Համաշխարհային քաղաքական գործընթացներին զուգահեռ էական շարժեր են տեղի ունենում նաեւ տնտեսության, հաղորդակցության ուղիների ու հանգույցների մասով։ Այս ամենի հետեւանքներից են լինելու նաեւ հասարակական, միջանձնային հարաբերությունների որակական փոփոխությունները։ Էներգետիկ ճգնաժամները գլոբալ առումով նոր մարտահրավեր են հատկապես արդյունաբերական հզոր տնտեսություն ունեցող երկրների համար։
Բրիտանական «Financial Times» թերթը տարեվերջին ներկայացրել էր 2023 թ. համաշխարհային քաղաքական գործընթացների զարգացման իր կանխատեսումը, ըստ որի՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի հետեւանքով հնարավոր են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ: Ըստ թերթի՝ Եվրոպայում հոսանքազրկումներ կարող են տեղի ունենալ առաջիկա ամիսներին ցուրտ եղանակի պատճառով, իսկ հաջորդ ձմռանը հոսանքազրկումներն ավելի հավանական են համարվում ռուսական գազի բացակայության հետեւանքով գազի պահեստարանները լցնելու դժվարությունների պատճառով: Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսել է, որ առանց ռուսական գազի այս տարի ԵՄ-ի դեֆիցիտը կարող է հասնել մինչեւ 57 միլիարդ խորանարդ մետրի։
Կանխատեսումն իրեն սպասեցնել չի տվել, օրեր առաջ Գերմանիայում առաջին հոսանքազրկումն է եղել։ Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի Հարց շրջանում երկու խոշոր հոսանքազրկում է տեղի ունեցել։ Երկրամասի մայրաքաղաք Հալբերշտադտի, Վերնիգերոդեի, Թալեի եւ Բլանկենբուրգի 100 հազար բնակիչներ հինգ ժամ շարունակ մնացել են առանց էլեկտրականության, իսկ երկրորդ վթարի հետեւանքով՝ եւս երկու ժամ։ Խնդիրներ են առաջացել բջջային կապի հետ, հոսանքի խափանումն ազդել է նաեւ Հալբերշտադտի բժշկական կենտրոններից մեկի վրա: Էլենտրաէներգիայի պակասից խուսափելու համար այլ մոտեցում է ցուցաբերում Բրիտանիան։ Օրինակ՝ անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի էլեկտրացանցերի օպերատորը հանձնարարել է ածխով աշխատող երեք էլեկտրակայաններ բերել պատրաստ վիճակի, ինչպես նաեւ ակտիվացրել «Ճկուն պահանջարկի սպասարկում» ծրագիրը, որը նախատեսում է գումար տրամադրել այն տնային տնտեսություններին, որոնք չեն միացրել էլեկտրական սարքերը։
Դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների կտրուկ կրճատումը ստիպեց աշխարհի շատ երկրների փնտրել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։ Արեւմուտք-Ռուսաստան առճակատման հետեւանքով սրված էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով Եվրոպան ձգտում է անցնել արեւային եւ քամու էներգիայի օգտագործման։ ԵՄ կլիմայական քաղաքականության վերաբերյալ «Ember» վերլուծական կենտրոնի հետազոտության համաձայն՝ 2022 թ. Եվրամիությունն առաջին անգամ ավելի շատ էներգիա է ստացել վերականգնվող աղբյուրներից, քան գազի այրումից։ Արեւային եւ քամու էներգիան անցյալ տարի կազմել է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 22 տոկոսը, ինչն առավելագույնն է նախկին տարիների համեմատ, մինչդեռ գազից ստացվող էներգիան կազմում է մոտ 20 տոկոս, որը մեկ տոկոսով պակաս է 2021-ից։
Չնայած եվրոպական երկրների էլեկտրաէներգիայի արտադրության մասնաբաժնում «կանաչ էներգիայի» մասնաբաժնի ավելացմանը, փորձը ցույց է տալիս, որ էներգիայի այլընտրանքային աղբյուրները բավարար չեն հզոր արդյունաբերություն ունեցող տնտեսությունների համար։ Ստեղծված իրավիճակը խնդիրներ է ստեղծում էներգետիկ անվտանգության համար։ Առնվազն ներկայիս տնտեսակարգը չի կարող հիմնվել «կանաչ էներգիայի» վրա։
Նման տեղաշարժերն ազդում են ոչ միայն արդյունաբերության վրա հիմնվող տնտեսությունների վրա, այլեւ շարքային քաղաքացիների։ Վերջիններս ստիպված են վերափոխել իրենց առօրյան, կենսակերպը, սովորությունները։ Իհարկե, համավարակի հետեւանքով տնտեսությունների եւ հանրային կյանքի շեշտակի փոփոխությունները, նախկին ընդունված կենսակերպից խզումը ինչ-որ առումով տեսանելի են դարձնում այն ապագան, որը կարող է լինել ավելի քիչ գազ, նավթ, էլեկտրաէներգիա օգտագործող հասարակությունների համար։ Սակայն մի բան է, երբ նման կտրուկ փոփոխությունները ժամանակավոր են թվում, եւ բոլորովին այլ բան, երբ տեսանելի ապագան հիմնվում է նման իրողությունների վրա։
«Ադապտացիոն» փուլում եվրոպական երկրների իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին մոմեր օգտագործել՝ տները լուսավորելու, իսկ վառելափայտը՝ դրանք տաքացնելու համար։ Լույսերի առատությունից փայլող եվրոպական քաղաքներն արդեն իսկ անցել են խնայողության ռեժիմի։ Այդ ամենը չի կարող չազդել մարդկանց կենսամակարդակի վրա՝ փոփոխություններ առաջացնելով նաեւ վարքագծում եւ պատկերացումներում։ Եթե այդ ամենին գումարվի վիրտուալ կյանքի «հաղթարշավը» ժամանակակից մարդկանց առօրյայում եւ ընկալումներում, ապա սպասվող փոփոխությունները կարող են էապես վնասել մեզ համար ընդունելի եւ ընկալելի սոցիալական միջավայրին։ Այդ փոփոխությունները չեն կարող սահմանափակվել միայն եվրոպական երկրներով, քանզի վերջին երեսուն տարվա ընթացքում սերտաճել էին թե տնտեսությունները, թե սոցիալ-մշակութային ու արժեհամակարգային ընկալումները։
Մեզ՝ հայերիս էներգետիկ ճգնաժամն անծանոթ չէ, 90-ականները մարտահրավեր էին նաեւ այդ առումով, ինչը կարողացանք արժանապատվորեն հաղթահարել։ Այդ ժամանակների եւ ներկայի միջեւ կարեւոր տարբերությունը արժեհամակարգային անկումն ու մաշվածությունն է, որը խոցելի է դարձնում հարմարավետության սովոր ժամանակակիցներիս։
Շատ հաճախ էական փոփոխությունների հետեւանքները դիտարկվում են գլոբալ մակարդակներում՝ քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական, եւ այդ համատեքստում շրջանցվում են հանրային կյանքի եւ անհատի վրա ունեցած ազդեցության հետեւանքները, այնինչ այդ մակարդակում սպասվող տեղաշարժերն առնչվելու են մեզանից յուրաքանչյուրին։ Իհարկե, միամտություն է կարծել, որ մարդկությունը կհրաժարվի նավթից, գազից ու էլեկտրաէներգիայից, սակայն արդյոք այն չի՞ դառնա «արտոնյալների» մենաշնորհը։