Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում են լայնածավալ փոփոխություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքում. օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Գործադիրը նախագիծը հավանության է արժանացրել։ Այս մասին տեղեկանում ենք պատկան կառույցից։ Ըստ պետական այս մարմնի՝ նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել աշխատողների եւ գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն ու օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։
Մասնավորապես՝ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։ Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է կենսաթոշակառուներին։ Առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը եւ հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (բացառելու համար աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով հիմնավորելու հանգամանքը)։ Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները՝ ի տարբերություն գործող կարգավորումների, որում գործատուին հնարավորություն տրված չէ կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով։ Նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։
Մյուս փոփոխությունն այն է, որ աշխատողների քանակի եւ հաստիքների կրճատման դեպքում (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաեւ ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։ Ընտանիքի անդամների համար եւս սահմանվում են որոշակի պայմաններ՝ նախապատվության իրավունքի համար։
Մեկ այլ փոփոխություն վերաբերում է աշխատողի հանգստին։ Դրա ապահովման՝ օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով նախատեսվում է, որ եթե աշխատողը 2.5 տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։ Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ 2.5 տարի չի տրամադրում արձակուրդ:
Եվս մեկ փոփոխություն. աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով, ուսման ամբողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան 2 տարի, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձեւակերպելով՝ օտարերկրյա ուսումնական հաստատություններում բարձրացնել մասնագիտական որակավորումը կամ ձեռք բերել անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ կամ զարգացնել դրանք:
Կվերանայվեն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը։ Այդ հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում աշխատողը խախտել է աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության մասին կանոնները, ինչի հետեւանքով վտանգվել են անձանց կյանքն ու առողջությունը։ Ինչպես նաեւ, երբ աշխատողն անօրինական օգտագործել է գործատուի համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը, որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ եւ իրականացրել է տվյալների անօրինական օգտագործում, որոնք խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը:
Կհստակեցվեն մինչեւ 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները։ Մասնավորապես՝ նախատեսվում է վերանայել եւ կրճատել աշխատող երեխաների աշխատանքային ժամերի տեւողությունները եւ հստակ սահմանել, որ երեխաները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։
Փոփոխություններ կան մանկահասակ երեխա ունեցող աշխատողների համար։ Այն է՝ հնարավորություն է տրվում ոչ թե մինչեւ 1, այլ 2 տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը։ Նաեւ՝ վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը մինչեւ երեխայի 1.5 տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր 3 ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը։ Մասնավորապես՝ հանվել է երեխային կրծքով կերակրելու պայմանը եւ նախատեսվել, որ բացի հանգստի եւ սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր 3 ժամը մեկ, կես ժամից ոչ պակաս տեւողությամբ լրացուցիչ ընդմիջում է տրամադրվում մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող կնոջը՝ այդ ընդմիջումների տեւողությունը պայմանավորելով միայն երեխայի տարիքով, այլ ոչ թե նաեւ երեխային կերակրելու հանգամանքով։ Այս կարգավորումը նախատեսող դրույթում մեծացվել է նաեւ երեխայի տարիքային շեմը՝ 1.5 տարեկանի փոխարեն՝ 2 տարեկան։
ԱՍՀ նախարարությունից տեղեկանում ենք նաեւ, որ նախատեսված են կարգավորումներ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների, աշխատավարձից պահումների եւ գանձումների դեպքերի, աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի, աշխատանքային հարաբերություններում բռնության կամ ոտնձգության հասկացության սահմանման, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայից բխող մի շարք խնդիրների վերաբերյալ։