Կառավարության երեկվա նիստում ուժը կորցրած ճանաչվեցին 1997 թ. ապրիլի 30-ի, 2000 թ. օգոստոսի 2-ի, 2002 թ. մարտի 12-ի որոշումները, որոնք, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պնդմամբ, գործնականում կիրառություն չունեցող իրավական ակտեր էին։ Խոսքը վերաբերում է անավարտ բնակարաշինարարական կոոպերատիվներին։
Անավարտ բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի (բառը՝ կառավարության որոշումից, ամբողջ տեղեկությունը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից- Ա. Մ.) կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը հաստատվել է կառավարության 2000 թ. օգոստոսի 2-ի թիվ 432 որոշմամբ։ Ըստ այդմ՝ այդ ժամանակ կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման տրամադրման գործընթացը կազմակերպում եւ իրականացնում էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը՝ կառավարության 2002 թ. որոշմամբ սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում՝ մինչեւ 2011 թ.:
Ծրագրային բյուջետավորման ներդրման շրջանակներում կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման տրամադրման միջոցառման իրականացումը 2020-ից վերապահվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ու ներառվել 2020 թ. պետբյուջեի մասին օրենքի հավելվածում (ավանդների եւ այլ փոխհատուցումներ)։ Բայց 2020 թ. բյուջետային գործընթացի շրջանակներում միջոցառումը ներառվել է ֆիննախի կողմից (առանց ԱՍՀ նախարարության բյուջետային հայտի)՝ ծրագրի իրականացման համար հատկացնելով շուրջ 731 մլն դրամ։ Այն, սակայն, ուղղվել է պահուստային ֆոնդ, եւ միջոցառումը 2020 թ. չի իրականացվել։ 2021 եւ 2022 թթ. պետական բյուջեներով այդ միջոցառման գծով գումարներ նախատեսված չեն եղել։
Կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման տրամադրման ծրագրի վերաբերյալ շահառուների դիմումներին ընթացք տալու նպատակով ԱՍՀ նախարարությունը 2022 թ. մարտի 30-ի գրությամբ դիմել է ֆինանսների նախարարությանը՝ ծրագրի ընթացքի, կոոպերատիվների եւ փայատերերի տվյալների, վճարված եւ վճարման ենթակա փոխհատուցման չափի, անհրաժեշտ ֆինանսական միջոցների կանխատեսման ցուցանիշների, ծրագրի դադարեցման պատճառների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Ֆիննախի տվյալների եւ տեղեկությունների ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ՝ 1. ծրագրին վերաբերելի իրավական ակտերով սահմանված չէ, իսկ առկա տվյալներով էլ հստակեցված չէ կոոպերատիվների ցանկը, փայատերերի տվյալները կամ դրանց հստակեցման (տվյալների համադրման) մեթոդները։
2. Խնդրահարույց է 2000 թ. սահմանված՝ կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման գումարի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշների փաստաթղթային հիմնավորվածությունը, այդ ցուցանիշների կազմի, այդ թվում՝ անավարտ շինարարության փաստացի կատարողականի վերաբերյալ, եւ մյուս իրավակարգավորումների կիրառելիությունը Խորհրդային Միության ռուբլով կատարված գործարքներից շուրջ 30 տարի հետո՝ 2022 թ. կամ հաջորդ տարիներին։
3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին անգամ փոխհատուցում տրամադրվել է 2011 թ., խնդրահարույց է նաեւ արդեն իսկ տրամադրված փոխհատուցման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալը:
ԱՍՀ-ն նշում է, թե հարցի կարգավորման համար որոշիչ է նաեւ ծրագիրն իրականացնելու դեպքում վարչարարական հնարավոր խնդիրների ծագումը, որոնց լուծումներ առաջարկելն իրատեսական չէ՝ հաշվի առնելով, մասնավորապես, անհրաժեշտ տեղեկատվական բազաների (կոոպերատիվների, դրանց փայատերերի վերաբերյալ) բացակայությունն ու դրանով պայմանավորված՝ ներկայացված փաստաթղթերի ստույգությունը պարզելու անհնարինությունը։ «Միաժամանակ, հաշվի առնելով վերջին տարիների զարգացումները, պայմանավորված համավարակով, պատերազմով եւ այլ իրողություններով, կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման տրամադրման ծրագրի իրականացումն այլեւս սոցիալական ծրագրերի առջնահերթություն չէ: Ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում նպատակահարմար է սոցիալական ծախսերի առաջնահերթություններ սահմանել այլ՝ ներկա իրողություններով պայմանավորված սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի համար»:
Այս ամենը հաշվի առնելով՝ «կոոպերատիվների փայատերերին փոխհատուցում տրամադրելու կառավարության պատրաստակամությունը չի հանգեցնում փայատերերին դրամական օգնություն տրամադրելու պոզիտիվ պարտականության առաջացմանը», ուստի որոշվեց՝ «միջոցառումը շարունակելը նպատակահարմար չէ»: