ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության համար քաղաքական առեւտրի հնարավորություն է բացվել Արեւմուտքի համար։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտոնական այցով երեկ Թուրքիայում էր՝ քննարկելու կազմակերպությանը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հարցը։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի համար կարեւոր է, որ Թուրքիան միաժամանակ վավերացնի երկու երկրների անդամակցության արձանագրությունները. «Երկար ամիսներ ես կոչ եմ արել նրանց միաժամանակ վավերացնել երկու փաստաթղթերը։ Սակայն, ի վերջո, երկու երկրներին միաժամանակ վավերացնելու կամ չվավերացնելու որոշումը մնում է Թուրքիային։ Սա թուրքական որոշում է»: Հիշեցնենք, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թ. մայիսին։ ՆԱՏՕ-ի 28 երկրներ արդեն վավերացրել են անդամակցության փաստաթղթերը, բացառությամբ Թուրքիայի եւ Հունգարիայի: Պաշտպանության նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից հետո Ստոլտենբերգը հայտարարել էր, որ երկու երկրներն էլ կատարել են եռակողմ հուշագրով նախատեսված բոլոր պահանջները, հետեւաբար Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է ՆԱՏՕ-ի անդամ դառնան մինչեւ աշուն։ Խոսքը վերաբերում է 2022 թ. հունիսին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի հետ համատեղ ընդունված փաստաթղթին։
Ստոլտենբերգի այցը տեղի է ունենում Թուրքիայի եւ Շվեդիայի միջեւ ծագած հակամարտության ֆոնին։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի եւ Շվեդիայի միջեւ լարվածություն առաջացավ, երբ հունվարի վերջին ՆԱՏՕ-ի անդամակցության դեմ բողոքի ցույցերից մեկի ժամանակ դանիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Ռասմուս Փալուդանը, ով գլխավորում է հակաիսլամական «Stram Kurs» կուսակցությունը, Թուրքիայի դեսպանատան դիմաց այրեց Ղուրանը։ Թուրքիայի իշխանությունները քննադատել են Շվեդիային եւ հայտարարել ՆԱՏՕ-ի պարտավորությունների խախտման մասին։ Անկարան հայտարարել է, որ պատրաստ են քննարկել Ֆինլանդիայի՝ Շվեդիայից առանձին դաշինքին միանալու դիմումները։ Էրդողանը, փետրվարի սկզբին ելույթ ունենալով իր կուսակցության համագումարում, կտրուկ արձագանքեց այդ միջադեպին, հայտարարելով, թե Շվեդիան ապարդյուն է փորձում, քանի որ դրանից հետո Թուրքիան չի համաձայնի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումին։
Թուրքիան չի հրաժարվում կոշտ դիրքորոշումից։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցություններում կրկնել է, որ Անկարան սպասում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կողմից «ստորագրված հուշագրով դաշինքին միանալու համար ստանձնած պարտավորությունների կատարմանը»։ Ուշադրության է արժանի Թուրքիայի ԱԳ նախարարի այն դիտարկումը, թե Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու «հարցը Անկարայի համար առաջնահերթություն չէ»։ «Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի կողմից ստորագրված եռակողմ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ»,- ասել է Չավուշօղլուն՝ ցույց տալով, որ այլ ուղղություններով ակնկալվող առաջարկություններն ավելի հետաքրքիր են։ Նման հարցերից կարող են լինել, օրինակ, հացահատիկի գործարքը եւ տարածաշրջանային այլ խնդիրներ։
Ստոլտենբերգն իր հերթին նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշինքը համերաշխ է Թուրքիայի հետ, նաեւ տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներում Թուրքիայում աղետի գոտու բնակիչների համար օգնություն հավաքելու արշավներ են անցկացվում, միլիոնավոր եվրոներ են փոխանցվում։ «Սա մեր համերաշխության խորհրդանիշն է»,- ասել է Ստոլտենբերգը։ Իսկ նման «համերաշխության» դրսեւորման կարիք Թուրքիան իսկապես ունի։ Ահռելի ֆինանսական միջոցներ են պահանջվելու աղետի գոտու վերականգնման համար, եւ առանց արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման դա բավականին բարդ կլինի։ Շվեդիային կարելի է համարել Թուրքիային ամենաակտիվ օգնություն ցուցաբերող երկրներից մեկը՝ Ղուրանի այրումը «փոխհատուցելու» համար։
Այսօրվա դրությամբ, ոչ պաշտոնական տվյալներով, շուրջ երկու միլիոն մարդ անտուն է մնացել ձմռան պայմաններում։ Ֆինանսական օգնության մեծ չափաբաժին է ակնկալվում, մինչեւ հիմա Թուրքիան արդյունավետորեն օգտագործում էր իր երկրում հաստատված փախստականների փաստը ԵՄ-ից աջակցություն ստանալու համար։ Անցած տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Եվրամիության հանձնաժողովը պատրաստ է 220 միլիոն եվրո հատկացնել Թուրքիայի արեւելյան սահմանին «իրավիճակի կարգավորման գործընթացը բարելավելու համար»։ Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ հաշվի առնելով հատկացված գումարը, 2022 թ. Թուրքիայի սահմանային հարցերի եւ փախստականների աջակցության ԵՄ օգնության ընդհանուր փաթեթը կկազմի 1.2 միլիարդ եվրո։ Ընդհանուր առմամբ, 2021-2023 թթ. ԵՄ-ն պարտավորվել է լրացուցիչ 3 միլիարդ եվրո հատկացնել Թուրքիայում փախստականներին աջակցելու համար։ Ներկայումս «խաղադրույքը» միանշանակ կմեծանա։
Թե ինչպիսի աջակցություն կամ «փոխշահավետ» փոխզիջում կառաջարկի Ստոլտենբերգը, որը կհալեցնի Թուրքիայի «սառը սիրտը», կերեւա առաջիկայում։ Ի վերջո, ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման երկարաձգումը հստակ խնդիր է դնում ամրապնդելու եւ ընդլայնելու Հյուսիսատլանտյան դաշինքի սահմանները։