Աշխարհում ընթացող գործընթացների հետեւանքով բավական լուրջ մարտահրավերների առջեւ են կանգնած նաեւ առանձին երկրներ, այդ թվում՝ գերտերությունները։ Հայտնի է, որ ներքին մարտահրավերները հաղթահարելու համար լավագույն տարբերակներից մեկն արտաքին թշնամու կամ հակառակորդի ընտրությունն ու նրան հաղթելն է։ Չինաստանի տնտեսական հզորությանը հակազդելը միակ խնդիրը չէ, որն այս պահին առաջնային է ԱՄՆ-ի համար։ Պենտագոնի տվյալներով` ներկայումս Չինաստանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ցամաքային եւ շարժական արձակման կայանների թիվը գերազանցում է Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նաեւ տեղեկություն ունի, որ Չինաստանը կառուցում է երեք սիլոս, որոնք նախատեսված են առնվազն 300 առաջադեմ կոշտ վառելիքային բալիստիկ հրթիռների համար: Ինչպես գրում է «The Wall Street Journal»-ը, Վաշինգտոնի ռազմական վերլուծաբանները վստահ են, որ տասնամյակի վերջին Չինաստանը կարող է իր մարտագլխիկների թիվը հասցնել հազարի։ Նման զարգացումների արդյունքում մինչեւ 2030 թ. պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ն կկանգնի մի իրավիճակի առջեւ, երբ ստիպված կլինի մրցակցել ոչ թե մեկ, այլ միաժամանակ երկու միջուկային տերությունների հետ։
Չինաստանի միջուկային զինանոցը զսպելու մարտահրավերն առավել առարկայական դարձավ, երբ օրեր առաջ չինական հսկողության օդապարիկը հատեց ԱՄՆ-ի սահմանը եւ սավառնեց Մոնտանայի վրայով, որտեղ տեղակայված է ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների զինանոցի մի մասը: Չինաստանի եւ ԱՄՆ-ի ազգային պաշտպանության վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովի` նախօրեին տեղի ունեցած լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ եւ Ալաբամա նահանգի հանրապետական պատգամավոր Մայք Ռոջերսը մտահոգություն է հայտնել, որ Չինաստանի ռազմական ներուժը սկսում է հավասարվել ամերիկյանին։ Նա միաժամանակ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրով սահմանված հեռահար ուժերի սահմանափակումները (հայտնի է որպես «New Start») արգելում են ԱՄՆ-ին կառուցել իր զինանոցը Ռուսաստանին եւ Չինաստանին զսպելու համար: Այդ համաձայնագիրը, որին Չինաստանը չի մասնակցում, գործելու է մինչեւ 2026 թ.: Սպառազինությունների վերահսկման կողմնակիցներն ասում են, որ Չինաստանի եւ Ռուսաստանի միջուկային ուժերին գերազանցելու փոխարեն ԱՄՆ-ն ավելին կշահի, եթե փորձի պահպանել Ռուսաստանի հետ պայմանագրային սահմանափակումները` միաժամանակ Պեկինին ներքաշելով միջուկային զենքի վերահսկման քննարկման մեջ: Պենտագոնի` անցած տարի հրապարակած զեկույցում նշվում է, որ Չինաստանը մերժել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունները եւ պատրաստվում է մինչեւ 2035 թ. մոտ 1500 միջուկային մարտագլխիկ տեղակայել՝ 2021-ին եղած 400-ից ավելի օպերատիվ պաշարների փոխարեն։
ԱՄՆ-ի համար սպառազինությունների վերահսկողության պայմանագրի պահպանումն ու տարածումը Չինաստանի վրա կարեւոր են նրանով, որ դա թույլ կտա խուսափել հավանական հակամարտությունը միջուկային դարձնելուց։ Միացյալ Նահանգների համար այդ մարտահրավերի պատասխանը կարող են լինել Չինաստանի շուրջ երկրի ռազմական ներկայության ընդլայնումն ու ամերիկյան դաշնակիցների միջուկային ներուժի զարգացումը։ Մասնավորապես` ճապոնական Օկինավա կղզում առաջիկա տարվա ընթացքում կտեղակայվի ծովային հետեւակի կորպուսի արագ արձագանքման ստորաբաժանում, որի խնդիրները կարող են ներառել հրթիռային հարվածներ չինական նավատորմի դեմ Հարավչինական ծովում թեժ հակամարտության դեպքում: Նշենք, որ Ճապոնիան ընդլայնում է սեփական հնարավորությունները Ռյուկյու կղզիներում: Դրանով ԱՄՆ-ն եւ Ճապոնիան բավականին բարենպաստ դիրքում կլինեն Չինաստանի դեմ գործելու դեպքում։ Նմանատիպ նպատակ է դրված Ֆիլիպիններում ստեղծվող ամերիկյան ռազմակայանների համար։ «Bloomberg»-ի փոխանցմամբ` Ֆիլիպինների հետ համաձայնագրի իրականացման շնորհիվ ԱՄՆ-ի ռազմական ուժերը կկարողանան պարբերաբար մուտք գործել Ֆիլիպինների հինգ ռազմական օբյեկտներ: Անցյալ շաբաթ Մանիլան եւ Վաշինգտոնն ընդլայնել են գործարքը՝ ներառելով չորս նոր տեղամասեր, որոնցից մի քանիսը, հավանաբար, կլինեն հյուսիսային Լուզոն կղզում, որը բավական մոտ է Թայվանին: «South China Morning Post»-ը երեկ հայտնել էր, որ Թայվանի Չժոնշանի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտը թեւավոր հրթիռ է արձակել մինչեւ 1200 կիլոմետր հեռահարությամբ՝ Արեւելյան Չինաստանի քաղաքներից հեռավորության վրա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 8-ին Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի առջեւ ամենամյա ելույթի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տրամադրված է Չինաստանի հետ մտնել ոչ թե հակամարտության, այլ մրցակցային պայքարի մեջ։ Նման խոսքերը ենթադրում են, որ երկու երկրների միջեւ հակասությունները չեն ենթադրելու ռազմական բախում։ Սակայն որոշ ամերիկացի գեներալներ վստահ են, որ Խաղաղ օվկիանոսում մեծ հակամարտություն կսկսվի 2025 թ.։ Մինչդեռ կենտրոնական հետախուզական վարչության հաշվարկներով` պատերազմը կարող է սկսվել 2027 թ.: Վերջին շրջանում Վաշինգտոնը բարձրաձայնում է միջուկային զենքը Հարավային Կորեա վերադարձնելու հնարավորության մասին։ Դիտարկվում է նաեւ Թայվանի ճգնաժամի մեջ ներգրավվելու տեսական հնարավորությունը։ Ի դեպ, այս տարվա գարնանը նախատեսվում է ամերիկյան Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության այցը Թայվան, որը կգլխավորի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մաքքոլը։ «Bloomberg»-ի տվյալներով՝ պատվիրակությունը կմեկնի կղզի՝ չնայած Վաշինգտոնի ու Պեկինի հարաբերությունների սրմանը չինական օդապարիկի հետ կապված միջադեպից հետո։ Մաքքոլի կարծիքով՝ նման այցը Չինաստանին զսպելու միջոց կլինի։
Եթե երկու երկրների միջեւ տնտեսական, ռազմական եւ գաղափարական մրցակությունը դուրս գա վերահսկողությունից, ապա հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կդառնա գլխավոր թեժ կետերից մեկը։