1988-ի փետրվարի 13-ը ստեփանակերտցիների հիշողության մեջ մնում է որպես իր նախադեպը չունեցող մի այնպիսի բացառիկ իրադարձություն, որը ճակատագրական դարձավ արցախահայության համար` դառնալով ազգային-ազատագրական շարժման մնայուն էջերից մեկը։ Փորձենք 35 տարով մտովի «շրջվել» ու հիշել որոշ մանրամասներ…
Այն ժամանակ, երբ ԼՂԻՄ-ի բնակավայրերի աշխատանքային կոլեկտիվներում ժողովներ էին տեղի ունենում ու վճիռներ կայացվում մարզը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու վերաբերյալ, եւ այդ գործընթացը լիովին շրջկենտրոններ ու Ստեփանակերտ էր տեղափոխվել, Ադրբեջանի կոմկուսի բյուրոյի անդամները` երկրորդ քարտուղար Վ. Կանավալովի գլխավորությամբ, ապարդյուն ջանքեր էին գործադրում՝ տապալելու նստաշրջանի հրավիրումը։ Սակայն հուսահատ լքելով կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի նիստերի դահլիճը, որտեղ ելույթ ունեցողներն իրար հերթ չէին տալիս` խստորեն քննադատելով հայերի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության կողմից վարվող բացահայտ թշնամական քաղաքականությունը, Վ. Կանավալովն ստիպված էր մարզկոմ շտապել ու իր մեջ կուտակված ողջ մաղձը թափել «գլխավոր մեղավորի»` Բ. Կեւորկովի վրա, որը «վճռորոշ պահին իրադարձությունների զարգացումը չի կարողացել կանխել, ու անկառավարելի վիճակ է ստեղծվել մարզում»։
Մինչ կուսակցության մարզկոմի շենքում քննարկվում էին «ելքից դուրս գալու» հնարավորություններն ու շարժումը գլխատելու վերաբերյալ ծրագրեր մշակում, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի եւ գյուղատնտեսական տեխնիկումի ուսանողները բազմամարդ ցույց էին կազմակերպել ու Կիրովի պողոտայով խրոխտ քայլերով դեպի վերեւ էին շարժվում… Քիչ հետո զբաղեցնելով Լենինի հրապարակը՝ նրանք վեր պարզեցին ԽՍՀՄ ղեկավարների մեծադիր նկարները, ինչպես նաեւ «Ղարաբաղցիները հավատում են Մ. Գորբաչովի հռչակած վերակառուցման կուրսին», «ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամությունն անսասան է», «Արցախը պատմական Հայաստանի հատվածն է», «Անարդարությունը պետք է վերանայվի» ու նման այլ բովանդակությամբ կարգախոսներով պաստառներ։ Կուսմարզկոմի պատուհաններից հանրահավաքի մասնակիցներին հառած՝ Բաքվի էմիսարների թունավոր, սպառնացող հայացքներն անուժ էին կանխելու մարդկանց աննախադեպ խիզախումը, մանավանդ որ նրանք խրոխտ ու համերաշխ վանկարկում էին` «Լենին, Պարտիա, Գորբաչով»…
Այդ պահն այնքան տպավորիչ էր, ցնցող, որ հրապարակով անցնող յուրաքանչյուր անձնավորություն, թեկուզեւ հետաքրքրությունից դրդված, ստիպված էր միանալ հանրահավաքի մասնակիցներին։ Նրանց իրենց «համերաշխությունը» հայտնեցին նաեւ հրապարակի հարեւանությամբ գտնվող «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության աշխատակիցները՝ ողջունելով ուսանողների այդ համարձակ, հիրավի, հերոսական ձեռնարկումը (ուշագրավ է, որ հետագայում թերթի գրականության եւ արվեստի բաժնի վարիչ, մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի աշխատասենյակը յուրահատուկ շտաբի է վերածվել` ստանալով «Սմոլնի» խորհրդանշական անվանումը)։
Քիչ հետո, երբ անտեսելով իրենց սպառնացող վտանգը՝ հարթակ բարձրացան եւ խիզախ ելույթներ ունեցան ինստիտուտի դասախոս Գրիշա Աֆանասյանն ու ժողովրդական դերասան Բենիկ Օվչյանը (շուտով նրանց միացան կոմերիտմարզկոմի բաժնի վարիչ Արկադի Կարապետյանը, ուսանող Սերգեյ Շահվերդյանը եւ ուրիշներ), հրապարակն ավելի մարդաշատ դարձավ, եւ, իրենց կողքին շարունակ ունենալով նոր համակիրներ՝ հանրահավաքի մասնակիցները զգացին այն մեծ պատասխանատվությունը, որ ստանձնել էին իբրեւ «նախերգանք» համընդհանուր պայքարի ճանապարհին։
Ստեփանակերտցիներին զարմացրել էր քաղաքի կենտրոնական փողոցով դեպի հրապարակ շարժվող ուսանողության երթը, ինչը խորհրդային տարիներին անհավանական երեւույթ կարող էր թվալ։ Մարդկանց ուշադրությունից չէին վրիպոււմ հանրահավաքի կազմակերպիչների ձեռնարկումները, որոնք մտահոգված էին միջոցառման անփորձանք ու խաղաղ ելքով։ Լուսահոգի Գուրգեն Գաբրիելյանը, նկատելով երթի առջեւից ինքնավստահ քայլող փոքրամարմին պատանուն (խոսքը ուսանող Սերգեյ Շահվերդյանի մասին է), որն իր հայրենաշունչ խոսքերով քաջալերում էր ընկերներին, տպավորված նրա խիզախ պահվածքով ու սթափ մտածողությամբ, ասաց. «Ավագներս հպարտ պիտի լինենք, որ գլխավորապես այսօրվա սերնդին է վիճակված տեր կանգնելու իրենց պապերի ժառանգությանը եւ տնօրինելու Արցախի ճակատագիրը»…
«Շարժման վերաբերյալ մեր գաղափարները կիսում էին շատերը, սակայն ես հատկապես կցանկանայի ընդգծել բանասիրական ֆակուլտետի դասախոս Լենա Գրիգորյանի եւ ուսանողության տարիների իմ լավագույն ընկերոջ` Հակոբ Խաչատրյանի անունները, որոնց դերն անուրանալի է հանրահավաքի կազմակերպման գործում,- ասում է Սերգեյ Շահվերդյանը` չնսեմացնելով նախաձեռնող մյուս անդամների ակտիվ մասնակցությունը։- Բոլորն էլ գրեթե անվրեպ էին գործում, ոչ մի սադրանքի չենթարկվեցին եւ, խաղաղ երթից հետո անաղմուկ ցրվելով, երբեք իրավապահ մարմիններին միջամտելու առիթ չտվին։ Թույլ չտրվեց, որ որեւէ մեկն անպարկեշտ քայլ կատարի եւ նսեմացնի օրվա խորհուրդը…»:
Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ փետրվարի 13-ը, իբրեւ նախադեպ, որոշակի ազդեցություն է ունեցել մարդկանց համախմբելու, Արցախի վաղվա օրվա նկատմամբ նրանց լավատեսորեն տրամադրելու խնդրում` իր տեսակի մեջ դառնալով առաջին ծիծեռնակը։ Սակայն, իր համոզմամբ, Արցախյան շարժումն ավելի վաղ փուլ է ունեցել, որը դեռեւս 80-ական թվականների սկզբից դրսեւորվել է ընդհատակյա պայքարի ձեւով։ Այնուհետեւ համազգային զարթոնքի հետ կապված գործընթացների եւ իրադարձությունների կտրուկ զարգացումը ժողովրդին հնարավորություն ընձեռեց հրապարակայնորեն իր արդարացի պահանջը ներկայացնել` Մոսկվային հասցեագրված նամակներով ու հեռագրերով, ստորագրահավաքներով, բազմամարդ խաղաղ ցույցերով ու հանրահավաքներով, որոնց, ի վերջո, հաջորդեց ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը…
«Սկզբնական շրջանում, բնականաբար, շատերին թվում էր, թե ղարաբաղյան հարցը կարող է լուծվել քաղաքական պայքարի միջոցով՝ մոռանալով մեր պապերի այն իմաստուն խոսքը, թե հողը միայն արյամբ է ազատագրվում ու պահպանվում,- նշում է Սերգեյը։- Հաշվի առնելով այն իրողությունը, թե ովքեր են մեր հարեւանները, նրանք խորհուրդ էին տալիս, որ երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար միշտ պատրաստ պիտի լինել դիմադրելու թշնամուն, եւ անպայմանորեն զինվել է պետք։ Եվ շուտով ինքներս դրանում համոզվեցինք։ Իբրեւ մեր խաղաղ ցույցերի ու հանրահավաքների «պատասխան»՝ Ադրբեջանի իշխանություններն արցախահայության դեմ պատերազմ սանձազերծեցին՝ նպատակ ունենալով բռնի տեղահանել եւ սպանդի ենթարկել բնակչությանը (ի դեպ, հայերի հետ հաշվեհարդար տեսնելու մասին ինստիտուտի ադրբեջանցի ուսանողներից շշուկներ էինք լսում դեռ 88-ի փետրվարի կեսերին, առանց կասկածելու, թե ազերիների առաջին զոհը կարող է դառնալ Սումգայիթի հայ բնակչությունը)։ Փետրվարի 13-ի հանրահավաքից հետո, երբ հաջորդ օրը հայտնվեցինք ինստիտուտում, անմիջապես զգացինք, որ ադրբեջանցի ուսանողներն ու դասախոսները լրջորեն մտահոգված են եւ մեզ, բնականաբար, ընդգծված թշնամական հայացքով են նայում…»:
Գաղտնիք չէ, որ հայերի փետրվարյան առաջին հանրահավաքն անմիջապես արձագանք էր գտել Բաքվում ու հանրապետության մյուս բնակավայրերում, եւ ադրբեջանցիները, ըստ էության, համարժեք քայլեր էին փորձում ձեռնարկել։ «Փետրվարի 13-ի երեկոյան տեղեկություններ ստացանք, որ հաջորդ օրն աղդամցիներն իրենց վրդովմունքն արտահայտելու համար 30 հազարանոց ցույց են ուզում կազմակերպել Ստեփանակերտում,- պատմում է Ս. Շահվերդյանը։- Եվ անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու, վտանգը կանխելու նպատակով՝ մենք հեռագրեր հղեցինք Մոսկվա ու Երեւան։ Նպատակահարմար չգտանք նաեւ փետրվարի 14-ին ժողովրդին հրապարակ դուրս բերել ու նորից հանրահավաք կազմակերպել: Բարեբախտաբար, աղդամցիներն այդպես էլ չհամարձակվեցին Ստեփանակերտ մտնել։ Մինչդեռ հաջորդ օրվանից Լենինի անունը կրող հրապարակը գրեթե մշտական հավաքատեղի դարձավ ժողովրդի համար»…
Ապա Սերգեյ Շահվերդյանը հիշեց, թե սումգայիթյան ողբերգությունից հետո, երբ սգի մեջ էր ողջ արցախահայությունը, ադրբեջանական բաժանմունքի ուսանողներն ու դասախոսներն ինչպիսի երկյուղով էին ինստիտուտ մտնում եւ իրենց հատուկ շողոքորթությամբ, անամոթաբար կարեկցանքի խոսքեր ասում (իբր տեսեք` «սիրտը ցավում է» մեզ համար)։ Շատ չանցած, օգտվելով հայերի բարությունից, նրանք իրենց այնպես անկաշկանդ ու արտոնյալ զգացին, որ մինչեւ իսկ մոռացել էին, թե Սումգայիթում ինչ է տեղի ունեցել։ Իսկ, երբ դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի զոհերի համար ամբողջ աշխարհն էր վշտացած, յուրովի արձագանքելով Բաքվում եւ Ադրբեջանի մյուս բնակավայրերում խրախճանքի մեջ գտնվող իրենց «հայրենակիցներին»՝ ազերի ուսանող աղջիկները լկտիաբար իրենց գլխին կարմիր ժապավեններ էին կրում…
«Արժանապատվությունից դրդված՝ մենք ստիպված էինք նրանց հասկացնել, որ թշնամական ցանկացած քայլ այլեւս չենք հանդուրժելու։ Ըստ երեւույթին՝ նախապես տեղեկացված լինելով Բաքվում հայերի դեմ կազմակերպվող զանգվածային ջարդերին՝ նրանք դեպքերից առաջ խորամանկորեն ճողոպրել էին Ստեփանակերտից` հավանաբար, գիտակցելով որ իրենց հանցանքը կարող է անհետեւանք չմնալ,- եզրակացնում է Ս. Շահվերդյանը։- Բայց մենք առավել մտահոգիչ խնդիրներ ունեինք, եւ հակառակորդին դիմակայելու համար ծրագրել, հստակեցնել էր պետք մեր անելիքները»։
Մարզի բնակչությանը նոր փորձություններ եւ դժվարություններ էին սպասում։ Արցախի վրա սեւ ամպեր էին կուտակվել, ու երկար ժամանակ նրանք կարծես թե նահանջելու մտադրություն չունեին…