Թուրքիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել ճնշումը Շվեդիայի վրա, որը ձգտում է ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ստոկհոլմը հանգստյան օրերին դարձել է բողոքի ցույցերի անցկացման վայր, որոնց ընթացքում թուրքական դեսպանատան շենքի առջեւ ցուցադրաբար այրել են Ղուրանը: Անկարան դատապարտել է հակակրոնական ելույթը եւ չեղարկել այս ամսին Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի պլանավորված այցը: Թուրքիայում մայիսին կայանալիք համընդհանուր ընտրությունները գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստիպում են կոշտ պատասխանել Ստոկհոլմում տեղի ունեցած դեպքերին, իսկ մյուս կողմից՝ Շվեդիայի հետ հարաբերությունների վատթարացումն Անկարային հեռացնում է Վաշինգտոնից եւ զրկում նրան F-16 կործանիչներ գնելու հնարավորությունից…
Այսպիսով՝ հունվարի 27-ին պլանավորված Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի այցն Անկարա տեղի չի ունենա: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Թուրքիան ու Շվեդիան վիճում են Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերի շուրջ. թուրքական կողմն առաջ է քաշում Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման սեփական պահանջները՝ դժգոհելով, որ Եվրոպայի հյուսիսը դարձել է իր քաղաքական համակարգի հակառակորդների ապաստարանը։ Յոնսոնը նշել է, որ պարզապես որոշվել է հետաձգել այցը։ «Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ շատ կարեւոր են Շվեդիայի համար, եւ մենք անհամբեր սպասում ենք ավելի ուշ պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր հարցերի շուրջ երկխոսության շարունակմանը»,- նշել է շվեդ նախարարը։
Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին: Աջ ծայրահեղական «Կոշտ կուրս» կուսակցության ղեկավար Ռասմուս Փալուդանը բողոքի ցույց է կազմակերպել Ստոկհոլմի դիվանագիտական թաղամասում՝ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության մոտ։ Քննադատելով ոչ միայն Էրդողանի քաղաքականությունը, այլեւ ՆԱՏՕ-ի կուրսը՝ նա ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը եւ այրել Ղուրանը։ Ակցիան տեղի է ունեցել իրավապահների կողմից շրջափակված տարածքում։ Թեեւ Փալուդանը վաղուց հայտնի է իր հակաիսլամական ելույթներով եւ աջ ծայրահեղական հայացքներով, Ստոկհոլմի եւ Անկարայի միջեւ չլուծված խնդիրները՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման հետ, նրա գործողություններին ավելի վտանգավոր հնչեղություն են տվել:
Շվեդիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք են հայտնել: Դիվանագիտական թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետեւում Անկարան «տեսնում» է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ ձախ ծայրահեղական կազմակերպության ձեռքը, որի անդամներին պահանջում է վտարել Շվեդիայից։ Նույն օրը Ստոկհոլմում տեղի է ունեցել քրդամետ հանրահավաք։ Որոշ պաշտոնյաներ բացասական են գնահատել Փալուդանի արարքը: «Շվեդիան ունի խոսքի ազատություն, բայց դա չի նշանակում, որ Շվեդիայի կառավարությունը կամ ես պաշտպանում ենք արտահայտված կարծիքները»,-հայտարարել է արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։
Այդուհանդերձ, Թուրքիայի ղեկավարությունը սկանդինավցիների նկատմամբ իր պահանջներն ավելացնելու կուրս է բռնել։ «Շվեդիայի իշխանությունները պետք է անհապաղ միջոցառումներ ձեռնարկեն՝ կանխելու Թուրքիայի դեմ ատելությամբ լցված սադրանքները եւ պայքարելու նրանց դեմ, ովքեր հարձակվում են իսլամի վրա։ Նրանք չեն կարող թաքնվել այնպիսի արդարացումների հետեւում, ինչպիսին խոսքի ազատությունն է: Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան առջեւ կազմակերպված ակցիան Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության քարոզչական գործունեության հերթական օրինակն է։ Դա վկայում է, որ Թուրքիան իրավացի է՝ պնդելով, որ Շվեդիան մինչ ՆԱՏՕ-ին անդամակցելը մեզ հետ պետք է համագործակցի ահաբեկչության դեմ պայքարում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Հիշեցնենք, որ այս ամիս բողոքի ցույցերից մեկի ժամանակ Ստոկհոլմում քաղաքապետարանի շենքի առջեւ ցուցարարները կախել են Էրդողանի խրտվիլակը: Անկարան այդ դեպքում նույնպես դատապարտեց ակցիան, եւ կրկին շվեդական դիվանագիտական առաքելության ղեկավարը կանչվեց թուրքական ԱԳՆ: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով այդ իրադարձություններին, շեշտեց, որ Շվեդիան ու Ֆինլանդիան Թուրքիային պետք է հանձնեն 130 կասկածյալների, եթե ցանկանում են ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում:
Խորհրդարանում Էրդողանի դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին, արձագանքելով վերջին միջադեպին, ասել է, որ Ազգային մեծ ժողովը (Թուրքիայի օրենսդիր մարմինը), ի պատասխան Ղուրանի այրմանը, կհրաժարվի հաստատել Շվեդիայի հետ ստորագրված հռչակագիրը՝ ՆԱՏՕ-ի կազմում այդ երկրի ընդգրկման վերաբերյալ:
Թուրք քաղաքական վերլուծաբան Օրհան Ղաֆարլին «Նեզավիսիմայա գազետային» ասել է, որ եթե Անկարան հաստատի Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը, ապա դա շատ դժվար կլինի բացատրել ընտրողներին։ Թուրքիայի կոշտ արձագանքը, սակայն, նախատեսված է սոսկ ներքին լսարանի համար՝ առաջիկա ընտրություններում գործող իշխանությունների հեղինակությունը բարձրացնելու նպատակով: Այսուհետ տեղի ունեցող իրադարձություններն այս ուղղությամբ միայն նախընտրական նշանակություն են ունենալու:
ԱՄՆ-ն, իր հերթին, նախազգուշացրել է Թուրքիային, որ Կոնգրեսը կարող է հավանություն չտալ Անկարային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքին, եթե վերջինս չվավերացնի Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը: Այս մոտեցումը, ինչպես նշել է «Bloomberg»-ը, բխում է ՆԱՏՕ-ի անհանգստությունից՝ կապված Էրդողանի՝ դաշինքի անվտանգության հարցերին հավատարմության եւ Անկարայի ու Մոսկվայի փոխհարաբերությունների հետ: Հյուսիսատլանտյան դաշինքի անհանգստությունը բխում է այն կարծիքից, որ Թուրքիան ժամանակ է ձգում՝ Ռուսաստանին ծառայություններ մատուցելու համար:
Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Չնայած որ Թուրքիային F-16-երի վաճառքը հավանության չի արժանանում Կոնգրեսի կողմից, նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է հասնել հարցի լուծմանը: Սակայն վաշինգտոնյան հանդիպման ընթացքում ամերիկյան կողմը շեշտել է, որ F-16-երի վաճառքի հարցի լուծումն զգալիորեն կարագանա, եթե Թուրքիան վավերացնի Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը:
Թուրքական դիվանագիտության ղեկավարը հաստատել է դա, բայց հակառակ կարգով. ըստ նրա՝ F-16 կործանիչների առաքման գործարքի կնքումը կարող է դրական անդրադառնալ դաշինքին Ստոկհոլմի ու Հելսինկիի անդամակցության վրա:
Միայն այն, որ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ռոբերտ Մենենդեսը դեմ է Թուրքիային կործանիչների վաճառքի ծրագրին, ըստ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ գրեթե անհնար է դարձնում գործընթացի հետագա շարունակումը:
«The Wall Street» թերթը գրել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի վերաբերյալ առաջարկի հետ միասին Կոնգրեսի հավանությանն է ներկայացրել նաեւ Հունաստանին F-35 կործանիչներ վաճառելու առաջարկը: Դա նշանակում է, որ եթե Անկարայի պատճառով Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը տեղի չունենա կամ ձգձգվի, Վաշինգտոնը վերջին սերնդի կործանիչներ կմատակարարի Թուրքիայի թշնամուն՝ Հունաստանին: Իսկ եթե Անկարան ընդառաջ գնա ԱՄՆ-ի պահանջներին, հակադրվելու է Ռուսաստանին: Սա եւս մեկ փաստ է այն մասին, որ միաժամանակ երկու աթոռի վրա նստելու թուրքական քաղաքականության ժամանակն ավարտվել է: Եվ ինչպիսին էլ լինի կողմնորոշումը, Էրդողանը միանշանակ կորցնելու է առաջիկա ընտրություններում: