Իսրայելում սոցիալական պայթյուն է հասունանում դատական բարեփոխումների պատճառով: Հանգստյան օրերին երկրում զանգվածային բողոքների հերթական ալիքն է սկսվել Բենյամին Նաթանյահուի կառավարության նախաձեռնության դեմ, որը ենթադրում է Գերագույն դատարանի լիազորությունների կրճատում գործող կաբինետի որոշումների ու օրենքների նկատմամբ: Խորհրդարանական ընդդիմությունը իշխանություններին համեմատում է նացիստական ռեժիմի հետ՝ կոչ անելով անհնազանդության ակցիաների, իսկ կոալիցիայի ներկայացուցիչները սպառնում են հաշվեհարդար տեսնել իրենց ընդդիմախոսների հետ:
Հակակառավարական խոշորագույն ցույցերի անցկացման վայր է դարձել Թել Ավիվը։ Նաթանյահուի կառավարության հակառակորդներն ակտիվացել են տարեսկզբին՝ այն բանից հետո, երբ իշխող կոալիցիայի անդամները հրապարակել են իրավական բարեփոխումների պլանի մանրամասները: Այն առաջ է քաշել արդարադատության նախարարության նոր ղեկավար Յարիվ Լեւինը։ Նախաձեռնությունը նախեւառաջ ենթադրում է Գերագույն դատարանի լիազորությունների կրճատում կառավարության հրամանագրերի առումով, ինչպես նաեւ Նախարարների կաբինետին դատավորների ընտրությունը վերահսկելու իրավունք է տալիս։ Հոռետեսները լրջորեն մտավախություն ունեն, որ նման վերափոխումները ոչ միայն խարխլում են ժողովրդավարական սկզբունքները, այլեւ մարտահրավեր են նետում սահմանադրությանը։
Ոստիկանության տվյալներով՝ Թել Ավիվում տեղի ունեցած ցույցին մասնակցել է մոտ 80 հազար մարդ: Ցույցերը նախաձեռնել են «Շարժում մաքուր իշխանության համար» եւ այլ կազմակերպություններ, որոնք վերջին տարիներին մասնակցել են Նաթանյահուի դեմ բողոքների ցույցերին: Իսրայելի որոշ քաղաքներում նույնպես փոթորկվում են բողոքները, որոնք հիմնականում ուղղված են արդարադատության նախարար Յարիվ Լեւինի ծրագրերի դեմ՝ դրանք գնահատելով փորձ՝ երկրում թուլացնելու դատական համակարգը:
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքն ավելի վաղ իսրայելցիներին կոչ է արել մասնակցել «փողոցային մարտերին»՝ Նաթանյահուին զսպելու համար. «Պայքարի ելքը կորոշեն ցույցերը փողոցներում, հրապարակներում, աշխատավայրերում եւ ուսումնական հաստատություններում, քանի որ միլիոնավոր մարդիկ պետք է դուրս գան փողոց։ Այս չար կառավարությունը կփլուզվի: Պայքարն սկսվել է: Սա իսկական նախազգուշացում է… Սա անմիջական վտանգ է Իսրայելի ժողովրդավարության համար։ Վատ բաներ լինում են, երբ լավ քաղաքացիները լռում են: Այս հասարակության մեջ կյանք փնտրող յուրաքանչյուր լավ քաղաքացի պետք է ինքն իրեն հարցնի՝ որտե՞ղ եմ ես այս պայքարի մեջ։ Մեզանից շատերի համար այս ճակատամարտը կլինի ամենակարեւոր գործը մեր կյանքում: Դա դժվար է լինելու»:
Ընդդիմությունը, այսպիսով, ենթադրում է, որ աղետը կասեցնելու միակ միջոցը փողոց դուրս գալն է։ «Պետականճամբար» դաշինքի առաջնորդ Բենի Գանցը, ով նախկին կառավարության օրոք զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, բարեփոխումների քննադատներին կոչ է արել չդադարեցնել անհնազանդության գործողությունները։ Նրա խոսքով՝ ներկայիս վարչապետը ցանկանում է օգտվել խորհրդարանում ժամանակավոր մեծամասնությունից եւ հասարակության ներսում պայքար ու ատելություն հրահրել՝ գործարկելով երկրում գոյություն ունեցող հակակշիռների ու զսպումների համակարգի ապամոնտաժումը։ «Նաթանյահու, եթե շարունակես այս ճանապարհը, եղբայրասպան պատերազմի պատասխանատվությունը, որը հասունանում է իսրայելական հասարակության մեջ, կընկնի քո վրա»,- զգուշացրել է պաշտպանության նախկին ղեկավարը:
Իր հերթին՝ իշխող կոալիցիայի պատգամավոր Զվիկա Ֆոգելը, ով ներկայացնում է ծայրահեղ աջ «Հրեական իշխանություն» կուսակցությունը, հանդես է եկել իրավապահ մարմինների կողմից ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու օգտին: «Եթե նրանք ուղղակի ցույցերի կոչ անեին, ես նրանց այդ իրավունքը կտայի, բայց նրանք այնպիսի արտահայտություններ են օգտագործում, որոնք ինձ բնութագրում են որպես թշնամու։ Նրանք պատերազմի կոչ են անում»,- ասել է խորհրդարանականը։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչների նման պահվածքը «հայրենիքին դավաճանություն» է նշանակում։ «Նրանք այս պահին ամենավտանգավոր մարդիկ են»,- նշել է Ֆոգելը: Վախը, որ իշխանությունները հաշվեհարդարի արշավ կսկսեն, քննադատների շրջանում իսկապես կա։ Ոստիկանությունն այժմ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի վերահսկողության տակ է, ով ներկայացնում է կոալիցիայի ծայրահեղ աջ թեւը։
Հասարակական խաղաղության վերականգնման գործընթացին միջամտել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը: «Ես ամեն ինչ անում եմ՝ սկսելու հարգալից երկխոսություն՝ հուսալով պայմաններ ստեղծել լայն փոխըմբռնման համար»,- ասել է նա վերջերս։ «Ես կոչ եմ անում ձեզ, ընտրված պաշտոնյաներ եւ Իսրայելի քաղաքացիներ, որ ներկայացնում եք հանրության բոլոր շերտերը եւ քաղաքական հատվածի բոլոր մասերը, ցուցաբերել զսպվածություն եւ պատասխանատվություն: Մենք պետք է հանդարտեցնենք կրքերը եւ մեղմացնենք բոցը»,-շեշտել է նախագահը։ Նրա խոսքով՝ Իսրայելի Անկախության հռչակագրի արժեքները կողմնացույց են ազգի համար։ «Ես ոչ մեկի թույլ չեմ տա վնաս հասցնել դրանց,- խոստացել է նախագահը։-Սա զգայուն եւ պայթյունավտանգ ժամանակ է Իսրայելի հասարակության համար»:
Օրերս Իսրայելի գլխավոր դատավոր Էսթեր Չաութը հազվադեպ նկատողություններ է արել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Նրանք դա համարում են դատական համակարգի փոփոխություն։ Բայց ես ասում եմ, որ սա դատական համակարգի կործանումն է, որին ուզում են զրկել անկախությունից ու ստիպել լռել»,- հայտարարել է նա։ Դատարանի ղեկավարը բարեփոխումներն այն տեսքով, որով կան հիմա, որակել է որպես «անողոք հարձակում» արդարադատության վրա։ Իշխող խորհրդարանական կոալիցիայի գործողությունները, ըստ Չաութի, հակասում են ժողովրդավարական սկզբունքներին, որոնց վրա է հիմնված Իսրայելը։ «Ժողովրդավարությունը ներառում է անհատի եւ նրա ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաեւ երաշխավորում է, որ մեծամասնության իշխանությունը չի վերածվի մեծամասնության բռնակալության»,- շեշտել է նա։
Գերագույն դատարանի նախագահի մեկնաբանությունները Նաթանյահուի կողմնակիցներին ստիպեցին արդարանալ: Նրա ղեկավարած «Լիկուդ» կուսակցության պաշտոնյաներն այդ ժամանակվանից վստահեցնում են, որ կոալիցիան բաց է բարեփոխումների հարցում փոխզիջումային որոշումների կայացման համար: Այս հայտարարությունները հաստատվել են Նաթանյահուի հատուկ տեսաուղերձով, որում նա ասել է, որ նախաձեռնության իրականացումը առաջ կմղվի «պատասխանատվությամբ եւ ողջամտորեն», իսկ հարցի վերաբերյալ բոլոր կարծիքները հաշվի կառնվեն։ Սակայն արդարադատության նախարարության ներսում «Հաարեց»-ի աղբյուրները նշել են, որ դա պարզապես հռետորաբանություն է, եւ որ իրենք իրական փոխզիջում չեն սպասում: Նրանց խոսքերով՝ իրավիճակը աստիճանաբար շարժվում է դեպի ամենավտանգավոր սահմանադրական ճգնաժամ։
Այժմյան սկանդալին հատուկ նշանակություն է տալիս այն, որ Նաթանյահուն երկար ժամանակ դիմակայել է իր դեմ հարուցված կոռուպցիայի եւ առեւտրային ազդեցության մասին մի շարք գործերի: Այժմ նրա կողմնակիցները զանգվածային արշավ են սկսել՝ քանդելու այն համակարգը, որը հետապնդել է Նաթանյահուին: Այնպես որ, որքան էլ գործող վարչապետը հետագայում փորձի վերափոխումների բացասական հետեւանքների պատասխանատվությունը դնել իր կոալիցիոն գործընկերների վրա, ամեն դեպքում, հենց նրան ճգնաժամի գլխավոր մեղավոր կհամարեն։