35 տարի առաջ Արցախում սկսվեց ազգային ազատագրական պայքար, որը կոչում ենք Արցախյան շարժում։ Խորհրդային կարգերի հիմնադրման սկզբից բոլշեւիկյան իշխանությունները Լենինի, Ստալինի եւ այլ գործիչների հետ ակնհայտորեն դրսեւորեցին թուրքամետ քաղաքականություն, եւ Արցախը, որտեղ մեծամասնությունը հայեր էին, որը հազարավոր տարիներ առաջ եղել է Մեծ Հայքի նահանգներից մեկը, հանձնվեց Ադրբեջան կոչվող նորաստեղծ թուրք-թաթարական մի հանրապետության։ Գրեթե 70 տարի Արցախը մնաց Ադրբեջանի տիրապետության տակ, եւ արցախցիները մշտապես պայքարում էին, որ միավորվեն մայր հայրենիքի հետ։
1988-ին ստեղծվեց հնարավորություն՝ հաշվի առնելով գորբաչովյան վերակառուցումը։ Սկզբում Արցախում, այնուհետեւ Երեւանում մեր ժողովուրդը ոտքի ելավ ու «ՄԻԱՑՈՒՄ» էր կանչում՝ հավատալով Գորբաչովին, որ նրա ղեկավարությամբ գործող խորհրդային իշխանություններն այս անգամ կիրագործեն արդար լուծում։ Սակայն պարզվեց՝ ոչինչ չի փոխվել, եւ եղան սումգայիթյան ջարդեր, այլ արհավիրքներ։ Մենք ստիպված էինք արդեն պատերազմել, ինչն էլ բերեց փառապանծ հաղթանակ։ 35 տարի առաջ տեղի ունեցած հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ այլ գործողությունների մասին պատմող լուսանկարների ցուցահանդես բացվեց «Դիզակ ԱՐՏ» մշակութային երիտասարդական կենտրոնում (ՄԵԿ), որը գործում է 2021 թ. մարտի 1-ից Երեւանում։ Ներկայացված են լուսանկարներ Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի արխիվից, որն, ինչպես գիտենք, գերության մեջ է, եւ պահպանվել են էլեկտրոնային տարբերակները: Կան նաեւ գործեր ժամանակին տեղի ունեցած իրադարձությունները վավերագրող արցախցի լուսանկարիչներ Աշոտ Երամիշյանի, Վալերի Պետրոսյանի եւ Զոհրաբ Ըռքոյանի անձնական արխիվներից։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, տեղահանված հադրութցիներ, քաշաթաղցիներ, հյուրեր։ «Դիզակ ԱՐՏ»-ի համահիմնադիր, Հադրութի շրջվարչակազմի «Դիզակ» պաշտոնաթերթի խմբագիր Լիաննա Պետրոսյանը, բացելով ցուցահանդեսը, անդրադարձավ Արցախյան շարժման պատմությանը. «1988 թ. Արցախի պատմության համար եղավ շրջադարձային։ Արցախահայությունը բարձրացրեց իր ձայնը՝ ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների։ Պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձեւերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց»։ Շարժումը շուտ դադարեցնելու նպատակով խորհրդային կենտրոնական եւ Բաքվի իշխանությունների կողմից ձեռնարկվեցին միջոցառումներ։ Այսպես՝ 1988 թ. փետրվարի 11-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել մարզկոմի բյուրոյի նիստ, որտեղ որոշվել է հաջորդ օրը ԼՂԻՄ շրջաններում եւ Ստեփանակերտում անցկացնել հանդիպումներ բնակչության եւ կուսակցական ակտիվների հետ, դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձությունները։ Սակայն հաջորդ օրը՝ փետրվարի 12-ին, Հադրութում նախատեսված հանդիպումը վերածվել է հանրահավաքի։ Այնուհետեւ հանրահավաքներ, ցույցեր են սկսվել մնացած շրջաններում ու մարզկենտրոնում։
Այդ օրերի մասին հուշեր պատմեցին Միքայել Վիրաբյանը, ով ցավ արտահայտեց, որ այսօր ունենք նման իրավիճակ, հադրութցի շարժման առաջամարտիկներ Գրիշա Հայրապետյանը, Մարինա Կապրիելյանը, Լեւոն Հայրիյանը, իրադարձությունների ականատես Երմոնյա Զաքարյանը։ Բոլորն էլ տեղեկացրին, որ այդ օրերին մեծ աշխատանք է տարվել, հատկապես պետք էր աշխատել բնակչության հետ։ Բանախոսները հատկապես կարեւորեցին Իգոր Մուրադյանի դերը, որ կանգնած էր շարժման ակունքներում եւ մինչեւ վերջ մնաց իր գաղափարի կրողը։ Մեծ էր Արթուր Մկրտչյանի դերը, ով իր նվիրման զոհը դարձավ։ Հայրենասեր նվիրյալներից էր երջանկահիշատակ Էմիլ Աբրահամյանը, ով նույնպես մշտապես աշխատում էր բնակչության շրջանում։ Լեւոն Հայրիյանն ասաց՝ դեռեւս 1985-ից էին նույն նվիրյալները նամակ ու հեռագիր հղում Մոսկվա՝ ներկայացնելով իրական վիճակը։
Արցախյան շարժման երեւանյան իրադարձություններին անդրադարձավ ազատամարտիկ, լրագրող, լուսանկարիչ, Քաշաթաղի շրջանի կայացման գործի նվիրյալ Զոհրաբ Ըռքոյանը, ով մինչ օրս խմբագրում է «Մերան» թերթը։ Ելույթներից հետո ներկաները ծանոթացան ցուցադրությանը։
Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ