Վերջին օրերին, ի դեմս ՄԱԿ-ի Արդարադատության՝ Հաագայի դատարանում հնչող հայտարարությունների, Ադրբեջանի եւ նրա, մեղմ ասած, համախոհների կողմից բութ համառությամբ կրկին փորձեր են արվում ապացուցել Ադրբեջանի մեծ «հումանիզմը» հատկապես Արցախի հայերի հանդեպ: Ընդ որում, վերջիններս նույն բութ համառությամբ անվանվում են … Ադրբեջանի քաղաքացիներ:
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած՝ ազգությամբ հայերի ցեղասպանության 35-րդ տարելիցը եւ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած՝ հայերի կոտորածի 33-րդ տարելիցը լավագույն վկայությունն են, թե ինչպիսի «մարդասիրություն» է դրսեւորում Ադրբեջանն իր՝ ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ, եւ ինչպիսին կարող է լինել արցախցու ճակատագիրը, եթե նա համաձայնի դառնալ Ադրբեջանի քաղաքացի:
1988 թ. փետրվարի 26-ին Սումգայիթում տեղի ունեցավ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության քաղաքային կոմիտեի կողմից կազմակերպված հանրահավաք: Ելույթ ունեցողները կոչ էին անում պատժել հայերին եւ պահանջում խիստ միջոցներ ձեռնարկել՝ «սպանել ու վտարել նրանց Սումգայիթից եւ, առհասարակ, Ադրբեջանից»: Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էր «մա՛հ հայերին» կոչը: Հետեւանքը եղան բազմաթիվ հայերի սպանություններն ամենավայրենի մեթոդներով, բռնությունները եւ ստորացումները նրանց հանդեպ, հայերի ունեզրկումն ու տեղահանումը եւ… Ադրբեջանի «մարդասիրությունն» իր քաղաքացիների նկատմամբ (ավելի մանրամասն տես՝ http://www.nkr.am/hy/armenian-pogroms)…
1990 թ. հունվարի 11-ին Բաքվում Ադրբեջանի ազգային ճակատի կազմակերպած հանրահավաքի ընթացքում Բաքվից հայերի վտարման եւ դեպի Լեռնային Ղարաբաղ զինված արշավի կոչեր հնչեցին… Հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված եւ համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50 հազարանոց ամբոխը վանկարկում էր «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները: Հետեւանքը նույնն էր՝ բազմաթիվ հայերի սպանություններ ամենավայրենի մեթոդներով, բռնություններն եւ ստորացումները նրանց հանդեպ, հայերի ունեզրկումն ու տեղահանումը եւ… Ադրբեջանի «մարդասիրությունն» իր քաղաքացիների նկատմամբ (ավելի մանրամասն տես՝ http://www.nkr.am/hy/armenian-pogroms)…
2022 թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհրդի ղեկավարների հետ Պրահայում նախատեսված հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե՝ «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, եւ մենք կորոշենք՝ երբ եւ ինչպես նրանց հետ խոսել»: «Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա»,- հավելեց նա (ավելի մանրամասն տես՝ https://www.azatutyun.am/a/32069319.html)։ Հետեւանքը Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան 50 օր շարունակվող շրջափակումն է, Արցախի բնակչության հանդեպ հումանիտար ոտնձգությունը, հումանիտար ճգնաժամն Արցախում՝ դրա բոլոր անմարդկային հետեւանքներով…
2023 թ. հունվարի 11-ին՝ Բաքվի հայկական կոտորածի մեկնարկի 33-րդ տարելիցի օրը, նույն անձը վերահաստատեց նույն տեքստը եւ, ըստ էության, Ադրբեջանի պետական քաղաքականությունը. «Ով չի ցանկանում մեր քաղաքացին լինել, [Լաչինի] ճանապարհը փակ չէ, բաց է» (ավելի մանրամասն տես՝ https://www.azatutyun.am/a/32217680.html)…
Ադրբեջանական, այդ թվում՝ այդ երկրի նախագահի «հումանիզմի» շարքն ամբողջական չէ, շարք, որի ամբողջական տարբերակում ներառված են տարբեր տրամաչափի պետական, ռազմական ու քաղաքական գործիչներ, նրանց գործիքներ, որոնց թվում են նաեւ Լաչինի միջանցքը շրջափակած կեղծ բնապահպանները: Այդ շարքում հայտնվելու հավակնություններ են դրսեւորում նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության՝ Հաագայի դատարանում ադրբեջանական «հումանիզմի» մասին ձոն երգողները՝ սպիտակ կեղծամով եւ առանց դրա:
Իսկ Արցախը պայքարում է, պայքարում է հանուն այն նպատակի, որին մեկ անգամ արդեն հասել է, պայքարում է հանուն առանց ադրբեջանական «հումանիզմի» ազատ ապրելու…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ