«Եւ մի ուրիշ զօրաւոր հրեշտակ տեսայ երկնքիցը վայր գալիս, եւ ամպ հագած եւ գլխին ծիածան. եւ նորա երեսը արեգակի նման. եւ նորա ոտները կրակի սիւնի պէս»։ Հայտնություն 10։1
Աստծո շնորհը Ավետարանով ապրելն է։ Երջանիկ է այն մարդը, ով սեր է ցանում եւ տարածում, որովհետեւ ինքը՝ Հիսուսը, սիրո եւ գթասրտության մարմնացում է։ Որովհետեւ Աստված Սեր է։ Եվ սիրո մեջ լինողը ներկա է նաեւ Աստծո մեջ։
Այս հրեշտակի ձեռքին հայտնվում է նոր իր. «Եւ նա իր ձեռքում մի փոքր գիրք ունէր բացած, եւ իր աջ ոտքը դրաւ ծովի վերայ, եւ ձախը հողի վերայ. Եւ մեծ ձայնով աղաղակեց ինչպէս առիւծն գոռում է. եւ երբոր աղաղակեց, այն եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեցին»։ Հայտնություն 10։2-3
Այս յոթ որոտմունքները հաճախ զուգահեռում են համաշխարհային էկումենիկ յոթ խորհրդաժողովների հետ, որտեղ սահմանվել են եկեղեցիների հիմնական առանցքային կանոնակարգերն ու ծիսակարգերը։ Քրիստոնեական եկեղեցու վարդապետների առաջին ժողովը հրավիրվել է 325 թ. Նիկիայում՝ Կոստանդիանոս Ա Մեծի կողմից։ Ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից որոշումների ընդունման շնորհիվ այն ճանաչվել է Տիեզերական եւ առավելապես հայտնի է «Նիկիայի Տիեզերական ժողով» անվանմամբ։ Ժողովին մասնակցել է 318 եպիսկոպոս, այդ թվում Հայաստանից ՝ Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։
Ժողովը դատապարտել է Արիոսի վարդապետությունը՝ այն հայտարարելով հերետիկոսություն։ Մշակել է դավանաբանական բանաձեւ, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով։ Ամրագրել է ժամանակի միակ առաջնային Կաթողիկոսական աթոռի՝ Վաղարշապատի աթոռի գերակայությունը այլ աթոռների նկատմամբ։ Ժողովն արձանագրել է Զատիկը տոնելու ժամանակը՝ գարնանային արեւահավասարից անցած առաջին լիալուսնից հետո ընկած առաջին կիրակին։
Արիստակեսը Նիկիայի Տիեզերական ժողովի որոշումները բերում է Հայաստան, ներկայացնում Գրիգոր Լուսավորչին, ով էլ դրանք ներմուծում է Հայ առաքելական եկեղեցու դավանաբանության եւ ծիսակարգի մեջ։ Այնուհետեւ Տիեզերական ժողովներ են եղել Կոստանդնուպոլսում (երեք անգամ՝ 381 թ., 553 թ., 680-681 թթ.), Եփեսոսում (431 թ.), Քաղկեդոնում (451 թ., որի որոշումներն անընդունելի էին որոշ եկեղեցիների համար, այդ թվում ե՛ւ Հայ առաքելական եկեղեցու, այստեղից սկսվեցին դավանաբանական խիստ առանձնացումներ) եւ դարձյալ Նիկիայում՝ 787 թ.։
Հին աստվածաբանները յոթ որոտմունքները երկնքում եւ յոթ տիեզերական ժողովները երկրի վրա միավորում են՝ մեկնաբանելով, որ դրանով լիարժեքանում է հավատքը, լիարժեքանում է հայտնությունը, եւ այլեւս ոչ ոք չի կարող արդարանալ, թե որեւէ բան չգիտեր։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ