Եթե փիլիսոփայությունը, այսպես կոչված՝ «մասնավոր գիտությունների» համեմա-տությամբ ընդհանուր բնույթի գիտություն է, ապա դրա շնորհիվ մեր զբաղմունքը անհրաժեշտ լայնություն եւ ավարտվածություն է ստանում: Դե, ամեն ինչ կարգին է, եւ համալսարանական ֆաբրիկան կարող է գործել…. Բայց արդյոք սնոտիապաշտու-թյուն չէ՞ փիլիսոփայության հետ հույսեր կապել որպես բացարձակ գիտության: Եվ ոչ միայն այն պատճառով, որ միայնակը կամ առանձին դպրոցը չի հասնի այդ նպա-տակին, այլեւ այն պատճառով, որ նպատակի նման ձեւակերպումը ինքնին սկզբուն-քային սխալ է եւ փիլիսոփայության խորագույն էության ըմբռնման անկարողություն: Փիլիսոփայությունը՝ որպես բացարձակ գիտություն, վեհ, անգերազանցելի իդեալ է: Այդպես է թվում: Այնուամենայնիվ, փիլիսոփայության արժեքի չափումը գիտության գաղափարով, թերեւս, փիլիսոփայության իրական էության ամենից ճակատագրական նսեմացումն է:
Եթե, այդուհանդերձ, փիլիսոփայությունն առհասարակ եւ սկզբունքորեն գիտու-թյուն չէ, ապա ինչի՞ համար է նա, ի՞նչ հիմքով է դեռ մի բան էլ հայտնվել համալսա-րանական գիտությունների շրջանում: Չի՞ դառնում այդ դեպքում փիլիսոփայությունը սոսկ որոշակի աշխարհայացքի քարոզ: Իսկ աշխարհայա՞ցքը: Ի՞նչ է դա, եթե ոչ ա-ռանձին մտածողի անձնական համոզվածությունը, որ համակարգված է եւ մի որոշ ժամանակ համախմբում է մի բուռ կողմնակիցների, որոնք շուտով իրենց համակար-գերն են կառուցելու: Արդյոք այդ դեպքում փիլիսոփայությունը չի՞ դառնում մի մեծ տոնավաճառ:
Ի վերջո, փիլիսոփայության մեկնաբանումը որպես աշխարհայացքային քարոզ ոչ պակաս մոլորություն է, որքան նրա բնութագրումը որպես գիտություն: Փիլիսոփա-յությունը (մետաֆիզիկան) ո՛չ գիտություն է, ո՛չ աշխարհայացքային քարոզ…. Առհա-սարակ, համեմատելի՞ է արդյոք փիլիսոփայությունն ինչ-որ բանի հետ: Թերեւս, հա-մեմատելի է, թեկուզ բացասական իմաստով, արվեստի հետ եւ կրոնի (վերջինս նկա-տի չունենք եկեղեցական համակարգը): Իսկ ինչո՞ւ այդ դեպքում չի կարելի ճիշտ նույն կերպ փիլիսոփայությունը համեմատել գիտության հետ, որովհետեւ մենք ոչ թե համեմատում էինք փիլիսոփայությունը գիտության հետ, այլ ուզում էինք այն սահմա-նել որպես գիտություն: Առավել եւս մենք չենք պատրաստվում սահմանել փիլիսոփա-յությունը որպես արվեստ կամ կրոն: Ընդ որում, գիտության հետ համեմատությունը փիլիսոփայության էության չարդարացված նսեմացում է, իսկ արվեստի եւ կրոնի հետ համեմատությունը՝ արդարացված եւ ըստ էության անհրաժեշտ հավասարեցում. հավասարություն այստեղ չի նշանակում, իհարկե, նույնություն….
Սահմանումների մեր բացասական փորձն ասում է. հնարավոր չէ փիլիսոփայու-թյունը սահմանել զարտուղի ճանապարհով եւ որպես մի բան, որ ինքը՝ փիլիսոփա-յությունը չէ: Փիլիսոփայությունը պահանջում է, որ սահմանման համար մենք չնայենք այլ ուղղությամբ, այլ որոնենք հենց իր մեջ: Փիլիսոփայությունն ինքը կա՝ ինչ էլ որ իմանանք նրա մասին: Փիլիսոփայությունը կա միայն այն ժամանակ, երբ մենք փիլիսոփայում ենք: Փիլիսոփայությունը փիլիսոփայելն է….
Փիլիսոփայելու նման գնահատականը, որ բնավ էլ նոր չէ, գոյանում է դյուրին տեսանելի այն հեղձուկ մթնոլորտից, որում ապրում է նորմալ մարդը, եւ այն համոզ-մունքներից, որոնցով նա ուղղորդվում է. իսկ ըստ վերջիններիս՝ նորմալը հենց էա-կանն է, միջակությունն էլ՝ որպես այդպիսին հանրաճանաչ, ճշմարտությունն է, որ կա (հավերժական միջինը): Այդ նորմալ մարդն ընկալում է իր փոքրիկ հաճույքները որպես չափանիշ այն բանի, ինչը պիտի որ համարվեր բերկրանք: Այդ նորմալ մարդն ընկալում է իր ողորմելի երկյուղները որպես չափանիշ այն բանի, ինչը որ պիտի գնա-հատվեր որպես սարսափ ու զարհուրանք: Այդ նորմալ մարդն ընկալում է իր կուշտ հարմարավետությունը որպես չափանիշ այն բանի, ինչը պիտի համարվեր ապահով-վածություն եւ, համապատասխանաբար, անապահովություն: Մենք հիմա համար-ձակվում ենք առնվազն ինքներս մեզ հարց տալ, իրավունք ունի՞ արդյոք փիլիսոփա-յությունը, որպես այդպիսին, իրեն հանձնելու նման դատավորի դատաստանին, իսկ մենք ցանկանո՞ւմ ենք, պատրա՞ստ ենք թույլ տալու այդ դատավորին թելադրել մեր վերաբերմունքը փիլիսոփայության հանդեպ, թե՞ այլ կերպ ենք վարվելու, այսինքն՝ ուզում ենք, որ ամեն ինչ հենվի հենց մեզ վրա, մեր մարդկային էության վրա: Այդքան հավաստի՞ է արդյոք մարդկային ներկայության այն մեկնաբանությունը, որի հունով մենք ներկայումս շարժվում ենք եւ ըստ որի, օրինակ, փիլիսոփայությունը, այսպես կոչված՝ «մշակութային արժեք» է՝ ի շարս մյուսների, եւ, թերեւս, գիտություն, մի բան, որ խթանման կարիք ունի. ներկայության նման մեկնաբանությունն արդյո՞ք ամենից բարձրն է: Որտե՞ղ է երաշխիքն այն բանի, որ մարդը ինքնաըմբռնման ներկա վիճա-կում Աստծո մակարդակի չի բարձրացրել սեփական կիսակատար միջակությունը….
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ