Արցախի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի հետ։
-Տիկին Թանդիլյան, ավելի քան 40 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է։ Ակնհայտ է, որ դրանով Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման փորձ։ Բացի դրանից՝ էլ ի՞նչ խնդիր է լուծում կեղծ «բնապահպանական» օրակարգով եւ որքանո՞վ է հասել իր նպատակներին։
-Այո՛, Ադրբեջանը, արդեն 40 օրից ավելի փակ պահելով Արցախը կյանքին կապող ճանապարհը, ունի գերնպատակ՝ արցախցուն կտրել իր հողից, ցեղասպանական քայլերով հային վերացնել այստեղից։ Հենց այս նպատակին հասնելու համար են նրա բոլոր քայլերը։ Մնացած գործողությունները, այդ թվում կեղծ «բնապահպանական» ակցիաները, բխում են հենց այս գերնպատակից։ Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը տոտալ շրջափակման մեջ պահելով 120 000 արցախցու, կտրելով նրանց լույսից, գազից, ստեղծելով սարսափելի հումանիտար ճգնաժամ՝ չի կարողանում հասնել իր գերնպատակին. արցախցին շարունակում է ապրել իր հողում, պայքարել իր ապրելու իրավունքի համար։ Իրավիճակը բարդագույններից է, բայց սա նաեւ մարտահրավեր է եւ հերթական փորձաշրջանը մեզ համար՝ Ադրբեջանին իր տեղը ցույց տալու, մեկ անգամ եւս հասկացնելու, որ իր ցանկությունների իրականացումն ավարտվում է այնտեղ, որտեղ արթնանում են հայի ուժեղ ոգին եւ իր հողն ամեն գնով պահելու կամքը։
-Տարբեր երկրներ պետական, քաղաքական, հանրային մակարդակներում դատապարտել են Ադրբեջանին եւ կոչ արել ապաշրջափակել Արցախը Հայաստանի հետ կապող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը որեւէ կերպ չի արձագանքում կոչերին եւ հորդորներին։ Ի՞նչը կարող է ստիպել այդ երկրի իշխանություններին՝ դադարեցնելու ապաշրջափակումը։
-Կարծում եմ՝ միամտություն կլինի մտածել, որ միջազգային հանրության կոչերը պետք է հետ պահեն Ադրբեջանին։ Իհարկե, դրանք պետք է լինեն, կոչը նվազագույն բանն է, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է անի, բայց դրան պետք է հետեւեն նաեւ գործողություններ, ինչպես, օրինակ, տնտեսական եւ այլ բնույթի պատժամիջոցներ։ Ցավոք, դրանք այսօր չկան, եւ Ադրբեջանը դեռ ազատ է զգում իրեն իր քայլերում։ Հայկական կողմը պետք է շարունակի աշխատել միջազգային հանրության հետ, պետք է փաստերով ցույց տա, թե ինչպիսի ցեղասպան քաղաքականություն է վարում Ադրբեջանը, եւ դրա հետեւանքը ինչ կարող է լինել. անտարբերությունը, լռությունը, պահի համար քաղաքական շահը համամարդկային արժեքներից վեր դասելը կարող են ավելի անզուսպ դարձնել Ադրբեջանին եւ թույլ տալ նրան, որ տարածաշրջանը վերածի քաոսի։ Մյուս կողմից՝ բացի միջազգային իրական ճնշումից, ինչպես վերեւում ասացի, հայի կամքն է իր հողին ու ջրին տեր կանգնելու վճռականությունը, որը կարող է Ադրբեջանի իշխանություններին ստիպել հետ կանգնել իր մտադրություններից, ընդունել իր պարտությունը հայի ոգու դեմ պայքարում։
-Արդյոք խնդիրը չենք մեղմացնո՞ւմ, երբ բարձրաձայնում ենք հիմնականում շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին՝ չնշելով Ադրբեջանի գործողություններից բխող անվտանգային, գոյաբանական սպառնալիքները։
-Երբ խոսում ենք Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամի մասին, ներկայացնում ենք, որ նպատակը հենց ցեղասպանությունն է, արցախցու համար գոյաբանական խնդիր ստեղծելը։ Ակնհայտ է, որ ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, եւ առավել քան ակնհայտ է դրա նպատակը։ Միայն հումանիտար ճգնաժամից խոսելը եւ դրա հետեւանքները չներկայացնելը, այո՛, իրավիճակը մեղմացնել կնշանակի։ Բայց ցեղասպանական նպատակների, Արցախը հայաթափելու իր ցանկությունից այսօր անգամ Ալիեւն է անթաքույց խոսում։ Ստեղծված իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինել չի կարող, Արցախում ապրող հայության անվտանգությունն ու փրկությունը միայն Արցախն անկախ ճանաչելով պետք է լինի: Միջազգային հանրության կողմից Արցախի անջատումը եւ ճանաչումը պետք է լինեն այստեղի հայությանն առաջարկվող խնդրի լուծումը։ Այլ տարբերակներն աչքակապություն են եւ Բաքվի համար ստեղծելու են պարարտ հող հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների համար։
-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 16-ին հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Բերձորի միջանցքն ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով։ Ի՞նչ սպասելիքներ կան այս մասով։ Արդյոք հնարավո՞ր է հարցը կարգավորել իրավական կամ քաղաքական հարթությունում, թե՞ այն ունի այլ, օրինակ՝ ռազմական լուծում։
-Իրավիճակի ռազմական լուծումը վատթարագույն տարբերակն է, եւ բոլոր ներգրավված կողմերն ամեն ինչ պետք է անեն այն բացառելու համար։ Ես վստահ եմ, որ հարցը կարելի է եւ պետք է լուծվի միայն դիվանագիտական ճանապարհով՝ քաղաքական, իրավական եւ շատ կարեւոր է նաեւ՝ տնտեսական ճնշումներ գործադրելով Ադրբեջանի ռազմատենչ իշխանությունների վրա։ Հերթական ռազմական գործողությունը՝ ցանկացած ծավալի, լինելու է ապտակ միջազգային հանրությանը, եւ հույս ունենք, որ դա կանխելու համար գործադրվում են բոլոր ջանքերը։
-Ի՞նչ անելիքներ ունեն հայաստանյան քաղաքական ուժերն Ադրբեջանից սպառնացող գոյաբանական սպառնալիքին դիմագրավելու մասով։
-Կարծում եմ՝ հայաստանյան քաղաքական ուժերն առաջին հերթին պետք է համագործակցեն Արցախի կառավարության հետ։ Այնտեղ բոլորից լավ են հասկանում իրավիճակի սրությունն ու ավելի լավ են պատկերացնում լուծման ճանապարհները։ Համագործակցել ասելով՝ ավելի շատ նկատի ունեմ այնտեղից եկող ազդակներին (որոնք շատ հասկանալի են բոլորիս համար) համահունչ եւ սինխրոն արձագանքելը, ըստ դրանց նաեւ գործողություններ իրականացնելը։ Ավելի պարզ՝ պետք է աշխատել Արցախի հետ եւ Արցախի համար։ Այս իրավիճակում բոլորս պետք է մի կողմ դնենք մեր քաղաքական շահերը, նպատակահարմարությունները եւ կենտրոնանանք օր առաջ Արցախը ստեղծված իրավիճակից դուրս հանելու օրակարգի վրա։ Յուրաքանչյուրս կարող է մասնակցություն ունենալ այդ գործում, եթե լինենք ազնիվ մեր նպատակներում եւ Արցախը վեր դասենք բոլոր քաղաքական, նեղ անձնական հետաքրքրություններից։ Իսկ եթե չեն կարողանում օգնել կամ չեն ուզում, ապա լավ կլինի՝ գոնե լռեն՝ չխանգարելով Արցախին։
-Արցախի հիմնախնդիրն առնչվում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ տարածաշրջանային եւ անգամ աշխարհաքաղաքական խաղացողների շահերին։ Որքանո՞վ է մեր հասարակությունը գիտակցում, ճիշտ գնահատում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու Հայաստանին սպառնացող վտանգը։
-Իհարկե, այսօրվա անսահմանափակ տեղեկատվական հոսքի եւ քարոզչական լուրջ մեխանիզմների գործադրման պարագայում դժվար է «թացը չորից» տարբերել, բայց ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը եւ հազարամյակներից եկած փորձին։ Մեծ հույս ունեմ, որ այսօր գոնե այն օգտակար կլինի։ Ուզում եմ հավատալ, որ մենք պատկերացնում ենք, թե ինչ սպառնալիքների առջեւ ենք կանգնած, եւ թե որքան կարեւոր է ճիշտ առաջնորդներ, որոշում կայացնողներ ունենալը, որոնք պրոֆեսիոնալ են, ունեն կապեր եւ հնարավորություններ աշխարհի հետ խոսելու եւ կարող են մեր շահերն առաջ տանել աշխարհի հետ բանակցություններում։