Հովիկ Վարդումյանը սակավաթիվ այն մտավորականներից է, ովքեր Արցախյան հաղթական պատերազմի առաջին իսկ օրերից վայր դրեցին գրիչը՝ այն փոխարինելով ազգափրկիչ զենքով եւ սկզբից մինչեւ վերջ մասնակցեցին հերոսամարտին: Իսկ հետո գրեցին գրքեր պատերազմական թեմաներով, անմահացրին իրական հերոսներից շատերին՝ կատարելով իրենց հոգու պարտքը ոչ միայն հայրենիքի, այլեւ անմահացած մեր սրբանուն տղաների հանդեպ:
Հայոց բանակի օրվա առիթով է մեր զրույցը վաստակաշատ արձակագիր, վիպասան, բանաստեղծ, ազատամարտիկ գրչի նվիրյալի հետ:
-Սիրելի եղբայր, առաջին հարցս վերաբերում է հայոց ազատամարտին Ձեր մասնակցությանը: Ինչպե՞ս սկսվեց այն, որտեղի՞ց:
-Նախ ասեմ, որ երբ սկսվեց շարժումը, եւ ամենօրյա միտինգներից փոթորկվում էր մայրաքաղաքը, ես այնտեղ էի՝ Ազատության հրապարակում: Իսկ երբ սկսվեցին թշնամական ոտնձգությունները մեր սահմանների հանդեպ, հասկացա, որ միտինգներով ոչինչ չես անի, հարկավոր է ջոկատ կազմել ու զինվել: Ասացի՝ տղերք, մենք այստեղ անելիք չունենք, եւ համախոհներիս հետ կազմավորեցինք «Դավիթ Բեկ» ջոկատը ու առաջին հերթին շտապեցինք վտանգված Երասխ: Այնուհետեւ մեկնեցինք Վարդենիս, շուրջ մեկ ամիս պաշտպանեցինք մեր հյուսիսային սահմանը: Նշեմ, որ ամեն ինչի պակաս էր. ոչ կարգին զենք կար, ոչ զինամթերք: Կապվեցինք զորամասերի հետ, որոնց շնորհիվ կարողացանք քիչ թե շատ զինվել, այնքան, որ կարող էինք արդեն լինել Արցախում: Եվ գնացինք: Իրավիճակը չափազանց բարդ էր. թուրքերը, ռուսական բանակի հետ համագործակցելով, տանկերով, զրահամեքենաներով խորանում էին մեր տարածքներում: Իսկ մենք դրանց դեմ կռվելու զենք չունեինք, ստիպված նահանջում էինք: Թուրքը լավ գիտի՝ եթե թույլ ես, կգա եւ կոչնչացնի: Եվ խորացան՝ ընդհուպ մոտենալով Ստեփանակերտի սահմաններին: Միայն այն ժամանակ, երբ ինչ-ինչ պատճառներով ռուսական զորքերը հեռացան եւ այլեւս չէին մասնակցում ռազմական գործողություններին, մեր զինական ուժերը դյուցազնորեն կարողացան կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը, այնուհետ ջախջախել նրանց ու ծնկի բերել:
-Եղե՞լ է, որ ընկել եք շրջափակման մեջ, շոշափելիորեն զգացել մահվան վտանգը:
-Պատերազմի դաշտում մահվան ուրվականն ամենուր է, կարող ես զոհվել ցանկացած պահի: Ինձ հետ, սակայն, նման բան չի պատահել՝ ոչ շրջապատման մեջ եմ մնացել, ոչ էլ զգացել մահվան սարսափը. ես միշտ էլ մտածել եմ, որ Աստված ինձ պահապան է եղել, չնայած այն իրողությանը, որ մեր զոհերի թիվն էլ նվազ չէր…
-Փորձենք բնութագրել ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ…
-Նախ ասեմ, որ բոլորը չէ, որ կարող են դառնալ զինվոր. մի մասը չի կարողանում կռվել, մի մասը վախենում է, մի մասը՝ հիվանդանում: Միայն մի մասն է, որ դառնում է արտակարգ զինվոր, այսինք՝ ով որ ծնվել է որպես զինվորացու եւ չի երկյուղում մահից: Հայ զինվորին հենց սա է բնորոշ: Տեսեք. երբ թուրք խմբավորումները թեկուզ փոքր-ինչ նեղն էին ընկնում, անմիջապես զենքը շպրտում, շրջվում-փախչում էին: Մեր զինվորների պարագայում ես նման բան գրեթե չեմ տեսել: Իսկ եթե եղել է, եղել է արդարացված, իրավիճակի ծայրահեղ պարտադրանք, ինչպես՝ երբ տանկերով են գալիս քո վրա, որի դեմ ելնելու միջոցը չունես: Հայ զինվորը նախեւառաջ իր կոչման, գործի ու հայրենիքի նվիրյալն է, ընկերոջ հետ անմիջապես մտերմացող, մեկմեկու կյանքի գնով փրկելու ու ինքնազոհության պատրաստ, անչափ մարդկային, խիզախ ու խղճով: Ես տեսել եմ՝ Շուշիի բերդում թուրք գերիներ կային: Մերոնց վերաբերմունքն այնպիսին էր, որ ասես գերիներ չլինեին՝ մեզ հետ նստում հաց էին ուտում, ոչնչից չէին նեղվում, անգամ երգում էին…
-Այդ խղճի, մեծահոգության, հայի մարդասիրության մասին է Ձեր «Բաջին» սքանչելի պատմվածքը: Սա եղելությո՞ւն է, թե՞…
-Բառացիորեն իրողություն. մեր գրաված գյուղում թուրք չէր մնացել, բացի ձեր ասած պառավ բաջիից, որը չէր լքել իր տունը: Անձրեւներ էին, ցուրտ, ցեխ: Մտանք նրա տուն, օգտվեցինք մնացած պահածոներից, իսկ երբ ինքն էլ ոչինչ չուներ սնվելու՝ մեր չունեցածից էինք բաժին հանում, հոգ տանում նրա կյանքի համար: Ավելին. երբ հրետակոծությունից հրդեհվեց բաջիի տունը, իսկ մենք հեռու էինք, տղաներից երկուսը հրետակոծության տակ, վտանգելով իրենց, գնացին եւ վառվող տնից դուրս բերեցին թրքուհուն: Եվ նա համբուրեց իր փրկիչների ճակատը… Իսկ թե ինչ բարբարոսություններ էին անում իրենք մեր երեխաների, անճար ծերերի, գերիների ու հիվանդների նկատմամբ, ամենքիս է հայտնի… Նույն խորհուրդն ունի նաեւ իմ «Շունը» պատմվածքը, որը նույնպես հայ մարդու խղճի մասին է վկայում, կարդալուց կհամոզվեք:
-Այո, նախեւառաջ հենց սա է մեր եւ բարբարոս թուրքի տարբերությունը, ով այսօր էլ է ծարավի հայ արյան… Իսկ այժմ հարցնեմ պատերազմական թեմաներով գրված Ձեր գրքերի մասին՝ քանի՞սն են:
-Ութ գիրք, որոնցից ամենաթանկն ինձ համար «Գրոհայինների հրամանատարն» է: Այն, հիրավի, քաջազուն մի հայորդու՝ Վահան Վարդեւանյանի, նրա անձնազոհ սխրանքի եւ իր ղեկավարած անկոտրում ջոկատի մասին է: Ես խոստացել էի պատերազմից հետո գրել այս գիրքը եւ գրեցի: Մյուսը «Աստվածների կանչն» է՝ նվիրված պատերազմին մասնակցած վաթսունից ավելի արիասիրտ հայուհիներին: Այնուհետեւ՝ «Շուշիի ազատագրումը», որը հրատարակվեց Կոմանդոսի՝ ողջ ազգից սիրված, փառահեղ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի շնորհիվ: Այնուհետեւ գրվեցին «Բաժանարար գիծը», «Կանթեղը», «Զինվորը ծնվում է մարտադաշտում» եւ մյուս գրքերս: Սրանց հավելեմ այլ թեմաներով գրվածներից մեկ-երկուսը՝ «Ուրֆայի հերոսամարտը», «Փոքր Մհերի վերադարձը», «Հավերժական շարժում»: Այս բոլորը գրվել են հետխորհրդային շրջանում, իսկ դրանից առաջ հրատարակել եմ վեց-յոթ գիրք:
-Ես ծանոթ եմ Ձեր բանաստեղծություններին…
-Այո, սկսել եմ բանաստեղծությամբ եւ հիմա էլ եմ գրում: Իսկ թե ինչպես արձակին անցա, երեւի շատերի մոտ է այդպես՝ սկսում են չափածոյով, հետո ի հայտ է գալիս այն, ինչն ավելի շատ է տրված քեզ: Այժմ բանաստեղծությունների մի քանի ընդհանուր տետր ունեմ, հնարավորության դեպքում կհրատարակեմ նաեւ դրանք:
-Նորից խոսենք պատերազմական օրերից. հետաքրքիր է՝ մարտական դիրքերում, խրամատներում կողք կողքի կռվող ընկերներդ գիտեի՞ն, որ Հովիկ Վարդումյանը բազմաթիվ գրքեր, արդեն ճանաչում ձեռք բերած գրող է…
-Մեծամասնությունը տեղյակ չէր. շատերը գրից, գրականությունից հեռու մարդիկ էին, մանավանդ՝ մեր ջոկատում: Դե ես էլ, գիտեք, սակավախոս մարդ եմ եւ չեմ սիրում խոսել ինքս իմ մասին: Բայց անկախ այս ամենից, շատ մտերիմ էինք, միմյանց հանդեպ՝ եղբայրաբար:
-Թերեւս, շատերին հետաքրքրող մի հարց. մեր հաղթական պատերազմի մասին, բացի Ձեր ստեղծածից, արդյոք գրվե՞լ են մեծարժեք գրքեր, նկարահանվել մնայուն կինոնկարներ…
-Գրքեր շատ են գրվել, որոնց արժանիքների մասին ես չէ, որ պիտի ասեմ: Իսկ կինոնկարներ եղել են, ծանոթ եմ դրանցից մի քանիսին: Միանգամից ասեմ, որ դրանք անարժեք են: Դրանցից մեկից այսպիսի դրվագ հիշեմ. պարտված ջոկատի հրամանատար գնդապետը, ձեռքերը թափ տալով, առանց զենքի փախչում է: Ախր ինչպե՞ս, չէ՞ որ պատերազմի դաշտում զենքից կարելի է բաժանվել միայն մեկ դեպքում՝ երբ մարդ կորցրած է լինում գիտակցությունը: Այնպես որ…
-Իսկ ի՞նչ կասեք Հայոց բանակի ներկա վիճակի մասին:
-Ես այդ համակարգից հեռու եմ, խորքով չգիտեմ, միայն համոզված եմ, որ մեզ հզորանալ է պետք: Այո, հզորանալ, որովհետեւ մեր կողքին թուրանական ծրագիր ունեցող նույն թուրքն է, մեր մահին ծարավ դարավոր նույն ոսոխը: Տեսեք, թե ինչ վիճակում է հայտնվել Արցախը, ինչպես է հոխորտում, լկտիանում Ալիեւ կոչված ոճրագործը…
-Եվ վերջում՝ ի՞նչ կասեք Հայոց բանակի զինվորին:
-Տղերք, ամուր եղեք, միշտ հիշեք ազգի ոգին սնուցող մեր մեծերին: Նժդեհի մարգարեական խոսքը հիշեք. «Ուժն է ծնում իրավունք»…