2023 թ. հունիսի 18-ին Թուրքիայում կկայանան հերթական նախագահական ընտրությունները, որոնք այդ երկրի կյանքում հաստատապես շարքային իրադարձություն չեն: Ընդդիմադիր գործիչներն այժմյան հանգամանքներում ընտրվելու բոլոր հնարավորություններն ունեն, իսկ իշխանությունները ձգտում են հաղթաթղթեր ձեռք բերել՝ դրանք նախընտրական քարոզարշավում օգտագործելու եւ մրցակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար: Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնհայտորեն փորձում է դիրքավորվել որպես մի պետության ղեկավար, ում օրոք շատերն են ձգտում ստանալ Թուրքիայի բարեհաճությունը:
Թուրքիայի նախագահը չի կարող իրեն հանգիստ զգալ ընտրություններից վեց ամիս առաջ, որովհետեւ երկրի տնտեսությունը սարսափելի վիճակում է։ Ընդ որում՝ հենց նույն Էրդողանի պատճառով, ով որոշել է կասկածելի փորձարկում կատարել ճգնաժամի պայմաններում՝ ֆինանսական վիճակն էժանագին փողերի ներարկման միջոցով կայունացնելու համար: Դա չէր կարող չանդրադառնալ գնաճի վրա, որը անցած տարվա վերջին տատանվում էր 70 տոկոսի սահմաններում: Բնականաբար, երկրի բնակչության մեծ մասին այդ հանգամանքն ընդհանրապես չի ուրախացնում, իսկ նրանք հունիսի 18-ին պետք է ընտրատեղամասեր գնան:
Թուրքիայի նախագահը ստեղծված իրավիճակում, իհարկե, փորձել է տնտեսության մեջ առկա բացասական միտումները բեկել Ռուսաստանի հաշվին, որն իր դեմ կիրառված բազմաթիվ պատժամիջոցների պատճառով հայտնվել է տնտեսական բարդ իրավիճակում եւ մղվում է Անկարայի հետ համագործակցության:
Դեռ 2000-ականների սկզբին Թուրքիան կանգնած էր ընտրության առաջ, թե տնտեսական զարգացման որ մոդելն է պետք ընտրել։ Այն ժամանակվա իշխանությունները որոշեցին, որ էժան աշխատուժի ավելցուկ եւ հիմնական ռեսուրսների պակաս ունեցող երկրի համար առավել ընդունելի տարբերակն օտարերկրյա ներդրումների միջոցով ՀՆԱ-ի ավելացման մոդելն է։ Դրա համար երկրում ապահովվեցին բոլոր պայմանները՝ հարկային արտոնությունների տրամադրումից մինչեւ դրամավարկային քաղաքականության պարզեցում։
Սկզբում այդ մոտեցումն իրեն արդարացրեց. ներդրումների տարեկան աճը կազմում էր ավելի քան 5 տոկոս։ Իհարկե, խնդիրներ էլ կային, օրինակ՝ աճող առեւտրային դեֆիցիտը: Բայց քանի դեռ տնտեսությունն աճում էր, Թուրքիայի ղեկավարությունը լռում էր՝ հույս ունենալով հետագայում լուծել խնդիրը։
Հետագայում, ինչպես նշում են մասնագետները, պարզվեց, որ թուրքերի ընտրած զարգացման մոդելը ճգնաժամի ժամանակ դադարում է գործել, որովհետեւ օտարերկրյա ներդրումների հոսքը նախ դանդաղում է, իսկ հետո ամբողջությամբ թեքվում դեպի ավանդական «ապահով հանգրվաններ»։ Այնուհետեւ Թուրքիայի տնտեսությունը փլուզվեց, իսկ գնաճը, ընդհակառակը, արագացավ։
Իրավիճակը շտկելու գործն անձամբ ստանձնեց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կիրառելով նորարարական մոտեցում եւ լիրային ազատ լողալու հնարավորություն տալով։ Մասնագետների մեծ մասը կարծում է, որ փորձարկումը չի կարող բարեհաջող ելք ունենալ, բայց կան նաեւ հակառակ կարծիքի կողմնակիցներ, որոնց թվում է, թե այն կարող է աշխատել, եթե էժան փողերը հասնեն իրական արտադրողին՝ շրջանցելով ֆինանսական սպեկուլյանտների «գրպանները», անհրաժեշտ թվով բավարար որակավորում ունեցող աշխատուժ ապահովվի՝ ցածր նյութական պահանջներով, արտադրությունն ապահովվի էժան էներգետիկ ռեսուրսներով եւ հումքով, իսկ ձեռնարկատերերը միջոցներ ունենան՝ անհրաժեշտ ներկրվող սարքավորումներ ձեռք բերելու համար։
Էներգետիկ ռեսուրսների ու հումքի ապահովումն Անկարան մտադիր է իրականացնել Մոսկվայի միջոցով: Նաեւ այդ պատճառով Էրդողանը պարզապես «օդում խլեց» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ կապված երկրի ներսում գազային հանգույց ստեղծելու հետ եւ արդեն ոգեւորությամբ ձեռնամուխ է եղել այդ գործին: Գազային հանգույցի հարցը, սակայն, ապագայի գործ է եւ անգամ ամենաբարենպաստ հանգամանքների առկայության դեպքում չի կարող մինչեւ ընտրությունները ավարտուն տեսք ունենալ ու արդյունք ապահովել: Բայց այդ գաղափարը Թուրքիայի ղեկավարի համար հնարավորություն է՝ իջեցնելու հասարակական լարվածության աստիճանը, որը ծագել է տնտեսական խնդիրների արդյունքում:
Ստեղծվում է մի իրավիճակ, որում Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց կարիքն ունեն: ՌԴ-ն տնտեսական պատժամիջոցների հետեւանքով զրկվում է իր հիմնական եկամուտների մեծ մասից, իսկ Թուրքիան կարող է այդ հարցում դառնալ նրա հենարանը: Մասնավորապես՝ խոսքը վերը նշված գազային հանգույցի մասին է: Չնայած թուրքական իշխանությունները հայտարարել են, որ գազի խոշոր հանքավայրեր են բացահայտել, սակայն նաեւ նշել են, որ մի քանի տարի անց Անկարան կարող է հասնել առավելագույն՝ տարեկան 15 մլրդ խմ գազի արդյունահանման հզորության: Տնտեսագետները, իհարկե, գիտեն, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ձգվող խողովակաշարերի տարեկան հզորությունը կազմում է 16 մլրդ խմ, իսկ Բաքուն նման պաշարներ չունի: Արեւմուտքում հստակ հասկանում են, որ Բաքուն գազը կստանա Ռուսաստանից եւ կմղի Թուրքիա, որը, իր հերթին, այն կհասցեագրի արեւմտյան սպառողներին: Եվ հասկանալով հանդերձ՝ դժվար թե թույլատրեն դա, որովհետեւ չափազանց մեծ զոհողությունների են գնացել՝ ռուսական գազից իրենց կախվածությունը վերացնելու համար: Այդ քայլն ինքնանպատակ չէ. նրանք կարծում են, որ Ռուսաստանը հզորանում է արեւմտյան սպառողների գումարների հաշվին եւ սպառնում է նույն այդ Արեւմուտքին, իսկ վերջինս, դադարեցնելով ռուսական գազի օգտագործումը, կասեցնում է այդ զարգացումը եւ իրենից հեռացնում հնարավոր սպառնալիքը: Այս տեսանկյունից դժվար է պատկերացնել, որ թուրքական գազային հանգույցի ստեղծումը թելադրված է եկամտի ապահովմանը միտված իրատեսական շարժառիթներով: Բայց այն Էրդողանի համար հնարավորություն է՝ շահելու ընտրողների քվեները՝ նրանց համոզելով, որ այդպիսի հանգույցը Թուրքիային հսկայական եկամուտներ կպարգեւի:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ պետք է շեշտել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները գոնե մինչեւ հունիսի 18-ը, երբ կկայանան համընդհանուր ընտրությունները, կմնան նվազագույնը այն մակարդակի վրա, որում կան՝ ելնելով տնտեսական իրավիճակից: Առավել եւս, որ երկու պետությունների ղեկավարների միջեւ բավական վստահելի հարաբերություններ են հաստատվել: Էրդողանի հնարավոր պարտությունն ընտրություններում ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այդ դեպքում իրավիճակն արմատապես կփոխվի: Նախագահի պաշտոնն ակնհայտորեն կստանձնի արեւմտամետ մի գործիչ, եւ այդ դեպքում Ռուսաստանի խնդիրները, ինչպես կարծում են ռուս վերլուծաբանները, միայն կավելանան:
Էրդողանը չի կարող չդիմել Արեւմուտքին, սակայն այդ դեպքում ինչպես պետք է արդարացնի իր ռուսամետ քաղաքականությունը:
Երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Մի կողմ թողնելով թեմաները, որոնց շուրջ նրանք խոսել են, շեշտենք, որ Արեւմուտքը ցանկանում է ազատվել Էրդողանից, ով Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքով ու վարած քաղաքականությամբ ակնհայտորեն անցել է թույլատրելիի սահմանները: Իսկ դրա լավագույն առիթն առաջիկա ընտրություններն են: Թուրքիայի արտգործնախարարը, ամենայն հավանականությամբ, կփորձի ինչ-ինչ խոստումների կամ զիջումների միջոցով ազատվել արեւմտյան ճնշումներից եւ Թուրքիայի արեւմտամետ հատվածի համար ստեղծել այնպիսի տպավորություն, թե Անկարան շարունակում է աշխատել Վաշինգտոնի հետ:
Հարկ է նշել, որ Բլինկեն-Չավուշօղլու հանդիպումից առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բրիտանական «Financial Times» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «ինչ-որ մեկը պետք է խոսի Ռուսաստանի հետ», եւ Անկարան իր վրա է վերցրել այդ գործառույթը: «Առանց երկխոսության մենք փակուղի կմտնենք: Մենք Արեւմուտքից երախտագիտություն ենք ակնկալում մեր նախագահ Էրդողանի հանդեպ»,- ասել է Աքարը՝ շեշտելով, որ վերջին տարիներին Թուրքիայի նախագահը հաճախ է որպես միջնորդ հանդես եկել ռուս-ուկրաինական բանակցություններում: Աքարի խոսքով՝ Թուրքիայի օգնությամբ ցորենի արտահանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է օրինակելի մոդել լինել Մոսկվայի ու Կիեւի միջեւ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը հասնելու համար:
Այս հայտարարությունից երեւում է, որ Չավուշօղլուն ԱՄՆ է մեկնել արդարանալու, այլ ոչ թե առաջարկներ անելու համար: Իսկ արդարանալու պատճառներ նա ունի, եւ դրանք ամենեւին էլ քիչ չեն: «New York Times»-ի աղբյուրները նշում են, որ Բայդենի վարչակազմի փորձերը՝ առաջ մղելու F-16 կործանիչները Թուրքիային վաճառելու հարցը, արդեն բախվել են Կոնգրեսի դիմադրությանը: Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ում ձայնից այս հարցում շատ բան է կախված, նկատել է. «Նախագահ Էրդողանը շարունակում է խարխլել միջազգային իրավունքը, արհամարհել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական նորմերը, ինչպես նաեւ իրեն անհարգալից եւ ապակայունացնող ձեւով պահել ինչպես Թուրքիայում, այնպես էլ հարեւանների՝ ՆԱՏՕ-ում դաշնակիցների նկատմամբ։ Սենատորը խոստացել է մատակարարումներն արգելափակել այնքան ժամանակ, քանի դեռ «Էրդողանը չի դադարեցրել սպառնալիքները, չի բարելավել մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը տանը, այդ թվում՝ լրագրողների եւ ընդդիմադիրների ազատ արձակման հաշվին, եւ չի սկսել իրեն որպես հուսալի դաշնակից պահել»:
Այս ֆոնին Բայդենի վարչակազմը դիտարկում է հավասարակշռված, փոխզիջումային տարբերակ, որը միաժամանակ կներառի թուրքերին F-16 ինքնաթիռների վաճառքը եւ Հունաստանին հինգերորդ սերնդի առնվազն 30 F-35 կործանիչների մատակարարումը: Որոշ պաշտոնյաների գնահատականների համաձայն՝ դա կնվազեցնի Աթենքում դժգոհության աստիճանը Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հնարավոր գործարքից, ինչպես նաեւ ԱՄՆ ղեկավարությանը հնարավորություն կտա ցուցադրել, որ նախապատվություն չի տալիս ՆԱՏՕ-ում այս երկու դաշնակիցներից եւ ոչ մեկին, որոնք մշտական հակամարտության մեջ են:
Առաջիկայում, անշուշտ, «ՀՀ»-ն կանդրադառնա ինչպես Չավուշօղլուի ամերիկյան այցին ու ձեռք բերված հնարավոր պայմանավորվածություններին, այնպես էլ այն խաղաքարտերին, որոնք Էրդողանը ցանկանում է օգտագործել մինչեւ առաջիկա ընտրությունները, բայց որոնք, ինչպես երեւում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ամերիկյան այցից առաջ ստեղծված իրավիճակից, չեն արդարացնի Թուրքիայի գործող նախագահի ակնկալիքները: