Թուրքիայում նախընտրական տրամադրությունները սրված են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր շրջանակներում, եւ զարմանալի չէ, որ այսօր աշխարհի ուշադրությունը բեւեռված է Թուրքիայում հունիսին կայանալիք համընդհանուր ընտրությունների վրա: «Bloomberg» գործակալությունը դրանք անվանել է «աշխարհի 2023 թ. ամենակարեւոր ընտրություններ», քանի որ դրանց արդյունքներից են կախված Վաշինգտոնի ու Մոսկվայի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների, Մերձավոր Արեւելքի, Կենտրոնական Ասիայի ու Աֆրիկայի մայրաքաղաքների աշխարհաքաղաքական ու տնտեսական հաշվարկները:
«Այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, չի մնա միայն Թուրքիայում: Թուրքիան կարող է միջին կարգի տերություն լինել, սակայն մեծ պետությունները հետաքրքրված են նրա ընտրություններով»,- գրում է գործակալությունը:
Թուրքիան գալիք ընտրություններին մոտենում է չլուծված խնդիրների ծանր բեռով. նկատվում է գործազրկության աննախադեպ աճ, գնաճը գերազանցում է բոլոր հնարավոր հակառեկորդները, ինչը, բնականաբար, զայրացնում է ընտրողներին ու նրանց հեռացնում գործող իշխանություններից։ Եվ դա՝ այն դեպքում, երբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2000-ականների սկզբին իշխանության է եկել հենց տնտեսական հաջողությունների ալիքի վրա եւ, հանելով երկիրը լուրջ ճգնաժամից, ցուցադրել է, որ ի վիճակի է այդ ոլորտում գրագետ քաղաքականություն վարել:
Թուրքիայում այժմ տեղի են ունենում տեղաշարժեր, որոնք նոր իրավիճակ են ստեղծում քաղաքական դաշտում: Այդ երկրի խորհրդարանում մեծությամբ երրորդ քաղաքական ուժը հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածուին առաջիկա նախագահական ընտրություններում, չնայած նրանից ակնկալում էին, որ կմիանա «Ազգի դաշինք» ընդդիմադիր բլոկին: Առավելապես քրդական բնակչության հետաքրքրությունները ներկայացնող «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունն ինքնուրույն խաղի կուրսը բացատրել է իր սկզբունքների պաշտպանությամբ: Փորձագետների խոսքերով՝ նրա նախաձեռնությունը Էրդողանի մրցակիցներին ստիպում է փոխել վերաբերմունքը քրդական հարցի նկատմամբ. առանց «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության աջակցության նրա հաղթանակի շանսերը փոքր են:
Այն մասին, որ այդ «Ժողովուրդների դեմոկրատիան» մտադիր է առաջադրել իր թեկնածուին, հայտարարել է կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը: «Մենք չենք գործակցում ոչ «Ժողովրդական դաշինքի» («Արդարություն եւ զարգացում» կուսակցություն+ազգայնականներ), ոչ «Ազգի դաշինքի» հետ»,-հայտարարել է նա Կարս քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Բուլդանի խոսքով՝ «Ժողովուրդների դեմոկրատիան» ելնում է սեփական սկզբունքների պաշտպանությունից, սակայն կուսակցությունը բաց է քննարկումների համար:
«Al-Monitor»-ի աղբյուրները՝ քրդամետ կուսակցության ներսում, քննադատում են ընդդիմադիր բլոկին՝ ցուցաբերած անտարբերության համար: «Վերջին մեկուկես տարում մենք ընդդիմությանն աղաչում էինք մեզ հետ սեղանի շուրջ նստել, որպեսզի ընդհանուր ռազմավարություն մշակենք,- նշում է պորտալի զրուցակիցներից մեկը:-Բայց նրանք անտեսում էին մեզ եւ հույս ունեին, որ կկատարենք իրենց հրամանները եւ մեր բազան կմոբիլիզացնենք իրենց օգտին»:
«Ժողովուրդների դեմոկրատիան» համարում է, որ «Ազգի դաշինքը», ըստ էության, նույն «Ժողովրդական դաշինքն» է: «Al-Monitor»-ի աղբյուրը շեշտում է, որ հենց այդ պատճառով էլ «Ժողովուրդների դեմոկրատիան» պետք է գնա իր ճանապարհով։ «Եթե նրանք մտածում են, որ մենք բլեֆ ենք անում եւ կօգնենք իրենց հաղթել, ինչպես դա արեցինք Ստամբուլում (նկատի ունի 2019 թ. կրկնակի մունիցիպալ ընտրությունները- հեղ.), շոկ կապրեն»,- ընդգծել է նա։
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ պոտենցիալ թեկնածուներից եւ ոչ մեկը չի կարող հաղթել առաջին փուլում: Որոշ հետազոտողներ այն կարծիքին են, որ Էրդողանի մրցակիցներն առավելություն ունեն:
Այս դասավորվածությունը զգում է նաեւ իսթեբլիշմենթը: 2021 թ. հունիսին Թուրքիայի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել «Ժողովուրդների դեմոկրատիայի» դեմ՝ «անջատողական գործունեության» եւ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու մեղադրանքով։ Չնայած որ Սահմանադրական դատարանը դատավարական դժվարությունների պատճառով բազմիցս գործը վերադարձրել է վերանայման, հունվարի 5-ին այդ կուսակցության դեմ եւս մեկ քայլ է կատարվել. բարձրագույն դատարանը որոշել է արգելափակել նրա բանկային հաշիվները։ Հաղորդվել է, որ դա արվել է վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազ Բեքիր Շահինի պահանջով։ Գործի մանրամասների համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերել է այն միջոցներին, որոնք կուսակցությունն ստացել է պետբյուջեից։
Թուրք քաղաքական վերլուծաբան Քերիմ Հասը «Նեզավիսիմայա գազետային» ասել է, որ թեկնածու առաջադրելու «Ժողովուրդների դեմոկրատիայի» որոշումը դժվար թե վերջնական լինի։ «Այդպիսի նախաձեռնության առաջին հետեւանքը կարող է լինել այն, որ կուսակցությունը կկարողանա մոբիլիզացնել ավելի շատ համակիրների,- նշել է նա։- Դա, հնարավոր է, կարող է հանգեցնել ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը։ Եթե առաջին փուլում Էրդողանը կամ նրա հակառակորդը չկարողանան հավաքել 50 տոկոս գումարած մեկ քվե, ապա 15 օրից կսկսվի հաջորդ փուլը, որտեղ կմրցեն առաջատար քաղաքական գործիչները»։ Փորձագետի խոսքով՝ դա կհանգեցնի «Ազգի դաշինքի» ընտրազանգվածի մոբիլիզացմանը։ Ուստի, ամենայն հավանականությամբ, Էրդողանը կանի ամեն ինչ, որպեսզի խաղն ավարտվի առաջին փուլում։
Ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահը, կապված առաջին փուլի կանխատեսումների վատթարացման հետ, կարող է կիրառել բոլոր միջոցները, այդ թվում՝ արտաքին քաղաքական: Մինչեւ ընտրություններն Էրդողանը կարող է հանդիպում կազմակերպել Բաշար Ասադի հետ՝ այնպիսի քաղաքական գործչի իմիջ ստեղծելու համար, որը պատրաստ է լուծել սիրիացի փախստականների խնդիրը: Միեւնույն ժամանակ նա դեմ չէ Մոսկվայի ու Դամասկոսի հետ համակարգմամբ Սիրիայի հյուսիսում սկսել ցամաքային օպերացիա քրդերի դեմ՝ իր իշխանությունն ամրապնդելու համար: Հարեւան պետության տարածքում գործողությունների ակտիվացումն Էրդողանին հնարավորություն կտա քրդամետ կուսակցությանը ներկայացնել որպես սատանայի եւ սեպ խրել ընդդիմադիր դաշինքի միջեւ:
«Ժողովուրդների դեմոկրատիայի» կողմից թեկնածուի առաջադրման եւս մեկ հետեւանք կարող է լինել այն, որ դա ընդդիմադիր դաշինքին կստիպի հստակեցնել դիրքորոշումը քրդերի ու «Ժողովուրդների դեմոկրատիայի» նկատմամբ, քանի որ Էրդողանը մեղադրում է իրեն ընդդիմացող դաշինքին Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու մեջ: Դա, անշուշտ, ծիծաղելի գնահատական է, քանի որ այն օրինական կուսակցություն է։ Սակայն բոլոր լրատվամիջոցները մնում են Էրդողանի վերահսկողության տակ, ուստի նա երկար ժամանակ օգտագործում է նշված հռետորաբանությունը: Այս ֆոնին ընդդիմադիր դաշինքը փորձել է հեռու մնալ «Ժողովուրդների դեմոկրատիայից»։ Անգամ «Ազգի դաշինքում» կան մարդիկ, ովքեր դժգոհ են քրդամետ կուսակցության հետ գործակցությունից։
Այդուհանդերձ, արդեն պարզ է, որ առանց «Ժողովուրդների դեմոկրատիայի» բացահայտ աջակցության ընդդիմադիր դաշինքը չի կարողանա հաղթել համընդհանուր ընտրություններում։ Եթե քրդամետ ուժերն ինքնուրույն մտնեն խաղի մեջ եւ լավ արդյունքներ արձանագրեն, ապա կարող են ամրապնդել իրենց դիրքերը ընդդիմության եւ իշխող վերնախավի հետ քաղաքական առեւտրում։ Շատ փորձագետներ չեն բացառում, որ «Ժողովուրդների դեմոկրատիան» կարող է բանակցել Էրդողանի հետ։ Ամեն ինչ կախված է առեւտրի պարամետրերից:
Այն, որ վերջին շրջանում Էրդողանի հեղինակությունը որոշակի աճ է գրանցել երկրում, կապված է արտաքին քաղաքական ճակատում արձանագրված որոշակի հաջողությունների հետ: ՌԴ-ի համար Թուրքիան պատուհան է դեպի աշխարհ, ուստի Անկարայի հետ հարաբերությունները շատ կարեւոր եւ արժեքավոր են Կրեմլի համար: Որպեսզի այդ հարաբերությունները մնան նույն մակարդակի վրա, ՌԴ-ն ուզում է, որ 2023 թ. հունիսի 18-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների արդյունքում Թուրքիայում իշխանափոխություն տեղի չունենա: Ելնելով այդ դիրքորոշումից՝ Պուտինն իր քայլերով նպաստում է Էրդողանի հեղինակության աճին: Մասնավորապես՝ ռուսական «Գազպրոմը» Թուրքիային հնարավորություն տվեց հետաձգել պարտքի վճարումը, իսկ ՌԴ նախագահը Էրդողանին առաջարկեց ստեղծել էներգետիկ հանգույց, որի իրականացումը ռուսական գազը կհասցնի եվրոպական սպառողին, իսկ դա, իր հերթին, կուժեղացնի Էրդողանի դիրքերը երկրում: Էլ չենք խոսում այլ ուղղություններում, այդ թվում՝ Սիրիայում ու Հարավային Կովկասում ռուս-թուրքական համագործակցության մասին:
Թուրքիայի գործող նախագահը հասկանում է նաեւ, որ զրկվել է արեւմտյան տերությունների աջակցությունից: Շվեդիային ու Ֆինլանդիային չթույլատրելով մտնել ՆԱՏՕ, խնդիրներ ստեղծելով Հունաստանի համար՝ նա Արեւմուտքին, ըստ էության, քաղաքական առեւտուր էր առաջարկում, ինչը տեղի չունեցավ: Արեւմուտքը հստակ գիտի, որ ռուս-թուրքական մերձեցումը կարող է կանխվել միայն Թուրքիայում իշխանափոխության միջոցով, ուստի, անշուշտ, ընտրություններում կաջակցի Թուրքիայի ժողովրդավարական ուժերին: Նշանակում է՝ առաջիկա կես տարում դեռ բազմաթիվ նոր հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան: