Կառավարության՝ տարբեր տարիների ընդունած 16 որոշումներում նախատեսված փոփոխությունները երեկվա նիստում 1 որոշմամբ ընդունվեցին։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը տեղեկացրեց, որ այս որոշմամբ նախատեսում են նաեւ փոփոխություններ կատարել ապրանքներ արտահանելու եւ ներմուծելու թույլտվության փաստաթղթերի տրամադրման ժակետների մասով։
Ներկայումս համապատասխան թույլատվական փաստաթուղթ ստանալու համար տնտեսավարող սուբյեկտները, կախված գործող օրենսդրությունից, լիազոր մարմին են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը` փոստով կամ առձեռն, ինչպես նաեւ նշված տնտեսավարողները լիազոր մարմնի պահանջով տրամադրում են լրացուցիչ՝ առձեռն կամ ուղեկցող գրությամբ (փոստով): «Նշված գործընթացը էլեկտրոնային դարձնելու նպատակով, մասնավորապես «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ «փոխգործելիության» հարթակի ներդրման, նաեւ ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը։ Սրա արդյունքում նախատեսվում է համապատասխան թույլատվական փաստաթղթերը ստանալու դիմումը, ինչպեսեւ՝ դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել եւ էլեկտրոնային եղանակով ներբեռնել»,- ասաց Ռ. Մաշադյանը:
Նա վստահ է, որ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսավարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առեւտրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման եւ ներկայացման գործընթացը կարվի էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչի արդյունքում կկրճատվեն մաքսային ձեւակերպումների ժամկետները։
Այլ փոփոխությունների մասին. օրինակ՝ համապատասխանության հայտարարագրի համար օրենքով սահմանված է 5 աշխատանքային օր, հասցվում է 2 աշխատանքային օրվա: Վայրի բույսերի ներմուծման եւ արտահանման համար անհրաժեշտ թույլտվության տրման ժամկետը 7 օրից դարձել է 5 աշխատանքային օր։ Իսկ թանկարժեք մետաղների եւ քարերի երրորդ երկրներ արտահանման համար միանվագ կամ գլխավոր լիցենզիայի համար գործող կարգավորումներով սահմանված 5 աշխատանքային օրը կարճատվել է՝ դառնալով 3 օր։ Փայտանյութի արտահանման համար նախատեսված 3 օրն էլ հասցվել է 1 օրվա։
Իբրեւ ամփոփում հավելենք, որ տնտեսավարողներին թույլատրվում է թույլտվություններ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ միասնական «Հայտ» համակարգով, որը հասանելի կլինի «swis.trade.gov.am» կայքում։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը տեղեկացրեց. «Հայաստան ներկրվող կամ արտահանվող ապրանքների 63 տոկոսի համար նախատեսված է այդ թույլատվական փաստաթղթերի ներկայացումը»: