Մեր հայրենիքի այժմյան Գեղարքունիքի մարզը, որը հյուսիսից սահմանակից է Տավուշի, արեւմուտքից՝ Կոտայքի եւ Արարատի, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքից՝ Ադրբեջանին եւ Արցախին, հանրապետությունում ամենամեծն է տարածքով (5348 քկմ), որի մեկ քառորդ մասը Սեւանա լիճն է զբաղեցնում։ Պատմական ժամանակաշրջանում Մեծ Հայքի Սյունիք նահանգի հյուսիսային գավառը նույնպես Գեղարքունիք էր կոչվում։
13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում «Սյունյաց աշխարհի սահմանների ցուցադրումը…» (Գ) գլխում գրում է. «Ունի տասներկու գավառ… Երրորդը՝ Գեղարքունին, որ Հայկյան Գեղամի (անունից) կոչվեց Գեղարքունի…» (Երեւան, 1986 թ., էջ 70)։ Ըստ «Աշխարհացույցի»՝ Գեղարքունիքը եղել է Սյունիքի 4-րդ գավառը, ունեցել է մոտ 1735 քկմ տարածք, զբաղեցրել է Սեւանա լճի հարավային ափերը՝ Խորհրդային Հայաստանի Մարտունու, Կամոյի նախկին շրջաններն ամբողջությամբ, Վարդենիսի եւ Սեւանի շրջանների որոշ հատվածներ։ Խորենացին իր «Հայոց պատմություն» մատյանում հիշատակում է. «…Իսկ Գեղամը (Ամասիայի որդին) տարիներ անցնելուց հետո Արմավիրում ծնավ Հարմային. նա Հարմային թողեց Արմավիրում բնակվելու իր թոռների հետ. իսկ ինքը գնաց արեւելյան հյուսիսում եղած մյուս լեռան հետեւի կողմը, մի ծովակի ափ։ Նա շենացնում է ծովակի ափը, թողնում է այնտեղ բնակիչներ եւ իր անունով լեռը կոչում է Գեղ (Գեղամա լեռները.- Զ. Ը.), իսկ շեները՝ Գեղարքունի, ինչպես կոչվում է նաեւ ծովը…» (Երեւան, 1981 թ., էջ 115)։ Այսպիսով՝ դեռեւս վաղնջական ժամանակներում Սեւանա լճի ավազանը եղել է բնակության համար հարմար, եւ հազարավոր տարիներ առաջ մեր նախնիներն այստեղ բերդ ու ամրոցներ են հիմնել, սրբազան տաճարներ, պաշտամունքային բուրգեր… Տարածքը հարուստ է նաեւ դամբարանադաշտերով։
Սուրբ ծննդյան եւ Ամանորի օրերին ծննդավայրումս էի՝ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում, որը նույնպես ունի պատմական անցյալ, հարուստ է դարերի պատմություն ունեցող հուշարձաններով։ Հունվարի 3-ին եւ 4-ին հարազատներիս հետ այցելեցի տարածքի պատմական վայրեր։ Վանի թագավորության ուշ շրջանում Գեղարքունիքը նույնպես եղել է այդ պետականության կազմում։ Դա են վկայում տարածքում պահպանված մի քանի կիկլոպյան ամրոցները, ինչպես նաեւ՝ այդ թագավորության արքաների թողած սեպագիր արձանագրությունները, որոնցից մեկը Սեւանա լճի ափամերձ Արծվանիստ եւ Ծովինար գյուղերի մեջտեղում է՝ Արփա-Սեւան թունելի մուտքի հարեւանությամբ գտնվող ժայռերից մեկի վրա։ Ժամանակին Սեւանա լիճը, հիրավի, ծովակ էր, ուներ ավելի մեծ խորություն ու մակերես, ողողում էր նշված ժայռերի հիմքերը։ Ռուսա Առաջին թագավորին վերագրվող այդ սեպագիրը գտնվել էր դեռեւս 1862 թ., Մեսրոբ արքեպիսկոպոս Սմբատյանցի կողմից։ Տարածքի բնակիչները պատահաբար տեսել են, որ ժայռերից մեկի վրա ինչ-որ անսովոր պատկերներ կան, եւ տեղեկացրել էին։ Պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, պրոֆեսոր Լեոն (Առաքել Գրիգորի Բաբախանյան, 1860-1932 թթ.) իր Երկերի ժողովածուի 1-ին հատորում՝ «Վանյան սեպագրեր» գլխում հիշատակում է նաեւ այս հուշարձանի մասին։ «…Այնուհետեւ Սմբատյանն արտագրեց, նույն 1862¬ին, մի մեծ սեպաձեւ արձանագրություն (20 տող), որ փորագրված էր Սեւանա լճի հարավային ափին ցցված մի ժայռի վրա, Քյոլաղրան (Ծովինար) գյուղի մոտ։ Այդ աշխատանքը հեշտ չկատարվեց, քանի որ պետք էր նավակով մոտենալ այն ժայռին, որի վրա փորված էր արձանագրությունը։ Մի ուրիշ արձանագրություն էլ գտնվեց Աթամխան (Ձորագյուղ՝ Մարտունու տարածաշրջան.- Զ. Ը.) գյուղի մոտ, նույն լճի հարավ-արեւմտյան անկյունում։ Այս երկու արձանագրությունն էլ հրատարակվեցին «Համբավաբեր Ռուսիո» թերթի մեջ» («Երկերի Ժողովածու», հատոր 1-ին, էջ 12, Երեւան, 1966 թ.)։
Հետագայում Սմբատյանը գրել է. «Երբ 1862 թվին Ալիչալուի (Արծվանիստ) մոտ բեւեռագիր արձանագրություն օրինակեցի, Սեւանա ծովի մակերեւույթն այնքան բարձր էր, որ ջուրը հավասար էր արձանագրին, եւ մենք նավակով գնալով ջրի վրա… օրինակեցինք։ Իսկ 1883 թվին նույն արձանագիրը համեմատելու համար 10 ոտնաչափ սանդուղք դնելով ծովի ցամաքած գետնից մինչեւ արձանաքարը, այնպես օրինակեցինք։ Ըսդ այսմ` ուրեմն 20 տարվա ընթացքում ջուրը պակասելով իջել էր 10 աստիճան ցած, այն է` 20 ֆուտ կամ ոտնաչափ»։ Սեպագրի ուսումնասիրությամբ տարբեր գիտնականներ են զբաղվել։ Գերմանացի ճանապարհորդ ու հնագետ Վոլդեմար Բելքը երեք ժամ շարունակ մինչեւ գոտկատեղ ջրի մեջ կանգնած` փորձել էր կրկնօրինակել արձանագրությունը, բայց կարողացել էր 19 տողից միայն երեքն ընթերցել։ Եվ ահա 1926 թ. այս հուշարձանի ուսումնասիրմամբ ու տեքստի վերծանմամբ զբաղվել է նաեւ հայտնի հայագետ, հնագետ, պատմաբան Աշխարհբեկ Քալանթարը (1884-1942 թթ.)։ Նա սկզբում ցանկանում էր պատճենել Ռուսա Ա արքայի ժայռակերտ արձանագրությունը` նավակի վրա կանգնած։ Բայց մի քանի փորձերը ձախողվել են նավակի ճոճքի, ինչպես նաեւ քամու պատճառով։ Այնուհետեւ հնագետները դիմել են այլ միջոցի՝ պարանով ժայռից կախ են տվել վիմագրագետ եւ պատմաբան Սեդրակ Բարխուդարյանին, ով կարողացել է այդ դիրքում կրկնօրինակել արձանագրությունը։ Ռուսա Առաջին թագավորին վերագրվող այդ սեպագիրը կերտվել է Ք. ա. 735-714 թթ., Թեյշեբաինի (Օձաբերդ) հնավայրի հյուսիսային կողմում է։ Այժմ այս արձանագրությունը բավականին հեռու է լճից, եւ հնարավոր է հանգիստ ընդօրինակել սեպագիրը, որի տակ վերջերս կանգնեցվել է մի քար-սյուն՝ հետեւյալ գրությամբ. «ԹԵՅՇԵԲԱՅԻ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ. ԱՄՐՈՑԸ ԵՒ ՔԱՂԱՔԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ ԵՆ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԹԵՅՇԵԲԱ ԱՍՏԾՈՒ ԱՆՎԱՄԲ, ԻՍԿ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԴՈՒՐԻ ՈՐԴԻ ՌՈՒՍԱ ԹԱԳԱՎՈՐԻ 735-714 ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐՆ Է»։ Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի (ՍՀՀԿ) նախագահ, արեւելագետ, թուրքագետ, լեզվաբան, բ. գ. թ., դոցենտ Մհեր Քումունցը «Հնդեվրոպական արմատը Գորիս տեղանվան մեջ» հոդվածում անդրադարձել է հիշյալ արձանագրությանը. «Գորիս տեղանունը առաջին անգամ հիշատակվում է ուրարտական արքա Ռուսա 1-ին (Ք. ա. 735-713 թթ.) արձանագրության մեջ՝ 9-րդ տողում՝ «…Գուրիայան երկիրը…»: Ռուսա 1-ինը Ք. ա. 715 թ. է ձեռնարկել արշավանք դեպի Գեղարքունյաց ծովի արեւելյան հատված եւ նվաճել 23 երկրներ, որոնցից մեկը եղել է Գորիսը՝ Գուրիայան»։
Արձանագրության բարձրությունը 1 մետր է, լայնությունը՝ գրեթե 1.5 մետր: Սեպագրի ուսումնասիրությամբ զբաղվել են նաեւ Վրաստանի ազգությամբ հայ խոշոր պատմաբան, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գիորգի Ալեքսանդրի Մելիքիշվիլին (Գեւորգ Մելիքյանց, 1918-2002 թթ.), ով առավել հայտնի է դարձել Ուրարտուի պատմությանը վերաբերող հետազոտություններով, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր Ղափանցյանը (1887-1957), Հովհաննես Կարագյոզյանը եւ այլք: Հայ սեպագրագիտության վաստակաշատ դեմքերից Հովհ. Կարագյոզյանը (1928-2005 թթ.) արձանագրությունը վերծանել է այսպես.
«1/Խալդյան զորությամբ Ռուսա
2/Սարդուրորդին ասում է.-Ես այս երկրները
3/մեկ արշավանքում նվաճեցի, /ծառա դարձրի՝
4/Ադախու երկիրը, Վելիքուխե երկիրը, Լուերուխե երկիրը,
5/Արկուկեան երկիրը-չորս արքայի՝ այս կողմից ծովային գավառում,
6/Գուրկուշիլե երկիրը Տուտուայան երկիրը, Քարուիշայան երկիրը,
7/ Գիշուայան երկիրը, Աքուայան երկիրը, Ծամա երկիրը,
8/ Երկիլայան երկիրը, Ելայան երկիրը, Երելթուայան երկիրը,
9/ Այդամանիու երկիրը, Գուրիայան երկիրը, Բերզիրա երկիրը,
10, Պիրուայան երկիրը, Շիլայան երկիրը, Վիդուայան երկիրը
11/ Ատեզայան երկիրը, Երիյան երկիրը, Ազամերունե երկիրը,
12/ տասնինն արքայի այս կողմից ծովային գավառում՝ լեռնաշղթայի
13/ստորոտում: Ընդամենը քսաներեք արքայի առաջին տարում նվաճեցի:
14/Մարդ, կին դեպի Բիայնիլի քշեցի: Հաջորդ տարի եկա,
15/ կառուցեցի այս ամրոցները:
16/Երբ որ երկրներն այս երկրիս վրա ավելացրի,
17/ Թեյշեբայի համար ամրոց հոյակապ կառուցեցի, դրեցի անունը
18/ «Թեյշեբայի քաղաք»՝ Բիայնիլի երկրի զորությունը թշնամիների մեջ ամրապնդելու համար:
19/ Ռուսան ասում է- Ով այս արձանագրությունը ոչնչացնի,
20/ փչացնի……..ով…………..
21……….թող-ոչնչացնեն նրան Շիվինին ր
22աստվածները ………….
23………….մահվան ուղարկեն»:
Վահրամ Բալայանի «Արցախի պատմություն-Հնադարից մինչեւ մեր օրերը» գրքում (Երեւան, 2002 թ., էջ 32) «Արցախը Վանի թագավորության շրջանում» գլխում նույնպես հիշատակվում է այս արձանագրության մասին. «…Այդ առթիվ Սարդուրի Բ-ն Վարդենիսի Ծովակ գյուղի մոտ հայտնաբերված սեպագիր ժայռափոր արձանագրության մեջ պատմում է, որ ուրարտական զորքը հաղթականորեն անցել էր Սեւանա լճի ողջ արեւմտյան ափի երկայնքով, նվաճել Ուելիքուխի երկիրը եւ, այնուհետեւ, լճի հարավ-արեւմտյան ափին հաղթանակ տարել Տուլիխու, իսկ հարավային ափին՝ Արկուկինի երկրի նկատմամբ՝ հասնելով մինչեւ Ուրտեխինի։ Սեւանի ափին, Ծովինար գյուղում հայտնաբերված մեկ այլ արձանագրություն վկայում է, որ Սարդուրին նվաճել է 23 թագավորություններ, որոնց շարքում հիշատակվում են՝ Ադախունին, Ուելիկուխին, Լուերուխին, Արկուկինին։ Բ. Պիոտրովսկին կարծում է, որ Ուելիկուխի աշխարհն զբաղեցրել է Սեւանի արեւմտյան ափը, իսկ Ադախունին՝ հարավային ափի արեւելյան մասը։ Հետեւապես, Սարդուրին Սեւանի հարավային ափով շարժվել է դեպի արեւելք. «Լճի կողմից բնական ոչ մի արգելք չկա՝ շարժվելու համար դեպի արեւելք, ընդհուպ մինչեւ Լեռնային Ղարաբաղ, որը կապված է եղել Հայաստանի հետ»։ Որ «Ուրտեխեն» կամ «Ադախունին» նույն Արցախն է, վկայում են նաեւ Սարդուրի Բ-ի նույն արձանագրության մեջ հիշատակվող Արցախի գավառների, բնակավայրերի եւ գետերի՝ Հարճլանք, Պարծկանք, Պիանք, Գիշի, Տրտու, Կտրական անունները։ Սարդուրի Բ-ի կողմից Գանձադռան տարեգրության հատվածներից մեկում Ք. ա. 741 թ. տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ եւ Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ հիշատակված է Ադախունի տեղանունը։ Ադախ տեղանունը հիշատակված է նաեւ հետագա ժամանակների հայկական աղբյուրներում»։
Նույն օրը բարձրացանք նաեւ այս արձանագրության մոտակա հնավայր՝ Թեյշեբաինի ամրոցը, որը կառուցվել է Ք. ա. 1-ին հազարամյակում։ Հնավայրը Ծովինար եւ Արծվանիստ գյուղերի միջեւ գտնվող մի բարձրավանդակի վրա է, որտեղից երեւում է Սեւանա լճի մի ամբողջ հատված։ Արեւելյան կողմում բավականին թեք լանջ է, որի վերին մասում պարիսպներ են եղել։ Արեւմտյան կողմում նույնպես պարիսպներով է բարձրավանդակն ամրացվել։ Միայն հարավային կողմում է, որ բարձրավանդակը միանում է Վարդենիսի լեռների ստորոտներին։ Մոտ 10 տարի առաջ այս հնավայրում պեղումներ է կատարել հայ-իտալական արշավախումբը։ Մասնակցել են հնագետ Աշոտ Փիլիպոսյանը եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, Օձաբերդի հայ-իտալական արշավախմբի համաղեկավար Միքայել Բադալյանը։