Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած կառավարությանը կոչ է արել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ բանակցություններ սկսել վիճելի բոլոր հարցերի, այդ թվում՝ Քաշմիրի վերաբերյալ: Հեռուստատեսությամբ փոխանցված այդ առաջարկին հաջորդել է լրացում. գործարքը հնարավոր է, եթե Դելին վերականգնի Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի մի մասի ինքնավար կարգավիճակը: Այդ պահանջն անընդունելի է Մոդիի համար. չէ՞ որ դա ենթադրում է սահմանադրական փոփոխությունների մերժում, որոնք նա խորհրդարանով անցկացրել է 2019 թ.: Փորձագետների կարծիքով՝ Իսլամաբադն արեւմտյան վարկերի խիստ կարիք ունի եւ այդ պատճառով է խաղաղասիրություն ցուցադրում: Սակայն վարկերը, որքան էլ անհրաժեշտ, ամենեւին էլ ամենակարեւոր խնդիրը չեն Պակիստանի համար…
Հարցազրույցը, որը Շարիֆը տվել է «Al Arabiya TV» հեռուստաալիքին, ակնհայտ զգացմունքային երանգ է ունեցել: Ինչպես նշել է նա, Պակիստանը յուրացրել է Հնդկաստանի հետ երեք պատերազմների դասերը եւ հենց այդ պատճառով ցանկանում է խաղաղություն հաստատել հարեւանի հետ: «Իմ ուղերձը Մոդիին այն է, որ ժամանակն է նստել սեղանի շուրջ եւ լրջորեն, անկեղծ խոսել Քաշմիրի պես տաք կետերը հեռացնելու համար, եւ չարժե իզուր ժամանակ ու ռեսուրսներ վատնել վեճերի համար»,- ասել է նա: Այնուհետեւ վարչապետը խոսել է նաեւ միջուկային զենքի մասին. «Մենք միջուկային տերություններ ենք, զինված ենք մինչեւ ատամները: Եվ եթե, Աստված չանի, պատերազմ սկսվի, ոչ ոք չի կարող ասել, թե ինչով կավարտվի այն»:
Նման արտահայտությունների լույսի ներքո բավական տարօրինակ է հնչում Պակիստանի ղեկավարի վարչակազմի այն բացատրությունը, թե բանակցությունները տեղի կունենան միայն այն դեպքում, եթե Ջամու եւ Քաշմիր նահանգները վերադարձնեն ինքնավարությունը։ Իսկ իրականում ինչի՞ է ձգտում Իսլամաբադը: Հնդկական «Hindu» թերթն ընդգծում է, որ Պակիստանը պայքարում է ծանր տնտեսական ճգնաժամի դեմ։ Այդ երկրի բնակչությունը դժգոհ է ալյուրի ու վառելիքի պակասից։ Բացի այդ, «Պակիստանյան Թալիբանն» ավելի ու ավելի հաճախ է ահաբեկչական հարձակումներ կատարում։
Իսկ արդյոք հնարավորություն կա՞, որ Շարիֆի նախաձեռնությունն արժանանա Դելիի դրական արձագանքին: Հնդկաստանը չի պատասխանել ոչ դիվանագիտական խողովակներով ներկայացված առաջարկին: Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաներն անցյալում նույնպես հայտարարել են, որ Հնդկաստանի հետ անհրաժեշտ է հաշտվել: Ուստի հարց է առաջանում, թե ինչու է այս անգամ վարչապետն իր առաջարկը կապել Քաշմիրի կարգավիճակի փոփոխության հետ, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրությամբ։ Քաշմիրի հատուկ կարգավիճակի մասին Հիմնական օրենքի 370-րդ հոդվածի չեղարկումը Մոդիի ամենակարեւոր նախաձեռնություններից էր, ով ցանկանում է վերջ տալ այն դարաշրջանին, երբ երկիրը ղեկավարում էր Ներու-Գանդի դինաստիան։ Այդ քայլին էլիտայի մի մասն ու մահմեդականներն այնքան էլ հավանություն չէին տալիս: Բայց նա դա արեց 2019 թ. համընդհանուր ընտրություններում տոնած ջախջախիչ հաղթանակից հետո:
Ի տարբերություն Մոդիի՝ Շահբազ Շարիֆը նման աջակցություն չունի իր երկրում: Պակիստանում համընդհանուր ընտրությունները կկայանան ամռանը: Բացառված չէ, որ Պակիստանի կառավարությունը ցանկանում է լուրջ աջակցություն ստանալ ԱՄՆ-ից եւ միջազգային ֆինանսական ինստիտուտներից: Այդ օգնության պայմաններից մեկը Հնդկաստանի հետ հաշտվելու համար գոնե առաջին քայլ կատարելն է: Ներկայացնելով այդ առաջարկը՝ Շարիֆը, հավանաբար, 100 տոկոսով վստահ է, որ մերժում կստանա, բայց նա կարող է իր գործընկերներին ասել, որ հաշտեցման գործընթաց սկսելու համար հնարավորն արել է: Քաշմիրի հարցում, իհարկե, Հնդկաստանի ու Պակիստանի դիրքորոշումներն անհամատեղելի են:
«South China Morning Post»-ը եւ ասիական այլ ԶԼՄ-ներ նույնպես գրում են, որ Շարիֆին նման առաջարկով հանդես գալուն դրդել է երկրի տնտեսության մեջ տիրող ծանր վիճակը։ Այստեղից էլ՝ ուկրաինական հակամարտության հարցում երկու պետությունների մոտեցումների տարբերությունը։ Հնդկաստանը հայտարարում է, որ չեզոքություն է պահպանում, իսկ Պակիստանն Ուկրաինային զինամթերք եւ հրաձգային զենք է մատակարարում։
Սակայն սոսկ տնտեսական վիճակը չէ Պակիստանին մղում Հնդկաստանի հետ հաշտեցման գործընթաց նախաձեռնել: Անցած տարեվերջին Թուրքիայի ու Ադրբեջանի «եղբայրը», որը ապավինել է «Մեկ ազգ, երեք պետություն» կարգախոսին, հայտնվեց իր պատմության մեջ ամենածանր իրավիճակներից մեկում: Այնպես ստացվեց, որ միջուկային զենք ունեցող այդ երկրի գլխին միանգամից մի շարք լրջագույն խնդիրներ թափվեցին: Մարտահրավերներից մեկը Պակիստանի եւ աֆղանական «Թալիբանի» հետ կապ ունեցող «Թեհրիկ-ե Թալիբան Պակիստան» խմբավորման միջեւ ռազմական գործողությունների վերսկսումն է: Ստացվում է, որ պակիստանյան «Թալիբանը», որը կազմված է փուշտուներից, պատրաստ է աջակցել բելուջիներին, որոնց մի մասն ուզում է անջատվել Պակիստանից: Հետեւաբար, կարճաժամկետ հեռանկարում Պակիստանը կարող է տարածքային կորուստներ ունենալ, եթե խնդիրն արմատական լուծում չստանա: Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ պակիստանյան թալիբները դաշնակցային հարաբերություններ են պահպանում աֆղանական թալիբների հետ, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են զինված բախումներ ունենում Պակիստանի հետ: Քաբուլի ու Իսլամաբադի հարաբերությունները վատթարանում են նաեւ արտաքին քաղաքական տարաձայնությունների պատճառով՝ կապված զարգացման վեկտորի հետ. թալիբները կտրուկ հանդես են գալիս ԱՄՆ-ի հետ Պակիստանի մերձեցման դեմ: Այս ֆոնին Պակիստանն ու աֆղանական թալիբները եւս մեկ խնդիր ունեն՝ «Իսլամական պետության» ահաբեկչական գործունեությունը:
Տնտեսական ծանր կացության մեջ հայտնված Պակիստանը կանգնած է նաեւ հնդկա-պակիստանյան հակամարտության շարունակման սպառնալիքի առջեւ: Դեռ դեկտեմբերի առաջին տասնօրյակում պակիստանյան բանակի շտաբի նոր պետ գեներալ Սայեդ Ասիմ Մունիրը հայտարարեց Պակիստանի զինված ուժերի՝ «թշնամուն» հակահարված տալու պատրաստակամության մասին: Դա, ըստ էության, պատասխան էր Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնահթ Սինգհի խոսքերին, ով հոկտեմբերի վերջին հայտարարել էր Գիլգիթ-Բալտիստանն ու Քաշմիրի համապատասխան շրջանները Հնդկաստանի կազմում ներառելու վերաբերյալ, ինչը կազդարարեր հնդկա-պակիստանյան հակամարտության ավարտի մասին: Մունիրն այդ կերպ փորձել է պատասխանել գեներալ-լեյտենանտ Ուպենդրե Դվիվեդիին, ով նոյեմբերի վերջին, մեկնաբանելով Գիլգիթ-Բալտիստանի ու Քաշմիրի շրջանների մասին պաշտպանության նախարարի հայտարարությունը, ասել է. «Հնդկական բանակը կկատարի Հնդկաստանի կառավարության ցանկացած հրաման: Մենք միշտ պատրաստ ենք դրան»:
Եթե հաշվի առնենք, որ, ընդհանուր առմամբ, մոլորակը թեւակոխում է պատերազմների ու զինված հակամարտությունների դարաշրջան, ապա բացառված չէ, որ Քաշմիրում լարվածության աճ կարող է տեղի ունենալ, նույնիսկ՝ լայնամասշտաբ պատերազմ սկսվել, որին Պակիստանն այժմ չի կարող պատրաստ լինել՝ նկատի առնելով ինչպես տնտեսական, այնպես էլ արտաքին քաղաքական այն մարտահրավերները, որոնք սպառնում են այդ պետությանը:
Այս ամենին գումարվում է «Շարժում արդարության համար» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Իմրան Խանի պայքարը Շահբազ Շարիֆի կառավարության դեմ։ Դեկտեմբերի 7-ին այդ կուսակցության փոխնախագահ Շահ Մահմուդ Քուրեշին մեկնաբանել է նախկին վարչապետի որոշումը՝ Փենջաբի եւ Հայբեր Փախտունխվայի վեհաժողովներից կուսակցության անդամներին հեռացնելու մասին. «Այսօր կուսակցությունը եւ կուսակցության ղեկավարությունն Իմրան Խանին վեհաժողովները ցրելու լիազորություն տվեցին: Այժմ Իմրան Խանը մտադիր է մոտ ապագայում ցրել դրանք, որպեսզի գործընթացը շարունակվի»։
Իմրան Խանը մտադիր է վեհաժողովների ցրման միջոցով արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություն ստեղծել: Ճիշտ է՝ գործող իշխանությունները կարող են ինչ-որ կերպ հետ մղել այդ հարվածը, սակայն արդեն կասկած չկա, որ, անկախ այն բանից, թե ով իշխանության կգա, Պակիստանն իր բազմավեկտոր քաղաքականությամբ շատ դժվար ժամանակներ կունենա:
Այսպիսով՝ Շարիֆը, ում նաեւ պաշտոնանկություն է սպառնում, իր խնդիրների լուծման համար ուզում է Հնդկաստանի հետ բանակցային գործընթաց նախաձեռնել, սակայն ստեղծված իրավիճակն ու սեփական վախերը թաքցնելու համար փորձում է սկզբունքայնություն խաղալ եւ պահանջներ ներկայացնել Դելիին: Հասկանալի է, որ դրանք ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Հնդկաստանի ու նրա վարչապետ Մոդիի վրա: