Տարածաշրջանում իրադարձությունները զարգանում են ծայրահեղ արագությամբ, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, բորբոքվում են հակասությունները՝ ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ: Համաշխարհային ԶԼՄ-ները գրում են, որ եթե Իրանը որոշի պատասխանել իր օբյեկտներին հասցված հարվածներին, աշխարհը կհայտնվի Երրորդ համաշխարհային պատերազմի ճիրաններում: Իսկ կայծը մարելու փոխարեն շատ պետություններ, հավակնելով ինչ-ինչ դերակատարումների, թեժացնելու ու կրակ ստանալու նպատակով փչում են այն՝ մոռանալով մի պարզ ճշմարտություն. ուրիշի տան հրդեհը ձեռքերը տաքացնելու միջոց չէ:
Եվ այսպես՝ օրերս Իրանը ցնցվեց անօդաչուների կիրառմամբ Սպահանի ռազմական գործարանին ու այլ օբյեկտների հասցված հարվածից: Դա չպետք է տեղի ունենար Թուրքիայի ու Իրանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո, որովհետեւ դեռ հայտնի չէին երկրաշաժի ավերածությունների չափերը, բայց, ի հեճուկս մարդկային բարոյականության տարրական կանոնների, հարվածն իրականություն է, ավելին՝ երկրաշարժից առաջացած խուճապը նպաստեց այդ գրոհի հնարավորինս արագ կազմակերպմանը: Ավելի ուշ շատ ԶԼՄ-ներ գրեցին, որ հարձակումը ձեռնարկել է Իսրայելը՝ Ադրբեջանի տարածքից: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Թել Ավիվը 44-օրյա պատերազմում Ադրբեջանին օգնում էր Իրանի սահմանների մոտ պլացդարմ ստանալու համար, եւ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմին չօգնելը, ըստ էության, Թեհրանի համար ծանր հետեւանքներ է ունենում այսօր: Դա ծանր հետեւանքներ արդեն ունեցել է եւ դեռ կունենա նաեւ Ռուսաստանի համար:
«ՀՀ»-ն արդեն տեղեկացրել է, որ Իրանի վրա անօդաչուների կիրառմամբ հարձակումից առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը «ահաբեկչական գործողություն» էր կատարվել, ինչը պատճառ դարձավ, որ դեսպանության աշխատակիցները տարհանվեն այդ երկրից: Տարօրինակ, կասկածելի ու ոչ համարժեք այդ քայլին զուգահեռ Ադրբեջանը Թուրքիայի հետ զորավարժություններ է անցկացնում Կարս քաղաքի մոտ: Այս երկրների զրահատանկային ստորաբաժանումները, ինչպես հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փորձարկել են ծանր տեխնիկայի մանեւրելու հնարավորությունները: Երկու երկրների տանկային ու մեքենայացված հետեւակային դիվիզիաների ստորաբաժանումների մասնակցությամբ կատարվել է ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական առաջադրանք՝ մարտական կրակով: Ըստ տեղեկությունների՝ զորավարժությունների ընթացքում օգտագործվել են տարբեր տեսակների արկեր: Համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են նաեւ այլ երկրներ, կրում է «Ձմեռ-2023» անունը: Այսօր ավարտված վարժանքների խնդիրն է բարձրացնել փոխկապակցվածության մակարդակը, սինխրոնիզացնել կրակային հնարավորությունները եւ նախապատրաստվել զորքերի տեղեկայման ու մատակարարման ապահովման հարցերի լուծմանը:
«Անադոլու» գործակալությունը, հենվելով Թուրքիայի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվության վրա, երեկ հայտնել է, որ տանկային մանեւրներից հետո Ադրբեջանի օդաչուները նույն վայրում օդային վարժանքներ են կատարել: Նրանք մշակել են տարբեր առաջադրանքներ: Մանեւրների ընթացքում մարտավարական ավիացիայի միջոցներով ոչնչացվել են պայմանական հակառակորդի թիրախները: Զորավարժություններին զուգահեռ՝ Ադրբեջանի զինված ուժերում շարունակվում են հատուկ մարտավարական դասընթացները: Իրական մարտի պայմաններում հատուկ նշանակության ստորաբաժանումները մշակում են հետախուզական ճանապարհի բացման, արգելապատնեշի անցման ու այլ գործողություններ, որոնք նույնպես հարձակողական բնույթ են կրում:
Այս զորավարժություններին անդրադարձը կապված է ոչ այնքան այն բանի հետ, որ դրանք հատուկ նշանակություն են ստանում իրանական դեպքերից հետո, որքան դրանց հարձակողական բնույթի: Ադրբեջանը Իրանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո Թուրքիայում ուզում է քաջության որոշակի չափաբաժին ստանալ, միայն հարց է, թե այն որքան ժամանակ կբավարարի դեպի անդունդը գլորվող Բաքվի իշխանություններին, որոնց հատուցման ժամն իսկապես մոտենում է:
Իրանի դեմ հարձակումից հետո «պատասխան հարվածի հեռանկարից» սարսափի մեջ հայտնված Ադրբեջանը համարձակություն ձեռք բերելու համար որոշել է, ձայնը գլուխը գցած, գոռգոռալ… Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած դեպքերից հետո դրանց միջազգային դատապարտման, բացահայտման ու մեղավորներին պատժելու նպատակով Բաքուն փաստաթղթեր է հղել միջազգային կառույցներին: Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ իրանական կողմը «ձգտում է կանխել ահաբեկչության բացահայտումը միջազգային մակարդակով այն կազմակերպություններում, որոնց անդամ է, եւ որոնց որոշումները կայացվում են կենսենսուսով»:
«Մասնավորապես՝ հարձակումից անմիջապես հետո իրանական կողմը բողոքել է Չմիավորման շարժման համակարգող բյուրոյին եւ Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների կազմակերպությանն Ադրբեջանի ներկայացրած կոմյունիկեների ու հայտարարությունների նախագծերի դեմ եւ կանխել նշված փաստաթղթերի ընդունումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ իրանական կողմը նաեւ դիմել է շատ երկրների՝ խնդրելով աջակցել իր դիրքորոշմանը այդ կազմակերպություններում, բայց «Չմիավորման շարժման 120 երկրներից միայն Սիրիան ու Հնդկաստանն են պաշտպանել այն»:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իր հերթին, Ադրբեջանին զգուշացրել է «վերջին միջադեպից հետո ցանկացած զգացմունքային որոշման երկարաժամկետ հետեւանքների մասին»: Ալժիր կատարած իր այցի ընթացքում նա ասել է. «Ես պետք է նշեմ նաեւ վերջին միջադեպը, որը կատարվել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը: Մենք խորապես ցավում ենք այդ միջադեպի համար եւ մանրակրկիտ կզբաղվենք դրանով: Ադրբեջանի հարգարժան պաշտոնական անձինք լիովին տեղյակ են հետագա գործողությունների մանրամասներին, եւ, կապված դրա հետ, երկկողմ սերտ փոխգործակցություն է ընթանում»:
Իրանցի քաղաքական գործիչն ավելացրել է. «Մենք ոչ մի ցուցում չենք ստացել, որ դա ահաբեկչություն է: Այդուհանդերձ, ես պետք է շեշտեմ, որ երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ զգացմունքային որոշումները իսլամական աշխարհի ընդհանուր թշնամիների, հատկապես՝ սիոնիստական ռեժիմի պահանջներն են եւ պետք է զգոն ու զգուշավոր լինել ցանկացած որոշման հարցում, որը կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ»:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելեց Իսրայել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս-ուկրանական հարաբերությունների կարգավորման միջնորդական հարցում «մրցակից» ստացավ: Իրանի վրա հարձակումն Ադրբեջանի տարածքից իրականացրած Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ բանակցություններում միջնորդ դառնալու առաջարկը, եթե այն ստացվի երկու կողմից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից: Նա միաժամանակ նշել է, որ չի պարտադրում իր թեկնածությունը, իսկ ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է ընթանան «ճիշտ ժամանակին ու ճիշտ հանգամանքներում»:
Նաթանյահուն ավելացրել է, որ որպես միջնորդ հանդես գալու առաջարկ ստացել է Ուկրաինայում զինված հակամարտության սկսվելուց հետո, սակայն մերժել է այն, որովհետեւ այդ ժամանակ ոչ թե երկրի վարչապետն էր, այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ: Հարկ է նշել, որ մինչ օրս Մոսկվայի ու Կիեւի միջեւ փաստացի միակ միջնորդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր: Իր հայտարարությամբ Իսրայելի վարչապետը ծանր հարված է հասցնում առաջիկա համընդհանուր ընտրություններում Էրդողանի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորություններին:
Վերը նշված իրադարձությունները վկայում են ինչպես տարածաշրջանում աճող լարվածության, այնպես էլ վերադասավորումների անհրաժեշտության մասին…