Ինչո՞ւ են լոռեցիք այդքան բանաստեղծական: Հավանաբար, այն պատճառով, որ նրանց բոլորի «կնունքին էլ երկինքն է եղել ժամը, արեւը` սրբազան ջահը, ծիածանը նարոտ է կապել, սարը եղել է կնքահայրը, իսկ ցողը` կենսավետ մյուռոնը»: Ֆրունզիկ Կիրակոսյանը ծնվել է Ալավերդիում 1943 թ. փետրվարի 5-ին` ծագումով շամուտեցի Ասատուր Կիրակոսյանի ընտանիքում: Հայրը եւ մայրը` Վարդուհի Վանեսյանը, գյուղատնտեսներ էին, եւ աշխատանքի բերումով էլ ընտանիքը տեղափոխվում է Լորուտ, երբ Ֆրունզիկը 4-5 տարեկան էր: Նա մինչեւ 3-րդ դասարան սովորել է Լորուտի դպրոցում, այնուհետեւ ընտանիքի հետ տեղափոխվել հայրենի (ինքը մի քանի անգամ ընդգծել է) Շամուտ, որտեղ էլ ավարտել է 7-ամյա դպրոցը եւ ուսումը կրկին շարունակել Լորուտի դպրոցում: Բարձր դասարանում սովորելու տարիները կարծես կանխորոշեցին նրա կյանքի ուղին: Բարի հուշերով էր կապված իր ուսուցչի` երջանկահիշատակ Կառլեն Մելիքյանի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոսի հետ: Նա էր, որ քաջալերում էր ստեղծագործող Ֆրունզիկին ու հաճախ անձամբ ուղեկցում նրան Ալավերդու գրական ստուդիայի պարապմունքներին:
«Մարդկային հոգու, մարդկային կյանքի նորովի բացահայտումներ, մեր ապրած ժամանակի դառնությունների մեջ բանաստեղծականը գտնելու եւ գեղարվեստի, պոեզիայի լեզվով արտահայտելու ձգտում. ահա թե ինչով էր առանձնանում Ֆրունզիկ Կիրակոսյանը դեռեւս պատանեկան տարիներին, երբ գալիս էր գրական ստուդիա»: Այսպես է ժամանակին բնութագրել Ֆրունզիկ Կիրակոսյանին ստուդիայի ղեկավար Ալբերտ Փարսադանյանն: Կարծիք, որ հետո պիտի կրկներ բանասեր-մանկավարժ Լեյլի Կարապետյանը իր նախկին համակուրսեցու մասին ու ավելացներ. «Մեզանից մեծ էր տարիքով, թվում էր` ինքնամփոփ էր, բայց երբ հարկ էր լինում, բացվում էր խորիմաստ մտքով, լոռեցուն հատուկ պարզությամբ, ինքնատիպ մտածողությամբ ու թարմ պատկերավորմամբ»:
Ֆրունզիկ Կիրակոսյանը համալսարանի բանասիրական էր ընդունվել 1963 թ., 4-րդ փորձից: Իսկ այդ 4 տարիներին, իրոք, ինքնադաստիարակման եւ փորձառության դասեր էր առել, որից երկուսը անցկացրել էր Լորուտի դպրոցում` որպես ավագ ջոկատավար, իսկ մնացյալը «Պղնձի ֆրոնտում» թերթում: Թերթի հետ Ֆրունզիկ Կիրակոսյանի բարեկամությունն ավելի վաղ էր սկսվել: Դեռ դպրոցական տարիներից նրա բանաստեղծությունները կան թերթի էջերում, հետո դրանց գումարվել են «Պղնձի ֆրոնտում»-ի «Կոմերիտական կյանք» բաժնի արտահաստիքային վարիչի ստորագրությունը, նաեւ լրագրող է եղել:
Ֆրունզիկ Կիրակոսյանը լավատես է եղել մանկուց, հակառակ դեպքում պատերազմի ամենամոլեգին պահին լույս աշխարհ եկած եւ դեռ օրորոցային տարիքում օրը կորցրած պատանին 1962 թ. սեպտեմբերին «Պղնձի ֆրոնտում»-ի էջերում չէր գրի.
Ինչ լավ է, երբ լուսավոր
Քո հարազատ տանն ես…
Կամ թե նույն տարում իր մի ուրիշ բանաստեղծություն չէր վերնագրի «Հարուստ եմ»:
Ֆրունզիկ Կիրակոսյանն իր ձորի թերթին մնաց բարեկամ, երբ սովորում էր համալսարանում կամ թե ծառայում բանակում` 1964-67 թթ. հեռավոր Բալաշովում (Սարատովի մարզ) եւ Էմբայում (Ղազախստան), նաեւ` հետագայում:
1970 թ. ավարտել է համալսարանը: Թեեւ սովորել էր բանասիրական ֆակուլտետի ժողովրդական տնտեսության ճյուղում ու հենց այդ պատճառով էլ զրկվել բանակի տարկետման իրավունքից, այնուամենայնիվ, աշխատանքի ուղին սկսեց մանկավարժությամբ: 1970-71 թթ. ուսուցչություն արեց ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջանի Հին Բաշքենդ (Արծվաշեն) գյուղում ու սրտի ցավով է հիշում այդ տարիները, քանզի Արծվաշենը բռնագրավված է ադրբեջանցիների կողմից:
Անկախության համար հայերի մղած պայքարի վսեմ խորհրդի հետ` նաեւ այդ կորստի ցավի ճիչն ու զայրութն է եղել ներշնչանքը, որ Ֆրունզիկ Կիրակոսյանը ձոնի ու 2006 թ. հրատարակի «ՄԻ՜-Ա՜-ՑՈ՜ՒՄ» պոեմը:
…1972 թ. Ֆրունզիկ Կիրակոսյանը աշխատանքի է անցել հանրային ռադիոյում` սեփական թղթակից: Բնակվում էր Դիլիջանում եւ ներկայացնում Սեւանի ավազանի շրջանները: 1983 թ. տեղափոխվել է Երեւան` որպես ռադիոյի գրական հաղորդումների խմբագիր եւ աշխատել է ավելի քան երկու տասնամյակ` մինչեւ կենսաթոշակի անցնելը:
1992-ին «Նաիրի» հրատարակչությունը տպագրել է Ֆրունզիկ Կիրակոսյանի «Տխուր երգեր ուրախ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն: Դա հեղինակի 2-րդ գիրքն էր: Նա այդ տարում արդեն հիմնադրել էր «Մեհյան» հրատարակչությունը, իսկ նրա խմբագրած նույնանուն շաբաթաթերթն արդեն մեծ տարածում էր գտել: Ֆրունզիկ Կիրակոսյանը, սկսած 1999-ից, երկու տարի եղել է «Գրական թերթի» բաժնի վարիչ, իսկ 2001-ից աշխատակցել է «Նոր դար» ամսագրին: Գրողների միության անդամ էր 1995-ից (երբ արդեն հայտնի էր եւ՛ որպես բանաստեղծ, եւ՛ որպես թարգմանիչ): 2003 թ. իր բանաստեղծ ընկերոջ` Արմեն Մարտիրոսյանի հետ հիմնել է «Գրական հանդիպումներ» հիմնադրամը, որի ակտիվ մեկնարկը եւ մի քանի տարվա լուսավոր ուղին ընդհատվեց ֆինանսական ճգնաժամով: «Լռության մթնշաղ», «Իրիկնատեսիլ», «Բիբլիական տեսիլներ». ահա բանաստեղծական ժողովածուների ոչ լրիվ ցանկը, որ մեկը մյուսի հետեւից հրատարակել է բանաստեղծը: Նա թարգմանել է եւ հայ ընթերցողին հասու դարձրել Խուլիո Կորտասարի հրաշալի պատմվածքները, Սեդա Վերմիշեւայի բանաստեղծությունները, Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» վեպը եւ էլի ուրիշ գործեր: 2007 թ. «Համաշխարհային պոեզիա» շարքով տպագրել է Պուշկինի, Լերմոնտովի, Լորկայի, Բյորնսի աշխատանքները: Հենց նա է ընտրել այդ շարքով հրատարակված անմահ Չարենցի գործերը:
Ֆրունզիկ Կիրակոսյանի կյանքը ստեղծագործական ոգու դրսեւորման օրինակ է: Նրա բանաստեղծական աշխարհում, անգամ թարգմանության համար ընտրված գործերում, երեկ ու այսօր նույնն է ասելիքը: Նա հավատարիմ էր իր սկզբունքներին, որոնց հիմքը բանաստեղծական խոսք դարձած ավետարանական իմաստնություններից մեկն է.
Ով մեղք չունի` թող նա քարը
առաջինը նետի վրաս…
…Ներման եւ զղջումի անհրաժեշտություն Ֆրունզիկ Կիրակոսյան բանաստեղծը, թարգմանիչը, մարդ-քաղաքացին իր արմատների նման զտարյուն լոռեցին չուներ: Նա դափնիների էլ չէր սպասում: Քանզի ինքն էր ձեւավորել իր կյանքի դափնեծառը, հեքիաթի նման երկարակյաց ու հաղթական:
2012 թ. նա իր մահով անգամ հաղթեց մահին: Մահվան աղոթքով ապրեց 69 տարի: Ապրեց այրվող մոմի պես թափանցիկ, մոմի պես խաղաղ, մոմի պես լուսավոր, ճիշտ իր ստեղծած պոեզիայի նման: Հետո հավերժին պահ տալով «Կարոտի ուրվականը»՝ շարունակեց ապրել մահվան աղոթքի պես…
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ