Որքան էլ անհավանական թվա, մեր տարածաշրջանում քաղաքական զարգացումները պայմանավորված են մեծ տերությունների փոխհարաբերություններով, փոխզիջումներով ու շահերով։ Այդ իսկ պատճառով կարեւոր է դիտարկել Չինաստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները՝ որպես նոր դերակատարներ։
Չին-հնդկական հարաբերություններն ունեցել են զարգացման երեք փուլ։ 1949-1962 թթ. համարվում են առաջին փուլը, երբ Չինաստանը Միացյալ Նահանգները դիտարկում էր որպես իր գլխավոր հակառակորդ։ Ուստի հիմնական նպատակն էր Հնդկաստանին հեռու պահել ԱՄՆ ճամբարից: Դրանով էր պայմանավորված «ասիական համերաշխություն» ստեղծելու նպատակը՝ կասեցնելու ԱՄՆ-ի մուտքը դեպի Ասիա: Երկրորդ փուլում՝ 1962-1989 թթ., չին-խորհրդային պառակտումը եւ Խորհրդային Միության հետ Հնդկաստանի խորացող կապերը հանգեցրին նրան, որ Չինաստանն սկսեց ավելի ու ավելի մտահոգվել իր անվտանգության համար: Այսպիսով՝ նրա քաղաքականության գերնպատակը դարձավ Հնդկաստանին հեռացնել նաեւ Խորհրդային Միությունից: Արդյունքում Պեկինն սկսեց սերտ համագործակցել Պակիստանի հետ Հնդկաստանին զսպելու համար:
1991 թ. Խորհրդային Միության փլուզումից եւ սառը պատերազմի ավարտից հետո սկսվեց երրորդ փուլը։ Չինաստանն այս անգամ մտավախություն ուներ, որ Միացյալ Նահանգները կփորձի ռեժիմի փոփոխություն հրահրել կոմունիստական պետություններում, այդ թվում՝ Չինաստանում: 2000-ականների կեսերին ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կարգավորման փորձերը եւ գործընկերությունը Ռուսաստանի հետ նշանակում էին ուժերի բարենպաստ հավասարակշռություն Չինաստանի համար։ Արդյունքում սրվեցին Հնդկաստան-Չինաստան հարաբերությունները:
Սի Ծինփինի նախագահ դառնալուց հետո՝ 2013-ից, Պեկինի աճող ինքնավստահության հետ մեկտեղ, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն աստիճանաբար վատթարացան։ Սակայն ավելի սրվեցին նաեւ Հնդկաստան-Չինաստան փոխհարաբերությունները: Արեւելյան Լադախի Գալվան հովտում 2020 թ. տեղի ունեցած դաժան բախումը հիմնովին փոխեց Հնդկաստան-Չինաստան հարաբերությունների դինամիկան: Այս հարցի կարեւորությունը մեծացել է նաեւ այն պատճառով, որ 2020 թ. Չինաստանի գործողություններին աշխարհաքաղաքական արձագանքը բավական կոշտ է եղել:
Չինաստանը, ըստ երեւույթին, կարծում է, որ Հնդկաստանի քաղաքական համակարգը եւ երկու երկրների միջեւ տնտեսական զարգացածության անհամաչափությունը չեն ստիպում վերափոխել իր կտրուկ քաղաքականությունը Հնդկաստանի նկատմամբ։ Հետեւաբար, նրա գործողությունները, ըստ երեւույթին, նպատակ ունեն ճնշել Հնդկաստանին՝ լուծելու իր ռազմավարական մտավախությունները։ Սակայն Չինաստանը կարող է ռազմավարական սխալ հաշվարկ անել՝ գերագնահատելով իր ներուժը եւ թերագնահատելով Հնդկաստանի կարողություններն աշխարհաքաղաքական հակազդեցության համար: Լարվածության սրումը եւ երկխոսության բացակայությունը իրապես կբարդացնեն ռիսկերի կառավարումը, եւ Չինաստանը, որպես համաշխարհային հավակնություններ ունեցող ավելի մեծ տերություն, կարող է ավելի շատ կորցնել, քան շահել: Չինաստանը պետք է կարգավորի իր քաղաքականությունը Հնդկաստանի նկատմամբ՝ դիտարկելով երկիրը որպես հնդկախաղաղօվկիանոսյան գլխավոր դերակատար, որի հետ պետք է հաշվի նստի տարածաշրջանային քաղաքականություն մշակելիս։
Ինչպե՞ս Հնդկաստանը կարող է փոխել Չինաստանի ռազմավարական ընկալումը, եւ արդյոք Չինաստանը կվերանայի՞ իր քաղաքականությունը Հնդկաստանի նկատմամբ՝ արագ փոփոխվող գլոբալ եւ հետհամաճարակային աշխարհում։ Հնդկաստանը Միացյալ Նահանգներից հեռու պահելու համար Չինաստանը հարցերը միշտ շրջանակում էր իմպերիալիստական նկատառումներով՝ ընդդեմ նորանկախ պետությունների։ Ավելին, ստեղծվում էր այնպիսի պատրանք, թե Հնդկաստանն ավելի մոտ է կանգնած Չինաստանին, քան Միացյալ Նահանգներին: Հնդկաստանն սկսեց ներքին եւ միջազգային քարոզչություն իրականացնել հակառակը ցույց տալու նպատակով: Չինաստանի քաղաքականության երկրորդ ռազմավարական նպատակն էր ստեղծել չեզոք ասիական պետությունների գոտի իր շուրջը գտնվող մերձավոր եւ ծայրամասային շրջաններում, որպեսզի Միացյալ Նահանգները չկարողանա ազդեցություն տարածել տարածաշրջանում: Այսպիսով՝ Չինաստանը կրկին դիմեց «միասնական ճակատի» մարտավարությանը։
Քանի որ Չինաստանը Հնդկաստանի հետ հարաբերություններ էր կերտել մեծ տերությունների հետ փոխհարաբերությունների մատրիցայի հիման վրա, այդ մոտեցումը գործում էր այնքան ժամանակ, քանի դեռ Հնդկաստանը կիսում էր Չինաստանի տեսակետները մեծ տերությունների հարաբերությունների վերաբերյալ։ 1950-ականների երկրորդ կեսից պատկերը փոխվեց, երբ Հնդկաստանն սկսեց ակնհայտ ամերիկամետ քաղաքականություն վարել։
Խորհրդային Միության հետ դաշինքը, որը Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարն էր, լուծարվում էր 1950-ականների վերջից, քանի որ Պեկինը չէր ցանկանում լինել «առաջնորդվողի» դերում։ 1969-1979 թթ. սկսվեց «հակամարտություն» Չինաստանի ու Խորհրդային Միության միջեւ։ Պեկինը մտավախություն ուներ, որ Դելին եւ Վաշինգտոնը կարող են օգտվել չին-խորհրդային գժտություններից: Հենց այս համատեքստում է, որ չինացի առաջնորդներն սկսեցին ջանասիրաբար լծվել «ասիական դար» ստեղծելու գաղափարին: Այն միտված էր հետ պահել Հնդկաստանին համաշխարհային տուրբուլենտությունից:
Երկու հնարավոր բացատրություն կա, թե ինչու Չինաստանը չփորձեց հիմնովին վերամշակել իր քաղաքականությունը Հնդկաստանի նկատմամբ սառը պատերազմի ավարտից հետո: Նախ՝ Պեկինը չէր դիտարկում Հնդկաստանը՝ որպես իսկական մրցակից, քանի որ վերջինիս ներուժը ու դրա զարգացման միտումը սահմանափակ էին: Երկրորդ՝ Չինաստանը, ի վերջո, եզրակացրեց, որ Հնդկաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տարաձայնությունները չափազանց մեծ են, որպեսզի թույլ տան սերտ համագործակցել միմյանց հետ։ Ուստի իրական վտանգ չկար Չինաստանի համար: Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ 1990-ականների սկզբին Չինաստանի քաղաքական մոտեցումը Հնդկաստանի նկատմամբ նպատակ ուներ թուլացնել իր վրա ռազմավարական ճնշումը միաբեւեռ աշխարհում, սակայն զիջումների չգնալ:
Չինաստանի հաշվարկներն այդքան էլ ճիշտ չէին, փաստորեն։ Հնդկաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ 1998 թ. առաջին միջուկային փորձարկումներն իրականացվեցին: Դա նշանակում էր, որ Վաշինգտոնը նորովի էր դիտարկում Դելին, քանի որ այն կարողություն ուներ զսպելու Չինաստանի առաջխաղացումը: Կրկին մտահոգված լինելով, որ Հնդկաստանը կարող է ձգվել դեպի ԱՄՆ, Չինաստանը նորից ջանքեր գործադրեց Հնդկաստանին հետ պահելու ուղղությամբ: Այս ջանքերը գագաթնակետին հասան 2005 թ., երբ Պեկինը եւ Դելին հայտարարեցին, որ իրենց հարաբերությունները ձեռք են բերել գլոբալ եւ ռազմավարական բնույթ: Այնուամենայնիվ, դա շատ կարճ տեւեց: 2000-ականների երկրորդ կեսից Չինաստանն իրեն ավելի հարմարավետ էր զգում մեծ տերությունների եռանկյունու մեջ, եւ նրա տնտեսությունը զգալիորեն գերազանցեց Հնդկաստանին:
2000-ականների կեսերին Չինաստանը վստահություն էր ձեռք բերել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասնակի կարգավորումից եւ Ռուսաստանի հետ նոր գործընկերությունից հետո: Ուստի դա օգնում էր Չինաստանին միջազգային հանրության մեջ մանեւրելու եւ Արեւմուտքի ռազմավարական ճնշմանը դիմակայելու համար: Միեւնույն ժամանակ Հնդկաստան-Չինաստան հարաբերություններն սկսեցին սրվել, ինչը ցույց է տալիս, որ Չինաստանը շարունակում էր դիտարկել Հնդկաստանը միայն գլոբալ ռազմավարական ոսպնյակի միջոցով եւ նախընտրում էր կույր մնալ երկկողմանի ընդհանրությունների նկատմամբ:
2018-ից հետո ԱՄՆ-ից բխող մարտահրավերն ավելի պարզ դարձավ Չինաստանի ղեկավարության համար։ ԱՄՆ-ի ռազմավարական ճնշումն ավելի սուր զգացվեց, եւ ամերիկյան մոտեցումը Հնդկաստանի նկատմամբ նույնպես փոխվեց։ Ավելին՝ այդ ընթացքում Հնդկաստանը ռազմածովային զորավարժություններ անցկացրեց Անդաման եւ Նիկոբար կղզիների մոտ ամերիկյան զորքերի հետ միասին: Չինաստանը պնդում է, որ Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջեւ հիմնարար համաձայնագրերի ստորագրումը նշանակում է, որ երկու երկրները շարժվում են դեպի դաշինք, եւ որ դա փոխում է ուժերի հավասարակշռությունը: Ուստի Հնդկաստան-Չինաստան հարաբերությունները դժվար թե զարգանան առանց Չինաստան-Արեւմուտք հարաբերությունների ազդեցության:
Նախքան Չինաստանի եւ Հնդկաստանի փոխհարաբերությունների վերջին փուլի մասին եզրակացություններ անելը, անհրաժեշտ է հակիրճ դիտարկել 2013-ից Վերահսկիչ գծում (LAC) աճող լարվածությունը Դելիի եւ Իսլամաբադի միջեւ եւ դրա հետեւանքները: Պատահական չէ, որ դա տեղի է ունենում, երբ Հնդկաստանն ընդլայնում է իր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, որին ուշիուշով հետեւում է Չինաստանը։ Պեկինը կիրառում է LAC-ի գործոնը Հնդկաստանին զգուշացումներ տալու եւ զսպելու համար։ Ըստ այդմ՝ Պեկինը վստահ է, որ Հնդկաստանի համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ դեռ չի հասել այնպիսի մակարդակի, որը կարող է ստիպել Վաշինգտոնին միջամտել ի պաշտպանություն Դելիի։ Պեկինի հաշվարկներն այս մասով ճիշտ էին, չնայած Հնդկաստանի եւ Արեւմուտքի, գլխավորապես ԱՄՆ-ի հետ համաձայնություններին՝ վերջինս ուղղակիորեն չի ներգրավվի Հնդկաստան-Պակիստան հակասության մեջ, քանի որ դա անտանելի բեռ կլինի նրա համար:
Այսպիսով՝ Հնդկաստանը Չինաստանի համար արդիական է դառնում հիմնականում մեծ ուժերի, հատկապես՝ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների համատեքստում: Արդյունքում՝ Չինաստանը Հնդկաստանի հետ առնչվում է ոչ թե ռազմավարական, այլ զուտ մարտավարական իմաստով։ Հարցն այն է, թե, արդյոք, դա կարո՞ղ է հանգեցնել Չինաստանի ռազմավարական սխալ հաշվարկի: Չինաստանի քաղաքականությունը Հնդկաստանի նկատմամբ ձեւավորվել է Խորհրդային Միություն (հետագայում՝ Ռուսաստան)-Միացյալ Նահանգներ-Չինաստան եռանկյունու փոխհարաբերությունների հիման վրա: Վերջին յոթանասուն տարիների ընթացքում Չինաստանը եռանկյունու ամենաթույլ կողմն էր եւ, հետեւաբար, առաջնորդվում էր բացառապես անվտանգության ապահովման նպատակներով: Այդ համատեքստում Հնդկաստանին՝ որպես մեկ այլ մեծ, զարգացող երկիր Ասիայում, տեսնում էր որպես իր անվտանգության սպառնալիք: Սառը պատերազմի ժամանակ Չինաստանի նպատակն էր հնարավորինս չեզոքացնել Հնդկաստանին: Սառը պատերազմից հետո գործի էր դրվում Հնդկաստանի կարողությունը զսպելու եւ պարտադրանքի միջոցով սահմանափակելու գործիքակազմը։