգիրիկներն ու ողբերը սովորաբար շարադրվում են նույն ոճով եւ բանաստեղծական չափերով, ինչ էպոսները, եւ դառնում դրանց անքակտելի գեղարվեստական մասը։