Թուրքիայի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մոտ ապագայում կանցկացնեն երկրորդ գագաթնաժողովը: Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Մարդին քաղաքում երիտասարդության հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ կընդունվի թուրքմենական գազի մատակարարման «ճանապարհային քարտեզ», ըստ որի՝ գազն Ադրբեջանով կառաքվի Թուրքիա, այնտեղից՝ Եվրոպա: Այդ դեպքում Թուրքիան կվերածվի էներգակիրների առքուվաճառքի խոշոր խաղացողի: Սակայն Աշխաբադն առայժմ չի մեկնաբանել Էրդողանի առաջարկը:
Նշված «եռյակի» նախագահների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ՝ Թուրքմենբաշիի կասպյան «Ավազա» առողջարանային գոտում: Երեք երկրների նախագահների բանակցությունների արդյունքում բեկումնային համաձայնագրեր չեն ստորագրվել: Թուրքմենստանը հանգիստ ձերբազատվեց պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրումից: Հանդիպման կարեւորագույն արդյունքն աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարությունն էր, որը կզբաղվի թուրքմենական բնական գազի՝ Եվրոպա մատակարարման «ճանապարհային քարտեզի» մշակմամբ:
Հանդիպումից հետո Էրդողանն աշխատել է ցուցադրել, որ գագաթնաժողովի արդյունքներն իրեն այնքան էլ չեն անհանգստացնում: Ինքնաթիռում շփվելով լրագրողների հետ՝ նա հայտնել է, որ «թուրքմենական գազի մատակարարման հարցը կարող է լուծվել մեկ ամսվա ընթացքում»: «Եթե խոսենք այն մասին, թե Թուրքմենստանն ունի՞ հնարավորություն՝ իր բնական գազն ուղիղ կերպով վաճառելու Եվրոպային, ապա Թուրքիան, իհարկե, կարեւոր հանգույց է»,- նշել է Էրդողանը: Նա հստակեցրել է, որ մոտ ժամանակներս կկայանա երեք երկրների էներգետիկայի նախարարների հանդիպում, ինչից հետո հունվարին սպասվում է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի այցը Թուրքիա, որի ընթացքում «պլանավորվում է համաձայնագիր ստորագրել գազի մատակարարման վերաբերյալ»:
Էրդողանն անցյալ շաբաթն ավարտեց Մարդին նահանգում, որտեղ տվեց երեք հորատանցքերում նավթի արդյունահանման մեկնարկը։ Թուրքիայի էներգետիկ պլանների մասին նա պատմել է Մարդինի երիտասարդության հետ հանդիպման ընթացքում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ կանխելու համար այնպիսի էներգետիկ ճգնաժամը, ինչպիսին այսօր ապրում է Եվրոպան։ Որպես իր երկրի հաջողություն՝ Էրդողանը խոսել է Ստամբուլի մերձակայքում 4.6 մլրդ խորանարդ մետր ծավալով ամենամեծ «Սիլիվրի» գազի պահեստարանի բացման մասին։ «Սիլիվրին» դարձել է ամենամեծը Եվրոպայում,- ընդգծել է Էրդողանը։- Նրանք, ովքեր դեռ մինչեւ վերջերս ժպտում էին՝ լսելով Թուրքիայի ձեռքբերումների մասին, վաղն օգնության համար կդիմեն Անկարային»:
Թուրքիայի ղեկավարը հաղորդել է, որ երկրի հյուսիսարեւմտյան Թրակիա նահանգը կվերածվի միջազգային նշանակության էներգետիկ հանգույցի. «Կարեւոր բանակցություններ ենք վարել թանկագին ընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Մեր նպատակն է կարճաժամկետ հեռանկարում Թուրքիայում ստեղծել գլոբալ կենտրոն, որտեղ կձեւավորվեն գազի գները»։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին է հանդես եկել ռուսական գազի առաքումների համար Թուրքիայում գազային նոր հանգույց ստեղծելու առաջարկով: Նրա խոսքով՝ ԵՄ գազի փոխադրման ծավալները նվազում են «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազամուղների վթարների եւ վերջինիս դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով, ուստի դրանք Բալթիկ ծովից կարող են տեղափոխվել Սեւ ծով: Այդ դեպքում Թուրքիան կարող է դառնալ խոշորագույն գազային հանգույց:
«Ռուսաստանը գործնականում անձամբ Էրդողանին է աջակցել, որին նշանակալից հաջողություններ են պետք հաջորդ տարվա ամռանը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է պատմական գիտությունների դոկտոր, Էթնոազգային ռազմավարությունների գործակալության տնօրեն Ալեքսանդր Կոբրինսկին: Նրա կարծիքով՝ մի բան է ռուսական գազը վաճառել Թուրքիայի տարածքով, մեկ այլ բան՝ թուրքմենական գազը, որի մղման համար կպահանջվի Անդրկասպյան գազամուղի շինարարություն:
Այս նախագիծն արդեն երկար ժամանակ է քննարկվում։ Դրա ենթադրվող երկարությունը 300 կմ է, տարողությունը՝ տարեկան 30 մլրդ խորանարդ մետր։ Գազն Ադրբեջանից Թուրքիա կարող է մատակարարվել TANAP գազամուղով, իսկ այնտեղից դեպի Եվրոպա՝ TAP-ով. դա «Հարավային գազային միջանցքի» հատվածն է եւ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով կապում է Հարավային Եվրոպայի հետ: Բայց, ինչպես կարծում է Կոբրինսկին, դա հակասում է Ռուսաստանի ազգային շահերին։
«Ռուսաստանը ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է առարկություններ ներկայացնել, այդ թվում՝ բնապահպանական եւ, այդպիսով, ոչ միայն արգելափակել Անդրկասպյան գազամուղի շինարարությունը, այլեւ գոնե որոշ ժամանակով հետաձգել դրա իրականացումը: Իրանը նույնպես կարող է Ռուսաստանի հետ համատեղ հանդես գալ, առավել եւս, որ խնդիրն ամենեւին էլ մտացածին չէ. Կասպից ծովում բնապահպանական խնդիրներ կան, եւ դրանք բավական լուրջ են: Մենք դարձանք Արալյան ծովի ողբերգության ականատեսները: Ճիշտ նույն կերպ կարող է մահանալ նաեւ Կասպից ծովը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կոշտ կերպով պաշտպանել սեփական ազգային հետաքրքրությունները»,- նշել է փորձագետը:
Նրա կարծիքով՝ Թուրքիան լրջորեն պատրաստվում է դառնալ ոչ միայն Եվրոպայի գազային հանգույցը Գերմանիայի փոխարեն, այլեւ երկիր, որը գազի համաշխարհային գներն է որոշում: Այն վերջնարդյունքում կհավակնի գներ սահմանել բոլոր էներգակիրների համար։ «Թուրքմենստանը լիովին կախվածության մեջ կընկնի Թուրքիայից եւ կզրկվի իր չեզոքությունից ու անկախությունից, ինչպես զրկվել է Ադրբեջանը։ Այսօր Բաքուն ստիպված է ընթանալ թուրքական քաղաքականության հետագծով։ Իսկ Ռուսաստանը երաշխավորում է Թուրքմենստանի լիակատար անկախությունը: Թեեւ հավանական է, որ Բերդիմուհամեդովին կարող են ստիպել՝ կայացնելու ինչ-ինչ որոշումներ, սակայն ես հույս ունեմ, որ ողջախոհությունը կհաղթի: Դա շատ բանով կախված կլինի նաեւ Մոսկվայի դիրքորոշումից։ Այսօր դեռ հնարավորություն կա ՝ կանխելու Թուրքիայի անդառնալի հզորացումը Կասպից ծովի տարածաշրջանում։ Ռուսաստանն Աշխաբադին խոստանալու բան ունի՝ սկսած թուրքմենական գազի այլընտրանքային ուղիներից եւ վերջացրած թուրքմենական տնտեսության մեջ ներդրումներով՝ առանց թուրքմենական կողմի որոշումների վրա ճնշում գործադրելու»,- ամփոփել է Կոբրինսկին։
Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին գագաթնաժողովից հետո ԶԼՄ-ները գրեցին, որ «Էրդողանը Պուտինի համար թակարդ է պատրաստել», բայց չբացահայտվելու համար Թուրքիայի նախագահը Թուրքմենստան կատարած այցելությունը եւ «եռյակի» հանդիպումը ձեւակերպել է այսպես՝ «գործընկերներին տեղեկացնելու Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման գաղափարի մասին եւ նրանց միացնելու իր ենթակառուցվածքներին»:
Այն, որ Աշխաբադը մերժել է Թյուրքական պետությունների կազմակերպության լիարժեք անդամ դառնալու առաջարկը, ցավագին է ընդունվել Թուրքիայի կողմից, իսկ արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, ով Սամարղանդում կայացած գագաթնաժողովից առաջ խոստացել էր, որ դա տեղի կունենա, պարզապես խայտառակվեց: Թուրքմենստանը կշարունակի ապավինել չեզոքության կարգավիճակին ու բազմավեկտոր քաղաքականությանը, ինչը սահմանված է երկրի Սահմանադրությամբ: Փորձերը՝ Աշխաբադին մղելու դեպի առավել ակտիվ մասնակցություն «թյուրքական ընտանիքի» կյանքում, չհաջողվեցին, եւ այժմ Էրդողանը ձգտում է դա իրականություն դարձնել գազային թեմայի միջոցով:
Հայտնի է, որ Անկարան վաղուց է ձգտում թուրքմենական գազը Եվրոպա տարանցել Թուրքիայի միջոցով՝ շրջանցելով Ռուսաստանը: Ինչ վերաբերվում է Իլհամ Ալիեւին, ով իր համար ընտրել է սուլթանական տղայի առաքելությունը, ապա նրան անհանգստացնում են ոչ միայն գազն ու Անդրկասպյան գազատարը, այլեւ Աշխաբադի հետեւողական չեզոք դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտությունում: Ընդհանուր առմամբ՝ լավ են զարգանում նաեւ թուրքմենա-իրանական հարաբերությունները, որոնք տարբերվում են Թեհրանի նկատմամբ Բաքվի «ցնցումներից»:
Թե որքանով են իրական երկրորդ գագաթնաժողովի մասին Էրդողանի հավաստիացումները, պարզ կդառնա ավելի ուշ: Սերդար Բերդիմուհամեդովը ճարպիկ քաղաքական գործիչ է. իհարկե, գազամուղն ու թուրքական գազային հանգույցը գայթակղիչ են, սակայն Աշխաբադի համար պակաս հետաքրքիր չէ Հյուսիս-Հարավ անդրկասպյան ուղին՝ հատկապես հաշվի առնելով, թե Իրանը որքան ակտիվորեն է ձեռնամուխ եղել Կասպից ծովի իր ափին ենթակառուցվածքների ստեղծմանը: