Երեկ Հայաստանի գրողների միությունում կայացավ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, միջազգային տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Միքայելյանի «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին տնտեսագիտական ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ եւ այլք:
Հեղինակը, անդրադառնալով աշխատությանը, ներկայացրեց դրա բովանդակությունը՝ շեշտելով, որ կատարված աշխատանքի նպատակը Հայաստանի տնտեսական անկման կասեցումն է եւ հետագա զարգացումը: Մասնավորապես՝ իր գրքում նա հատուկ ուշադրություն է դարձրել սեփականության իրավունքին:
Արտաշես Միքայելյանը փաստեց, որ մեր երկրի գլխավոր օրենքով՝ Սահմանադրությամբ ամրագրված է, որ սեփականատերն իրավունք ունի տնօրինելու, ժառանգելու, օտարելու իր սեփականությունը, իսկ պետությունն իրավունք չունի միջամտելու: Հեղինակը համոզված է, որ սեփականատերը պարտավոր է իր սեփականությունն օգտագործել հանրության բարօրության համար, եւ այս տարբերությունը, որ գոյություն ունի, եղել է նաեւ Հայաստանի տնտեսական դժբախտությունների պատճառը: Եզրափակելով խոսքը՝ Արտաշես Միքայելյանը շեշտեց, որ ելքը մեկն է՝ երկիրը պետք է զարգանա ոչ թե հարստանալու, այլ հարստացնելու համար:
Նախաբանի հեղինակը՝ ՌԴ ԳԱԱ գիտական խորհրդի, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը, ներկայացնելով աշխատությունը, նշեց, որ այն ոչ միայն արձանագրում է առկա իրավիճակը, այլեւ մատնանշում է ուղղություններ, որոնց ներդրմամբ հնարավոր է հասնել սոցիալ-տնտեսական զարգացման: Նա, սակայն, վստահ է, որ տնտեսական խնդիրների լուծմանը կարելի է ձգտել ոչ միայն տնտեսական մտքերի համատեղման միջոցով, այլեւ առաջին հերթին երկրի անվտանգության հարցի լուծման դեպքում:
Օգտվելով առիթից՝ շնորհանդեսի կազմակերպիչները ՌԴ ԳԱԱ գիտխորհրդի, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անունից շնորհավորեցին «Հայաստանի Հանրապետություն» թերթի 30-ամյակի առթիվ, որն անցած աշնանը չնշվեց «թուրքական 150-ամյա ցեղասպան մեքենայի դեմ արցախյան 44-օրյա պատերազմի» պատճառով:
«Ինչպես զգոն մարդը, ով կանգնած է Հայաստանի ու հայ ժողովրդի պաշտպանության դիրքերում, թերթի կոլեկտիվը ժողովրդին մղել է պայքարի, արթնացրել ու կոչ արել, կազմակերպել ու կոփել: Այսօր թերթը լիակատար իրավունքով կարող է դասվել հայրենասիրական գվարդիային, որը մարտն ընդունել է առաջին դիրքերում եւ չի հանձնել այն»,- մասնավորապես նշված է թերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանին հանձնված շնորհակալագրում:
«Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարություն» գիրքը հրատարակվել է հայերեն, չինարեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն: